Ամբակումի մարգարեության մեկնություն 2։1

 Ա․ Լոպուխին

Իմ պահակակետում կանգնեցի ես, և կանգնած աշտարակին հետևում էի, որպեսզի իմանամ, թե ի՞նչ կխոսի Նա ինձ հետ և իմ դժգոհությանը ի՞նչ պատասխան ես պիտի տամ: (Սինոդական թարգ․) [1]
   
   Աստծո ընտրյալ ժողովրդի վրա հեթանոսների տիրապետության վերաբերյալ Տիրոջ առջև իր տարակուսանքը կամ դժգոհությունները արտահայտելով (Ամբ. 1:12–17)՝ մարգարեն ցանկանում է հենց Տիրոջ միջոցով «մարգարեական աչքերով գտնել փնտրածի լուծումը» (Թեոդորիտ, Ամբակումի մարգարեության մեկնություն, Ս. Պոսադ, 1907, էջ 27): «Նա ասում է՝ իմ պահակակետում կկանգնեմ», այսինքն՝ մարգարեական հոգով լցված, «և կտեսնեմ, թե ինչ կհաջորդի ժողովրդի գերությանը, տաճարի ու քաղաքի անկմանը»: Պետք է նկատել նաև, որ մարգարեական տեսիլքը և Տիրոջ խոսքը մարգարեի համար ոչ թե արտաքին, այլ ներքին ձևով էր և ուղղված էր ներքին մարդուն: Ուստի Զաքարիա մարգարեն ասում էր. «Հրեշտակը, որ խոսում էր ինձ հետ» (տե՛ս Զաք․ 1:9), իսկ Սաղմոսներում ասվում է. «Ու կլսեմ, թե ինչ պիտի խոսի ինձ հետ Տերը (Սաղմ. 84:9)», (Հերոնիմոս, Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր… Կիև, 1898 թ., էջ 154, 155)։ Պահակակետ կամ պահակ (եբրայերեն՝ «միշմերեթ՝ мишмерет») և «զորացում» (եբր. «մացոր՝ мацор») հասկացություններն այս պարագայում (ինչպես Ելք․ 21:8 համարում) ունեն ոչ թե բառացի իմաստ, այլ փոխաբերական և սրմվոլիկ կերպով ներկայացնում են մարգարեական ծառայության առաքվելը․ այսպիսով՝ 1−ին համարի առաջին մասը կարելի է հետևյալ կերպ վերաշարադրել. «(Մարգարեն ասում է) կմնամ ինձ տրված պաշտոնին, որտեղ կանգնել եմ, և չեմ թողնի պահակակետը» (Թեոդորիտ): Մարգարեները սովորաբար համարվել են «Իսրայելի տան պահապանները» (Եզ.  3:17, Եր. 6:17, Ելք. 52:8, 56:10), որոնց Տեր Աստված՝ Իսրայելի Գերագույն հովիվը և Երուսաղեմի Պահապանը (Սաղմ. 79:2, 120:4), ուղարկել է Աստծո ժողովրդի շրջանում ուխտի և աստվածապետության ամբողջականությունն ու սրբությունը պահպանելու համար՝ հաշվի առնելով այդ սկզբունքներից ժողովրդի հաճախակի շեղումը (տե՛ս. P. Laur. Die Prophetennamendes Alten Testamentes. Freiburg, 1903. S. 103–107): «Միշտ և բոլոր առումներով իրենց ժամանակակիցներից վեր կանգնելով, անընդհատ նրանց հրահանգներ տալով, դատապարտելով, սպառնալով, ճնշելով և այդ բանի համար Աստծո խորքերը քննող Տիրոջ Հոգով լուսավորվելով՝ այս մարդիկ, հատկապես կարևոր և տարակուսելի դեպքերում, էլ առավել էին զորացնում իրենց վստահված Երուսաղեմի պարիսպների հոգևոր պահապանի դերը (տե՛ս Ելք. 62:6) և աղոթքով հարցնում էին Աստծուն Նրա կամքի մասին, որպեսզի այն հաղորդեին ժողովրդին: Առհասարակ, այս աղոթքը ճանաչվել է որպես մարգարեների բացառիկ հանձնարարականներից մեկը (Եր. 32:16, 26, Դան. 9:3, 20), երբեմն էլ այն ուղղակիորեն պատվիրվել է Աստծո կողմից» (տե՛ս պրոֆ. Գոլուբեև. Ամբակում մարգարեի գիրքը, էջ 863): Նմանապես նաև Ամբակում մարգարեն, իր կողմից արտահայտած դժգոհություններին և գանգատներին (գլուխ 1) աստվածային նոր պատասխան ստանալ ցանկանալով (եբրայերեն՝ «թոքահատ՝ токахат»), իր ուշադրությունը կենտրոնացնում և բարձրացնում է մի ինչ−որ «քարի», այսինքն՝ մտքերի ինչ−որ բարձր ու անվտանգ աստիճանի (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի), և այսպես սպասում է Աստծո հայտնությանը, որպեսզի այն փոխանցի մարդկանց: Այսպիսով՝ հոգեբանական տեսանկյունից այս տեղին շատ կարևոր է մարգարեական շնորհին արժանացողի հոգեվիճակի մասին դատելու համար: Առաջին բառերից պարզ է դառնում, որ միշտ չէ, որ մարգարեները ունեցել են անհրաժեշտ հոգևոր պատրաստության աստիճան, այլ նախապես նրանցից առանձնահատուկ մոտեցում է պահանջվել այդպիսի հոգեվիճակի հասնելու համար: Մարգարեները միշտ էլ Աստվածայինի ոգեշնչման կարիքն են ունեցել, և այն ստացել են ժամանակ առ ժամանակ, այն էլ մասամբ, ինչպես ուսանողները, որոնք ստանում են ընդհանուր կրթություն, բայց կարիք ունեն ամեն մի առանձին հատվածի մասին մանրամասն սերտելու (Ես. 50:4): Վերջին բառերից հասկանալի է դառնում, որ այդ պարգևը անձնական երազանք և մարգարեի սրտից բխած մարգարեություն չէր (Եր. 23:16, 26, Եզ. 13:2, 3), այլ Տիրոջ շուրթերից բխող խոսք (Ես. 55:11), ճշմարիտ Աստվածային շնորհ (տե՛ս պրոֆ. Գոլուբև, նույն տեղում, էջ 866): Անկախ այս առանձնահատկություններից՝ առաջին համարի մարգարեի խոսքը զուգահեռներ ունի Միք. 7:4, 7 և Սաղմ․ 85:9, 120:1, 122:1 համարներում:

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ յանդիմանութեան:
(Արարատ թարգ․) Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։
(Գրաբար) Ի պահու իմում կացից, եւ ելից ի վերայ վիմի, եւ դիտեցից տեսանել՝ զի՞նչ խաւսիցի ընդ իս, եւ զինչ տացէ պատասխանի յանդիմանութեան իմոյ։