Ամոսի մարգարեության մեկնություն 7։2

Ա. Պ. Լոպուխին (†1904)

«Եվ այնպես եղավ, որ երբ նա վերջացրեց երկրի վրա խոտ ուտելը, ես ասացի. «Տե՛ր Աստված, ողորմի՛ր, ինչպե՞ս կարող է Հակոբը կանգուն մնալ. նա շատ փոքր է»: (Սինոդական թարգ․)[2]
   
   Տեսնելով ժողովրդին հասած աղետը` մարգարեն ողորմության համար աղոթքով դիմում է Տիրոջը. «Եվ այնպես եղավ, որ երբ նա վերջացրեց (Vehajah im killah) երկրի վրա խոտ ուտելը, ես ասացի…»։  Անհասկանալի է, թե ինչու է մարգարեն դիմում Տիրոջն այն բանից հետո, երբ աղետն արդեն տեղի էր ունեցել, և մորեխն ավարտել էր երկրի խոտ ուտելը: Այս հանգամանքը հաշվի առնելով` մեկնիչներն առաջարկում են ուղղում մտցնել տեքստի մեջ, ու «Vehajah im killah» արտահայտության փոխարեն, Ծննդ. 25:15 համարի նմանողությամբ, ընթերցել՝ «Vojehi terem killah» («նախքան որ նա կերավ խոտը» (Վելհաուզեն)), կամ էլ՝ «Vajehi hu mekalleh» (Տորրեյ): Յոթանասնիցում և սլավոներեն տեքստում այս արտահայտությունը փոխանցված է հարցադրման տեսքով («և դա կլինի՞ (այսինքն՝ հարցի կամ անհանգստության հայտնվելը) երկրի խոտն ուտելը ավարտելու ժամանակ», ինչը լավագույնս համապատասխանում է համատեքստին։ «Ինչպե՞ս կարող է Հակոբը կանգուն մնալ  (mijakum)» հատվածը Յոթանասնիցը «mijakim jaakov»` «τὶς ὰναστησει Ιακ» (սլավոներեն՝ «ով կփրկի Հակոբին») տարբերակով է ընթերցել։ Նույն կերպ է նաև Վուլգաթայում՝ «quis suscitabit»: Որոշ մեկնիչներ (Յունգերով) այս տարբերակն ավելի են նախընտրում, քան մասորեթական տեքստը, որում «mi» («ով», այլ ոչ թե «ինչպես») արտահայտությունը թյուրըմբռնում է առաջացնում։ «Նա շատ փոքր է», այսինքն՝ շատ սակավ միջոցներ ունի, որպեսզի աղետից հետո կարողանա ոտքի կանգնել:

--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Եւ երբ այնպէս եղաւ, որ դրանք ուտելով վերջացրին երկրի խոտը, ես ասացի. «Տէ՛ր, Տէ՛ր, խնայի՛ր, որովհետեւ ո՞վ կը վերականգնի Յակոբի տունը, քանի որ նա սակաւաթիւ է:
(Արարատ թարգ․) Եվ երբ որ երկրի խոտն ամբողջովին կերան, այն ժամանակ ես ասացի. «Ո՛վ Տեր Աստված, աղաչում եմ, ների՛ր. Հակոբն ինչպե՞ս կանգնի, քանի որ փոքր է»։
(Գրաբար)Եւ եղիցի եթէ վախճանեսցէ ուտել զխոտ երկրին։ Եւ ասեմ. Տէր Տէր խնայեա՛. քանզի ո՞վ իցէ որ կանգնեսցէ զՅակոբ, զի սակաւաւո՛ր է։