Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
18-19. «Եվ ահա Ես այժմ քեզ դարձրի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ այս ամբողջ երկրի վրա՝ Հուդայի թագավորների դեմ, նրա իշխանների դեմ, նրա քահանաների դեմ և այս երկրի ժողովրդի դեմ»։ [18] «Նրանք պիտի պատերազմեն քո դեմ, բայց քեզ չեն հաղթի, որովհետև Ես քեզ հետ եմ, - ասում է Տերը, - քեզ փրկելու համար (Սինոդական թարգ․)
Աստծու օգնությամբ մարգարեն պիտի լինի անպարտելի և անսասան՝ ինչպես հզոր և ամուր քաղաք։ («Երկաթյա սյուն» և «պղնձե պարիսպ» արտահայտությունները բացակայում են Յոթանասնիցում և, ըստ էության, ավելորդ են)։ Մարգարեի դեմ պիտի ելնեն Հուդայի թագավորները, իշխանները կամ քահանաները և հասարակ ժողովուրդը, սակայն Աստված մշտապես պիտի պաշտպանի նրան։
Հատուկ նկատառումներ։ Որոշ քննադատներ (Դում, Շտադե, Գիզեբրեխտ) կասկածի տան են դնում Երեմիայի 1-ին գլխի վավերականությունը։ Սակայն, եթե ուշ շրջանի որևէ հեղինակ ցանկանար փառաբանել Երեմիային, ապա նա, ակնհայտորեն, ավելի շատ կզարդարեր նրա՝ ծառայության կոչվելու պատմությունը։ Ընդ որում այստեղ Երեմիային տրված հայտնության մեջ չկա ոչինչ, որը կմատնանշեր դրա ուշ շրջանի ծագումը։ Ազգերի մեջ Աստծու նախախնամության գործողությունների վերաբերյալ բոլոր մտքերը հայտնի էին նաև Երեմիայի ժամանակներից շատ առաջ։ Իսկ Երեմ. 1:16-ում հրեաների նկատմամբ Աստծու բարկության բացատրությունն լիովին համահունչ է Երեմիա մարգարեի գրքի մյուս հատվածներին (Երեմ․ 2։19-21, 2:23, 2:27, 3։23, 5։7 և այլն)։
--------------------------------
[18] (Էջմիածին թարգ․) Ահաւասիկ ես այսօր կանգնեցրի քեզ ինչպէս ամուր քաղաք, եւ ինչպէս երկաթէ սիւն եւ կամ ինչպէս պղնձէ հզօր պարիսպ՝ ընդդէմ Հրէաստանի բոլոր թագաւորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի:
(Արարատ թարգմ.) Եվ ահա այսօր ես քեզ դարձնում եմ մի ամուր քաղաք, երկաթե սյուն և պղնձե պարիսպ ամբողջ երկրի դեմ, Հուդայի թագավորների և նրա իշխանավորների դեմ, նրա քահանաների և երկրի ժողովրդի դեմ։
(Գրաբար) Բայց ես ահաւադիկ եդի զքեզ այսաւր իբրեւ զքաղաք ամուր. եւ իբրեւ զսիւն երկաթի, եւ իբրեւ զպարիսպ պղնձի ամուր, ամենայն թագաւորաց Հրէաստանի եւ իշխանաց նորա, եւ քահանայից նորա եւ ժողովրդեան երկրին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: