Զհաց մեր հանապազորդ տուր մեզ այսօր. (գրաբար)
Ո՛վ մարդ, եթե խնդրեցիր, որ Աստծո կամքը քեզ համար լինի, ինչպես հրեշտակների համար է, ինչո՞ւ ես իսկույն սրան հարում հացի անունը, որը նրանց մեջ գոյություն չունի, քանի որ նրանք իմանալի բնություն են և միշտ գիտության կերակրի քաղցն ու փափագն ունեն, նրանց մոտ հնարավոր չէ տեսնել սերմանում կամ հնձում, խոհարարություն կամ մարմնական ճաշակում, այլ ուտում են Աստծո սերն ու հագենում, խմում Հոգու բխման հեղումն ու զմայլվելով ուրախանում:
Ես, պատասխանում է, աղոթքի իմ այս կարգն ամբողջական եմ պահում. որովհետև ոչ թե դյուրածախելի հացն եմ խնդրում, այլ հանապազօրյան: Այն պատճառով խնդրեցի, որ Աստծո կամքը լինի [մեզ համար], ինչպես երկնավորների համար է, որպեսզի նաև երկնավորների հա՛ցը Նրանից ստանամ կյանքի այս օրում: Չլսեցի՞ր, որ մարդիկ հրեշտակների հացն են կերել (տե՛ս Սաղմ. 75:25): Աղոթում եմ, որ այն կերակուրն ունենամ, որն ամեն օր ուտվելիս չի սպառվում և խմվելիս չի նվազում, ուտողին հագեցնում է և ինքն իր մեջ ամբողջական մնում:
«Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր»: Իսկ ինչո՞ւ է ասում «մեր»: Որովհետև ժամանակին հրեշտակային մտածությունների կերակուրը նաև մերն էր, այն ժամանակ, երբ երանալից դրախտում քաղում էինք այն. չարը նախանձեց և զրկեց Աստծո կամքի՝ [մեզ վրա եղած] տիրապետությունից և հացից՝ մեզ համար իբրև կերակուր պատրաստելով վայրի բանջարը, այսինքն՝ այս օտար երկրում մեր մարմնի զգայարանների հաճույքը: Իսկ Աստծո հացը թերևս ոմանք կարողացան ճաշակել երեսի քրտինքով ու արցունք թափելով: Բայց հիմա Աստված դարձյալ մեր Հայրն է դարձել և բարի կամքի տեր թագավոր, ուստի Նրան աղերսում ենք, որ մեր առաջին հացը դարձյալ ունենանք, քանի դեռ պանդխտում ենք կյանքի այս օրում: Իսկ հացն ի՞նչ է, եթե ոչ Նրա գիտությունն ու սերը, որոնցով է մեր հոգու փափագը կերակրվում՝ այն սեղանից, որին Տերն Իր աշակերտներին հրավիրեց՝ ասելով.
«Կուտեք ու կխմեք Իմ սեղանից Իմ արքայության մեջ» (Ղուկ. 22:30): Սակայն որոնց կամքը մոլորված է մարմնի պարարման մեջ, նրանց համար այս կերակուրն անցանկալի է թվում և անհավատալի, թե շարունակ ուտվելիս չի սպառվում- քայքայվում: Հարկ ենք տեսնում այսպիսիներին օրինակով արթնացնել:
Չե՞ս հավատում, թե կա չքայքայվող կերակուր: Սուրբ Գիրքը, պեսպես գիտությամբ մշտապես մեզ կերակրելով, նույնությամբ չի՞ մնում: Այլև՝ գիտությունը քեզ հաճելի չի՞ թվում: Ոսկեձույլ ապարանքներից, ոսկեթել կերպասներից, ականակուռ աթոռներից մեր մարմնին ի՞նչ օգուտ, ինչո՞ւ է դրանք տեսնելիս հաճույքով առավել լցվում, քան կերակրից: Երգերն ու մեղեդիներն ինչո՞ւ են մարդուն առավել ուրախացնում, քան ըմպելիքը: Եղբայրներին ու որդիներին տեսնելը և նրանց հիշատակը կարոտածների համար գինու պես քաղցր չե՞ն: Առավե՛լ խոսուն օրինակ բերեմ. տռփանքով լցվածին ի՞նչ օգուտ համբուրվելուց: Այս ամենն այն հացը կամ գինին չէ, որոնցով մարմնի պակասությունն է լցվում, այլ [դրանք] հոգեկան քաղցի իղձն են գիտությամբ լցնում ու մեզ հաճույք պատճառում: Այսպես մեր տկար մտքի առաջ թանձրացնենք Աստծո սիրո հիշատակը և հասկանանք, որ այն չփափագելու պատճառն այն է, որ նրան անտեղյակ ենք. եթե տեղյակ լինեինք, ապա որքան ավելի պայծառ է Աստծո փառքը, քան ոսկունը, այդքան էլ նրա հանդեպ փափագը նյութի հանդեպ եղածից առավել կլիներ: Ուստի և [այս աղոթքն] Աստծուն խնդրում է ունենալ այդ գիտությունը՝ ասելով. «Մեր հացը՝ անծախելին ու ամենօրյան, տո՛ւր մեզ այսօր»:
Իսկ ինչո՞ւ է ասում «այսօր»: «Այսօր» ասելով ցույց է տալիս մեր մարմնի ամբողջ կյանքը, որում պանդխտելով՝ մեր բնությունից ու դրսից եղած բազում հակառակորդներ ունենք հոգևոր կերակրին. երբ սրանցից հեռանանք, հեշտությամբ կվայելենք այն: Իսկ քանի դեռ այս պանդխտության կյանքում ենք, քրտինքով, արտասուքով ու աղոթքի աշխատությամբ է հարկավոր այն ճաշակել, ինչպես և հրաման ստացանք (տե՛ս Ծննդ. 3:19): Այս կերակուրը ճաշակած շատերն են նրա համեղության մասին աղաղակում, ինչպես նա, ով ասում է. «Քիմքիս համար քաղցր են Քո խոսքերը, ինչպես մեղրը՝ բերանիս համար» (Սաղմ. 118:103), և դարձյալ՝ «Ոսկուց ու բազում թանկագին ակներից ցանկալի է Նա և մեղրախորսխի պես քաղցր» (Սաղմ. 18:11): Եսային էլ ասում է. «Կկերակրվեք ու կհագենաք, կուշտ կվայելեք նրա մխիթարության ստինքներից» (հմմտ. Եսայի 66: 11): Ձայնում է նաև Իմաստությունը. «Եկեք կերեք Իմ այս հացից և խմեք գինին, որ խառնեցի. սրանով կզորանաք՝ ատելու անզգամությունը և ապրելու, իմաստություն փնտրելու և փրկվելու» (հմմտ. Առակ. 9:5-6):
Հաջորդը՝
Թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք ենք թողնում մեր պարտապաններին
Նախորդը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: