Ա. Պ. Լոպուխին (†1904)
20-23. «Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Անգեին՝ ամսվա քսանչորսերորդ օրը՝ ասելով.»: [20] «Ասա՛Զորաբաբելին՝ Հուդայի կառավարչին. Ես պիտի ցնցեմ երկինքն ու երկիրը»։ «Եվ Ես պիտի կործանեմ թագավորությունների գահերը, պիտի ոչնչացնեմ հեթանոս ազգերի թագավորությունների զորությունը, պիտի շրջեմ կառքերը և դրանց մեջ նստողներին, և պիտի ընկնեն ձիերն ու նրանց հեծյալները՝ մեկը մյուսի սրով»։ «Այդ օրը,- ասում է Զորությունների Տերը,- Ես պիտի վերցնեմ քեզ, Զորաբաբե՛լ, Սաղաթիելի՛ որդի, Ի՛մ ծառա,- ասում է Տերը,- և քեզ պիտի պահեմ ինչպես կնիք, որովհետև Ես ընտրեցի քեզ,- ասում է Զորությունների Տերը»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեի չորրորդ խոսքի վերաբերյալ, որը վերաբերում է անձամբ Զորաբաբելին, սակայն իր բովանդակությամբ հիմնականում վերարտադրում է երկրորդ խոսքի էական մասը (Անգ. 2:1−9, ավելի որոշակի` 6−9−րդ համարներ), աստվածաշնչյան մեկնողական աշխատությունների մեջ երկու հարց է առաջ քաշվում. առաջին՝ ինչո՞ւ և ի՞նչ իմաստով է Անգ. 2:6-ի բացատրությունը ներկայացնող ու նախկինում ամբողջ ժողովրդին ուղղված մարգարեությունը այժմ ուղղվում միայն Զորաբաբելին, և երկրորդ՝ ի՞նչ իմաստ ունի Զորաբաբելին որպես կնիք կամ մատանի պահելու Տիրոջ խոստումը: Առաջին հարցադրումը որոշ ժամանակակից պատմաբան−աստվածաշնչագետների կողմից (Շտադե, Վելհաուզեն) հետևյալ կերպ է մեկնաբանվում։ Ամբողջ 4-րդ համարը պատկերում է հրեա ժողովրդի քաղաքական ու մեսիական ակնկալիքները, որոնք գերությունից հետո կենտրոնացել էին Զորաբաբելի շուրջ՝ որպես համայնքի ներկայացուցչի և Դավթի թագավորական տան շառավղի: Այդ ակնկալիքները, ենթադրաբար, աշխուժացել էին տաճարի վերակառուցման կամ Պարսկական կայսրությունում տեղի ունեցող հեղափոխական շարժումների ազդեցությամբ, որոնք էլ հպատակ ազգերի մեջ Պարսկական կայսրության մոտալուտ անկման և նրա լծից իրենց ազատագրման հույս էր արթնացրել: Սակայն այդ ժամանակաշրջանի հրեաների մոտ նմանատիպ հույսերի կամ ակնկալիքների առկայությունը չի հաստատվում ոʹչ աստվածաշնչյան և ոʹչ էլ աստվածաշնչից դուրս եղած աղբյուրներով: Անգե մարգարեի գիրքը բավական հստակ վկայում է, որ մարգարեի ժամանակակից հրեաները ոչ միայն նմանատիպ համարձակ ակնկալիքներ կամ քաղաքական նկրտումներ չունեին, այլև տարատեսակ անհաջողությունների և աղետների պատճառով ընկճվել էին այն աստիճան, որ գրեթե ամբողջովին կորցրել էին հավատը իրենց, իրենց ուժերի, անգամ Աստծու հետ իրենց կնքած ուխտի անխախտելիության և Տեր Աստծու կողմից Իր ժողովրդին տրված խոստումների հանդեպ (հմմտ. Անգ. 2:4−6)։ Իր մխիթարական ու քաջալերող բնույթով մարգարեի 4−րդ խոսքը մասնավորապես վկայում է Զորաբաբելի և, ի դեմս նրա՝ ամբողջ ժողովրդի, ընկճված և ճնշված վիճակի մասին: 4−րդ խոսքի անժխտելի կապը 2-րդի հետ, որը հատկապես երևում է 6−9−րդ համարներից, ընդհակառակը, ցույց է տալիս, որ այն, ինչ ավելի վաղ ասվել էր ժողովրդին, այժմ կրկնվում է Զորաբաբելին՝ ակնհայտորեն հնարավոր տարակուսանքների պարզաբանման նպատակով, և հենց որպես Դավթի թագավորական տան անդամի, որին, իր սերնդի հետ միասին, Տիրոջ կողմից տրվել էին հավիտենական նշանակություն ունեցող խոստումներ (Բ Թագ. 7:13, 15, 18, Սաղմ. 89:28 և այլն): Սրա հետ մեկտեղ մենք գտնում ենք նաև այն հարցի պատասխանը, թե ինչու է Զորաբաբելին տրվում այն խոստումը, թե Աստված պիտի պահի նրան իբրև մատանի-կնիք (տե՛ս 23-րդ համար):
Աստվածաշնչի մյուս հատվածների հետ զուգահեռները, որտեղ խոսվում է կնիքի մասին (օրինակ` Երեմ. 22:24, Երգ 8:6, Սիր. 17:18), հաստատում են, որ այստեղ (23−րդ համար) նույնպես խոսվում է Աստծու նախախնամության միջոցով Զորաբաբելի առանձնահատուկ պաշտպանության մասին: Դա արվում էր ոչ այնքան նրա անձի, որքան Տիրոջ կողմից ընտրված Դավթի արքայական տոհմի ներկայացուցիչ լինելու համար, որից պետք է ծնվեր Մեսիան: Մարգարեության նմանատիպ տիպաբանական նշանակության մասին է խոսում նաև Սիրաքի որդի Հեսուի կողմից Անգեի մարգարեության մեջ Զորաբաբելի մասին պահպանված հիշատակությունը. «Ինչպե՞ս պիտի մեծարենք Զորաբաբելին. նա աջ ձեռքի մատանու պես էր (Սիր. 49:13)։ Այն, ինչ Անգեի մարգարեության 2:22, 23 համարներում վերագրվում է Զորաբաբելին, իրապես պատկանում է Զորաբաբելի սերնդի մեծագույն շառավղին` Տիրոջ աստվածային Ծառային` Քրիստոս Փրկչին (Ա Մնաց. 3:16−19, Մատթ. 1:12−13, Ղուկ. 1:27):
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Մտածեցէ՛ք ձեր սրտում, գուցէ այնպէս լինի, որ ձեր կալի, որթատունկի, թզենու, նռնենու եւ ձիթենու վրայ, բերք չլինի. այսօրուանից եւեթ ես պիտի օրհնեմ, որ լինի»:
(Արարատ թարգ․2:19) մի՞թե սերմը դեռ ամբարում է, և որթատունկը, թզենին, նռնենին ու ձիթենին պտուղ չե՞ն տվել. այս օրից ի վեր պիտի օրհնեմ ձեզ»։
(Գրաբար) Ի՞ցէ թէ յայտնեսցի ինչ ի վերայ կալոյ, եւ յորթ եւ ի թզենի՝ եւ ի նռնենի, եւ ի փայտ իւղոյ՝ որ պտուղ ոչ տային՝ յաւրէ յայսմանէ աւրհնեցից։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: