Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
Ես կանգնեցի իմ դիտակետում և, կանգնած աշտարակի վրա, հետևում էի՝ իմանալու, թե Նա ինչ կխոսի իմ մեջ, և ես ինչ պիտի պատասխանեմ իմ գանգատին (Սինոդական թարգ․) [1]
Տիրոջ առջև արտահայտելով իր տարակուսանքները կամ գանգատները՝ Աստծու ընտրյալ ժողովրդի վրա հեթանոսների տիրապետության վերաբերյալ (Ամբ. 1:12–17)՝ մարգարեն ցանկանում է հենց Աստծուց «մարգարեական աչքերով տեսնել փնտրածի լուծումը» (Երանելի Թեոդորիտոս. «Ամբակումի մարգարեության մեկնություն», Ս. Պոսադ, 1907, էջ 27): «Նա ասում է՝ ես կանգնեցի իմ դիտակետում», այսինքն՝ համակված մարգարեական հոգով, «որ տեսնեմ, թե ինչ պիտի հաջորդի ժողովրդի գերությանը, քաղաքի ու տաճարի անկմանը …»: Հարկ է նկատել նաև, որ մարգարեական տեսիլքը և Աստծու խոսքը մարգարեի տրվում էին ոչ թե արտաքին, այլ ներքին ձևով և ուղղված էին ներքին մարդուն: Ուստի Զաքարիա մարգարեն ասում էր. «Հրեշտակը, որ խոսում էր իմ մեջ» (տե՛ս Զաք․ 1:9), իսկ սաղմոսներում ասվում է. «Ու կլսեմ, թե ինչ պիտի խոսի իմ մեջ Տերը» (Սաղմ. 84:9)»,
(Երանելի Հերոնիմոս. «Ամբակումի մարգարեության մեկնության երկու գրքեր», Կիև, 1898 թ., էջ 154-155)։
«Դիտակետ» (եբր.՝ «միշմերեթ») և «ամրություն» (եբր.՝ «մացոր») հասկացություններն այստեղ (ինչպես Ես. 21:8-ում) ունեն ոչ թե բառացի, այլ փոխաբերական նշանակություն և խորհրդանշական կերպով ներկայացնում են մարգարեական ծառայության ուղարկվելը: Այսպիսով, 1−ին համարի առաջին մասը կարելի է վերաշարադրել այսպես. «Մարգարեն ասում է. «Կմնամ այն աստիճանին, որին բարձրացվել եմ, և չեմ թողնի դիտակետը»» (Երանելի Թեոդորիտոս):
Մարգարեները, ընդհանրապես, համարվել են «Իսրայելի տան պահապանները»
(Եզ. 3:17, Երեմ. 6:17, Ես. 52:8, 56:10), որոնց Տեր Աստված՝ Իսրայելի Գերագույն հովիվը և Երուսաղեմի Պահապանը (Սաղմ. 79:2, 120:4), բարձրացնում էր՝ պահպանելու ուխտի և աստվածապետության ամբողջականությունն ու սրբությունը Աստծու ժողովրդի մեջ՝ հաշվի առնելով ժողովրդի հաճախակի շեղումներն այդ սկզբունքներից (տե՛ս. P. Laur. Die Prophetennamendes Alten Testamentes. Freiburg, 1903. S. 103–107): «Մարգարեները, միշտ և բոլոր առումներով վեր կանգնելով իրենց ժամանակակիցներից, անդադար խրատում էին ժողովրդին, հանդիմանում, սպառնում, մխիթարում նրանց, որի համար լուսավորվում էին Աստծու Հոգուց, Ով քննում է Աստծու խորին խորհուրդները: Այս մարդիկ, հատկապես կարևոր և տարակուսելի դեպքերում, էլ ավելի էին զորացնում իրենց վստահված Երուսաղեմի պարիսպների հոգևոր պահապանի դերը (տե՛ս Ես. 62:6) և աղոթքով հարցնում էին Աստծուն, թե որն է Նրա կամքը, որպեսզի այն հաղորդեին ժողովրդին: Առհասարակ, այս աղոթքը համարվում էր որպես մարգարեների առանձնահատուկ պարտականություններից մեկը (Երեմ. 32:16, 26, Դան. 9:3, 20), իսկ երբեմն էլ Աստված ուղղակիորեն պատվիրում էր նրանց» (տե՛ս պրոֆ. Գոլուբեև. «Ամբակում մարգարեի գիրքը», էջ 863): Նմանապես և Ամբակում մարգարեն, ցանկանալով աստվածային նոր պատասխան ստանալ իր արտահայտած տարակուսանքներին և գանգատներին (գլուխ1) ահով ամրության վրա (սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի), և սպասում է Աստծու հայտնությանը՝ այն մարդկանց փոխանցելու համար: Այսպիսով, այս հատվածը հույժ կարևոր է հոգեբանական առումով՝ մարգարեական շնորհին արժանացած անձանց հոգեվիճակը հասկանալու համար: Սկզբնական խոսքերից պարզ է դառնում, որ այդ շնորհը մշտապես ներկա չէր մարգարեների հոգում, պահանջում էր նախնական հատուկ հոգևոր պատրաստություն: Մարգարեները մշտապես կարիք ունեին աստվածային լուսավորության և այն ստանում էին միայն ժամանակ առ ժամանակ և մաս-մաս, ինչպես սովորողները, որոնք, յուրացնելով ուսման հիմունքները, դեռևս կարիք ունեն մանրամասն սերտել ամեն մի առանձին հատված (Ես. 50:4): Վերջին բառերից հասկանալի է դառնում, որ այդ շնորհը սեփական երևակայություն չէր և ոչ էլ մարգարեի սրտից բխած մարգարեություն (Երեմ. 23:16, 26, Եզեկ. 13:2-3), այլ Աստծու բերանից ելնող խոսք (Ես. 55:11), ճշմարիտ աստվածային պարգև (տե՛ս պրոֆ. Գոլուբև, նույն տեղում, էջ 866): Անկախ այս առանձնահատկություններից՝ մարգարեի խոսքը 1-ին համարում ունի զուգահեռներ Միք. 7:7 և Սաղմ․ 85:9, 120:1, 122:1 համարներում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Իմ պահակակէտում կը կանգնեմ, կը բարձրանամ ժայռի վրայ եւ կը տեսնեմ, թէ ինչ կը խօսի ինձ հետ եւ ինչ պատասխան կը տայ իմ յանդիմանութեան:
(Արարատ թարգ․) Իմ պահակակետում կանգնեմ ու պատնեշի վրա մնամ և նայեմ ու տեսնեմ, թե ի՛նչ է խոսելու ինձ հետ, և ի՞նչ պիտի պատասխանեմ, երբ ինձ հանդիմանի։
(Գրաբար) Ի պահու իմում կացից, եւ ելից ի վերայ վիմի, եւ դիտեցից տեսանել՝ զի՞նչ խաւսիցի ընդ իս, եւ զինչ տացէ պատասխանի յանդիմանութեան իմոյ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: