Սուրբ Հովհան Ոսկեբերան
«Եւ մինչ ես խօսում էի ու աղօթում, խոստովանում էի իմ մեղքերը եւ Իսրայէլի ժողովրդի մեղքերը եւ գութ էի հայցում իմ Տէր Աստծուց սուրբ լերան համար,
Եթե հրեաները մեզ ասեն, թե ինչու Եսայու օրոք, երբ Ոզիայի որդին վախեցավ պատերազմից և երկու թագավորների ներխուժումից, մարգարեն դուրս եկավ և նրանց տվեց մի նշան, որը պետք է իրականանար շատ տարիներ հետո: Ապա մենք էլ նրանց կասենք, թե ինչու, երբ Դանիելը աղոթեց վերադարձի համար և ցանկացավ այս մասին ինչ−որ բան լսել, եկած հրեշտակը դրա մասին ոչինչ չհաղորդեց, այլ մատնացույց արեց այն գործերը, որոնք պետք է տեղի ունենային երկար ժամանակ անց: Ինչպես այնտեղ էր, այնպես էլ այստեղ է հարցն ամբողջությամբ թույլատրված։ Քաղաքի վերականգնումն ավելի արժանահավատ է դառնում, երբ հայտարարվում է, որ այն կրկին վերցվելու է: Ի՞նչ է։ Սա անելով՝ արդյո՞ք Նա չէր ցանկանում վշտացնել մարգարեին: Ո՛չ, Նա ցանկանում էր հրեաներին ավելի մեծ վախ ներշնել: Նա ոչ թե մեկ կամ երկու անգամ, այլ բազմիցս է դա անում, որովհետև սպասվող բարեկեցությունը կարող էր հպարտությամբ լցնել նրանց հոգիները, քանի որ քաղաքը ոչ միայն պետք է վերականգնվեր, այլև պետք է կառուցվեր բարբարոսների ձեռքերով, հենց այն ոչնչացրած բարբարոսների ձեռքերով: Եսային խոսում է այս մասին և ցույց է տալիս, որ Աստված ամենակարող է, որ Նա կարող է ամեն ինչ անել և փոխել (Ես․ 49:17):
Հետագայում հայրենական օրհնությունները վերադարձվեցին հրեաներին, և նրանց փայլուն ու հաճախակի հաղթանակներ տրվեցին, որոնց մասին հռչակում են մարգարեները: Օրինակ՝ Եզեկիելն ասում է, որ գերեվարվողների զենքերը այրվելու են յոթ տարի (Եզեկ․ 39:9)։ Մյուսներն էլ են հաճախ նույն բանն ասում, որպեսզի նրանք, դրանով հպարտանալով, նախկինից ավելի վատը չդառնան։ Աստված կանխատեսումից և նույն բանի անընդհատ կրկնությունից ծագող վախի միջոցով, ասես, նրանց դնում է չանառականալու անհրաժեշտության առաջ, թեև նրանք էլ դա չէին ցանկանում: Հետևաբար, Նա հստակ չի բացահայտում ժամանակը. և ի՞նչ օգուտ կար դրա բացահայտումից: Նաև ուշադրություն դարձրո՛ւ, թե երբ է մարգարեությունը հաղորդվում․ հենց վերադարձի ժամանակ, երբ հանգամանքները բարենպաստ և ծաղկուն էին: Մովսեսն էլ, նրանց խոստացված երկիրն առաջնորդել մտադրվելով, լավ բաներ ստանալիս կանխագուշակում է գալիք աղետների մասին և ասում է. «Երդվում եմ ձեզ, երկինքն ու երկիրը վկա» (Բ Օր. 4:26)։ Նա բարեկեցությունից բխող անզգայությանը հակադրում է պատժի սպառնալիքը։ Նույն կերպ էլ Դանիելն է վախով զսպում նրանց: Հետևաբար, Զաքարիան էլ է շատ անդրադառնում այս թեմային և այն բանի համար է դրա մասին խոսում, որովհետև մարդու բնության համար պակաս օգտակար բան չկա, քան բարեկեցությունն ու հանգստությունը:
Ա․ Լոպուխին
20-21․ «Եվ մինչ ես տակավին խոսում էի և աղոթում ու խոստովանում էի իմ մեղքերը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքերը, ու իմ աղերսանքն էի մատուցում իմ Տեր Աստծո առաջ իմ Աստծո սուրբ լեռան համար»: [20] «Մինչ ես դեռ շարունակում էի աղոթել, այդ մարդը՝ Գաբրիելը, որին ես նախկինում տեսել էի տեսիլքի մեջ, սրընթաց թռիչքով հասավ ինձ երեկոյան զոհաբերության ժամանակ»։ (Սինոդական թարգ․)
Դանիելի աղոթքն այնքան հաճելի էր Աստծուն (Բ Օր. 30։1−4), որ նույնիսկ նախքան դրա ավարտը Նա ուղարկեց Իր Հրեշտակին՝ պատասխանելու դրան և մխիթարելու իր ավերված հայրենիքի և տառապող ժողովրդի համար տանջվող մարգարեին: Աստծո կամքի լրաբերը 8−րդ գլխի տեսիլքից Դանիելին հայտնի Գաբրիելն է (8:16), ով «դիպավ (հայերեն թարգմանության մեջ «մոտեցավ» է)» մարգարեին, ավելի ճիշտ՝ եբրայերենից՝ «կանգնեց նրա առաջ» հենց այն ժամանակ, երբ տաճարի գոյության ընթացքում օրենքով սահմանված ամենօրյա երեկոյան զոհաբերությունն էր մատուցվում (Ելք. 29:39, Թվեր․ 28:4)։
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) «Եւ մինչ ես խօսում էի ու աղօթում, խոստովանում էի իմ մեղքերը եւ Իսրայէլի ժողովրդի մեղքերը եւ գութ էի հայցում իմ Տէր Աստծուց սուրբ լերան համար,
(Արարատ թարգ․ 9։20) Մինչ ես տակավին խոսում էի և աղոթում և խոստովանում էի իմ մեղքը և իմ ժողովրդի՝ Իսրայելի մեղքը և իմ Աստծու սուրբ լեռան համար Տիրոջ՝ իմ Աստծու առաջ իմ աղերսանքն էի մատուցում.
(Գրաբար) Եւ մինչդեռ ես խօսէի և յաղօթս կայի, և խոստովա՛ն լինէի զմեղս իմ, և զմեղս ժողովրդեանն Իսրայէլի. և արկանէի զգութս առաջի Տեառն Աստուծոյ իմոյ վասն լերինն սրբոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: