Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ելե՛ք լեռը և փա՛յտ բերեք, և շինե՛ք տաճարը. և Ես հաճությամբ կընդունեմ այն ու կփառավորվեմ, ասում է Տերը։ (Սինոդական թարգ․)[8]
Այժմ մարգարեն ուղղակի և վճռական կերպով ժողովրդի առաջնորդներին և ամբողջ ազգին հստակ պահանջ է ներկայացնում՝ որոշում կայացնել շինարարություն սկսելու և անմիջապես գործի անցնելու վերաբերյալ, որի վարձքը լինելու է Աստծու օրհնությամբ շնորհված հաջողությունը նրանց բոլոր գործերում:
Համարի առաջին հատվածում արտահայտված մարգարեի պահանջն ունի շինարարական աշխատանքներն սկսելու ընդհանուր կոչի բնույթ։ Այդ պատճառով որևէ հիմք չկա «լեռը» (եբր.` «հահար»), որը բարձրանալու է հրավիրում մարգարեն, համարել որոշակի մի լեռ (որոշ մեկնիչներ կարծում են, որ դա տաճարական լեռն է՝ Մորիան, իսկ որոշ մեկնիչներ էլ՝ Լիբանանյան լեռը): Նույնպես «փայտ բերելու» կոչի մեջ պետք չէ տեսնել որպես շինանյութի գործածության մասին նշում, այսինքն՝ կարծել, թե անհրաժեշտ է եղել սոսկ փայտ՝ անտառանյութ: Մինչդեռ, հակառակը, հայտնի է (Անգ. 2:15, Բ Եզր. 4:4), որ Երուսաղեմի երկրորդ տաճարի հիմքի և նրա մյուս մասերի կառուցման համար օգտագործվել է նաև զգալի քանակությամբ քար: Այսպիսով, հասկանալի է դառնում, որ «լեռ» (հահար) բառը 8−րդ համարում կիրառվում է ընդհանուր իմաստով և կարող է առնչվել այդ ժամանակաշրջանում դեռևս անտառներով պատված Պաղեստինի լեռներից յուրաքանչյուրին (Նեեմ. 2:8, 8:15), իսկ «փայտ», «անտառ» (եբր.` «էց») բառերն արտահայտում են առհասարակ տաճարի կառուցման համար անհրաժեշտ շինանյութի գաղափարը:
8−րդ համարի երկրորդ մասը խոսում է այն փրկչական, օրհնաբեր հետևանքների մասին, որոնք ժողովուրդը կարող է ակնկալել Աստծու բարեհաճությունից, որն էլ պետք է լինի տաճարաշինության կարևոր աշխատանքի հանդեպ իր վերաբերմունքը փոխելու շնորհիվ:
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Բարձրացէ՛ք լեռը, փա՛յտ կտրեցէք եւ շինեցէ՛ք տունը. ես հաճոյք կը զգամ նրանով եւ կը փառաւորուեմ, - ասում է Տէրը:(Էջմիածին թարգ․)
(Արարատ թարգ․) Բարձրացե՛ք բլուրները, փա՛յտ բերեք և Տունը շինեցե՛ք, որպեսզի իմ բարեհաճությունը ստանաք, և ես կհայտնեմ իմ փառքը»,- ասում է Տերը։
(Գրաբար) ելէք ի լեառն, հարէք փայտ, եւ շինեցէք զտունդ. եւ հաճեցայց դովաւ՝ եւ փառաւորեցայց, ասէ Տէր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: