Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի 3։21

Թեոֆիլակտ Բուլղարացի (†1107)

Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
   
    «Եվ երբ,– ասում է,– Հիսուսի յուրայինները լսեցին»։ Գուցե Նրա հայրենի քաղաքում բնակվող մարդիկ կամ նույնիսկ եղբայրներ էին դուրս եկել Նրան տանելու, քանի որ նրանք ասում էին, որ Նա կորցրել է խելքը, այսինքն՝ դիվահարվել է: Քանի որ նրանք լսում էին, որ Նա դևեր է հանում և հիվանդություններ է բուժում, ուստի նախանձից մտածում էին, որ Նա դիվահարվել է և «կորցրել է խելքը», այդ իսկ պատճառով նրանք ցանկանում էին որպես դիվահարվածի բռնել ու կապել Նրան: Նրա հետ այսպես էին մտածում և ցանկանում վարվել նաև Նրա յուրայինները:
   

Ա. Պ. Լոպուխին (†1904)

Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է: (Սինոդական թարգմ․)[21]
   
    Միայն Մարկոսն է նշում Կափառնայումում Քրիստոսի (հանգրվանած) տան մոտ մարդկանց զանգվածների կուտակման, ինչպես նաև Քրիստոսին տանելու համար նրա հարազատների Կափառնայում մեկնելու մասին: Մյուս կողմից՝ նա բաց է թողնում դիվահարի բժշկության պատմությունը, որը Մատթեոսի և Ղուկասի Ավետարաններում ծառայում է որպես ներածություն Քրիստոսի վրա փարիսեցիների հարձակման նկարագրության համար։ Քրիստոսի կողմից կատարված նման հրաշքների մասին նա ավելի վաղ էր խոսել: Ակնհայտ է, որ Քրիստոսին շրջապատող ամենամոտ շրջանակը, ինչպես նաև Նոր Կտակարանի եկեղեցու բջիջը կազմող տասներկուսի ընտրությունը հենց նոր նկարագրած Մարկոս Ավետարանիչը շտապում է ընթերցողներին ցույց տալ, թե ինչպես են Քրիստոսի այս նոր քայլին արձագանքել նախ՝ ժողովրդը, երկրորդ՝ Տիրոջ հարազատները, երրորդ՝ Նրա թշնամի փարիսեցիները, իսկ այնուհետև ցույց է տալիս, թե ինչպես է Քրիստոսը արձագանքում փարիսեցիներին և Իր հարազատներին: «Եվ տուն վերադարձան»։ Այստեղ Մարկոսը չի օգտագործում իր սիրած «անմիջապես» (euquV) արտահայտությունը, և այդպիսով՝ թույլ է տալիս մեզ ենթադրել, որ տասներկուսի ընտրությունից հետո եղել է որոշակի ժամանակահատված, որին կարելի էր առնչել լեռան վրա եղած այն զրույցը, որն առկա է Ղուկասի մոտ տասներկուսի ընտրության պատմությունից անմիջապես հետո (Ղուկ. 6։17):

    «Այնպես որ նրանք հաց ուտելու անգամ ժամանակ չունեցան», այսինքն՝ սեղան բացելու համար։ Ժողովուրդն ակնհայտորեն լցրել էր նաև բակը, որտեղ սովորաբար հյուրերի համար սեղան էին բացում։

    «Նրա յուրայինները» այս արտահայտությունը մեկնիչները տարբեր կերպ են հասկանում: Ըստ Շանցի և Կնաբենբաուրի՝ այստեղ «յուրաիններ» (oi par Autw) արտահայտության ներքո նկատի են առնվում Կափառնայումում ապրող Քրիստոսի կողմնակիցները: Այսպիսի պնդման համար գիտնականները գտնում են հետևյալ  հիմքերը.
    ա) մակաբայեցիների առաջին գրքում այս արտահայտությունը նշանակում է հենց աջակիցներ (Ա Մակ. 9։44, 11։73 և այլն),

    բ) Քրիստոսի հարազատները ապրում էին Նազարեթում և չէին կարող այդքան արագ իմանալ, թե ինչ է կատարվում Կափառնայումում,

    գ) երբ գալիս են Քրիստոսի մայրն ու եղբայրները, Մարկոսը նրանց այլ կերպ է անվանում (համար 31): Սակայն նման ապացույցների դեմ խոսում է հետևյալը.

    ա) «յուրայիններ» արտահայտությունը կարող է նշանակել նաև հարազատներ (Առակաց 31։2)։ (Այստեղ եբրայերեն բառը ռուսերեն թարգմանվել է «իր ընտանիքը» արտահայտությամբ, իսկ հունարեն Աստվածաշնչում նշվում է «oi par authj» տարբերակով):

    բ) Այն, ինչի մասին խոսվում է 20–րդ համարում, կարող էր երկար շարունակվել այնպես, որ նաև Քրիստոսի հարազատները իմանային կատարվելիքի մասին:

    գ) 21 և 31 համարներում Մարկոսը նկատի ունի նույն անձանց, բայց նրանց ավելի ճշգրիտ կերպով է նշում արդեն նրանց ժամանելուն պես: Ուստի մեկնիչների մեծամասնությունը «յուրայինների» մեջ տեսնում է Քրիստոսի հարազատներին: (Քրիստոսի այս հարազատների մասին ավետարանիչն ընդհատում է իր խոսքը՝ նրանց, այսպես ասած, Կափառնայում հասնելու համար ժամանակ տալով, սակայն առայժմ նա պատկերում է դպիրների հետ տեղի ունեցած բախումը):

    «Քանի որ խոսում էին»։ Ովքե՞ր էին խոսում։ Վեյսը այստեղ անանձնական արտահայտություն է տեսնում; Նրանք ընդհանուր առմամբ խոսում էին մարդկանց մեջ, խոսում էին այստեղ–այնտեղ... և այս խոսակցությունները հասնում էին Հիսուսի հարազատներին, որոնք, Նրա հանդեպ սիրուց ելնելով,  գնացին՝ Նրան բռնելու և տուն տանելու: Բայց այստեղ ամենաբնականն այն տպավորության մասին ցուցում տեսնելն է, որը Քրիստոսի հարազատների վրա ունենում էին Կափառնայումից Նազարեթ եկած մարդկանց պատմություններն այն իրավիճակի մասին, որում  այդ ժամանակ  Կափառնայումում Քրիստոսը գտնվում էր։ Նրանք հավանաբար սկսեցին իրար մեջ քննարկել, թե ինչ ձեռնարկեն Քրիստոսի առնչությամբ:

    «Որ նա խելքը կորցրել է» (dh exesth), այսինքն՝ այնպիսի հուզված վիճակում է, որ Նրան կարելի է անվանել «ցնորված մարդ»: Նման մարդը սովորաբար անտեսում է կյանքի սովորական կանոնները և ամբողջովին տարվում է իրեն կլանող գաղափարով: Բայց այսպիսի մարդը խելագար չէ, ինչպես, իհարկե, իրեն խենթ չի համարում նաև Պողոս առաքյալը, երբ ասում է. «Որովհետև, եթե մենք ցնորվել ենք էլ, ապա Աստծու համար է այն» («eite gar exesthmen qew»։ Բ Կորնթ. 5։13): Հարազատները Քրիստոսին խելագար չէին համարում, բայց նրանք միայն մտածում էին, որ Նա պետք է կտրվի այն սարսափելի հոգևոր լարվածությունից, որի մեջ ինքն էր այդ ժամանակ և որի մեջ լինելով՝  նույնիսկ մոռանում էր իր ուժերը սննդով զորացնելու անհրաժեշտության մասին: Քրիստոսն ինքն էլ չի դատապարտում իր հարազատներին իրեն տանել ցանկանալու համար, և բոլորովին էլ անհրաժեշտ չի համարում ապացուցել, որ Ինքը առողջ է։ Նա միայն մերժում է իր մասին հոգ տանելու նրանց պնդումները.
   

Մաղաքիա արք. Օրմանյան (†1918)

Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
   
Տե՛ս Մեկնություն Ավետարան ըստ Մարկոսի գլուխ 3:20
--------------------------------
[21] (Էջմիածին թարգ․) Եւ երբ Յիսուսի իւրայինները լսեցին, ելան եկան նրան բռնելու, որովհետեւ կարծում էին, թէ խելքը կորցրել է:
(Արարատ թարգ․) Նրա յուրայինները, լսելով, դուրս եկան նրան բռնելու, որովհետև կարծում էին, թե խելագարվել է։
(Գրաբար) Եւ իբրեւ լուան որ իւրքն էին՝ ելի՛ն ունե՛լ զնա, զի համարէին թէ մոլեգնեա՛լ իցէ: