Հայր մեր, որ երկնքում ես

Հայր մեր որ յերկինս ես, (գրաբար)

Ով [մեկին] իբրև հայր է ընդունում, իրեն որդիության սահմանի տակ է դնում: Սրանց միջև   թշնամության   ոխ   չի   արմատանում, այլ  եթե  որդին  ստահակություն  է  ցուցաբերում, հայրը բնական գութով ու իմաստությամբ ներում է և ներողամտությամբ նրան միշտ    իր    ենթակայության    տակ    պահում: Հայրական    կամքի    այս    մեծահոգությանը ծանոթ է որդին, ուստի սիրո կապը չի խզում ապստամբելու հետ մեկտեղ նաև հուսահատվելով:  Հապա  ի՞նչ.  որպես  մանուկ  մեղանչում է և դարձյալ դիմելով` «հայր» անունը խոստովանում, իսկ հայրն էլ ներելով` նրան թևերի մեջ առնում գրկախառնվում է: Սակայն  ծառայի  հանդեպ  այս  սովորական  վերաբերմունքը չունի, քանի որ տիրոջ ու ծառայի  միջև  չկա  բնական  գութի  շաղկապը. երբ  [ծառան]  մեղանչում  է,  ինքը  զարհուրում է, տերը` պատժում: Իսկ Քրիստոսի Եկեղեցին Հայր Աստծո համար ծառայության կարգում  չէ,  այլ  որդեգրության,  քանի  որ Քրիստոսն  ասում  է.  «[Ելնում  եմ]  Իմ  Հոր  և ձե՛ր Հոր մոտ» (Հովհ. 20:17): Ուստի մեղքերով   ապստամբելու   դեպքում   քրիստոնյան չի զարհուրում, այլ բնական գութը հիշելով` աներկյուղ պատկառանքով դիմելով Հորը` ասում  է.  «Հա՛յր  մեր,  որ  երկնքում  ես»:  Այսինքն` թեպետ երկինքն ու երկիրը փառքովդ  ու  զորությամբդ  լի  են,  սակայն  Դու՝ էությամբ   անհաս   Ինքնությունդ,   բազմած ես Քո սեփական աթոռին` երկնքում: Լսի՛ր իմ հառաչանքը այդտեղ` երկնքում, ուր և մեզ  մարմնակից  Քո  Որդին  մտավ  մեզ  համար իբրև քահանա և բարեխոս. լսի՛ր ինձ համար եղած Նրա [խնդրանքը],  նաև իմը, որ Քեզ հետ խոսակցում եմ, որ Նա դեպի Քեզ առաջնորդի: Իսկ  ի՞նչ  է  այն  խնդրանքը,  որ  հայցում ես Աստծո, Ում Հայր խոստովանեցիր, ամե- նաբաշխ կամքից, ո՛վ մարդ, հայտնի՛ր: Եթե արժանի    գտնվեցիր    հրեշտակների    համար սոսկալի,  իսկ  քեզ  համար  ընտանի  անվամբ դիմելու, խնդրանքներիդ մեջ տարակուսող մի՛  եղիր,  այլ  սփռի՛ր  Նրա  առաջ  համարձակապես:

 

Հաջորդը՝

Թող անունդ սուրբ լինի