Ա․ Լոպուխին
Տիրոջ խոսքը լսելի եղավ Հովնանի` Ամաթիայի որդու համար: (Սինոդական թարգ․)[1]
«Եվ եղավ» («վայխի»)․ այսպես են սկսվում Հին Կտակարանի շատ գրքեր (Նավ․ 1:1, Հռութ․ 1:1, Դատ. 1:2, Ա Թագ. 1:1 և այլն)։ Նման սկիզբ ունենալը հիմք ընդունելով՝ սխալմամբ ենթադրվում է, որ Հովնան մարգարեի գիրքը ոչ թե ամբողջական ստեղծագործություն է, այլ ընդամենը մի հատված:
«Տիրոջ խոսքը»․ սա Աստվածաշնչում, հատկապես մարգարեներին տրվող, Աստվածային հայտնության սովորական մատնանշում է (Ես. 2:1, 51:16, Եր. 1:1, 2:1, 7:1, Եզ․ 1:3, Ովս. 1:1, Սոփ. 1:1, Միք. 1:1, Անգ. 1:3, Զաք. 1:9, 7:7): Իսկ ինչ վերաբերում է սույն հայտնությանը, ապա այս պարագայում դրա վերաբերյալ որևէ ցուցում առկա չէ: Այս արտահայտությունը օգտագործող Աստվածաշնչյան մյուս համարների նմանությամբ՝ այն կարելի է պարզապես ներքին զգացողության իմաստով ըմբռնել, որը մարդը ընկալում է ոչ թե որպես իր սեփականը, այլ որպես իրեն դրսից՝ բարձրագույն զորությունից՝ ուղղակի Աստծուց տրվող: Այսպիսով՝ քանի որ Հովնան մարգարեին տրված հայտնությունը չի ուղեկցվում արտաքին ոչ մի արտասովոր նշանով, այլ ամբողջությամբ տեղի է ունենում նրա ներսում, ուստի հասկանալի է դառնում, թե ինչու է մարգարեն որոշում չհնազանդվել «Տիրոջ խոսքին»:
«Հովնանի` Ամաթիայի որդու համար» (սլավոներենում՝ «Ամաթի»): Մարգարեի անունը Հովնան է (ծագում է տանջվելու իմաստով կիրառվող «յանա» գոյականից՝ «ճնշված լինել»), որը, ըստ երանելի Հիերոնիմոսի բացատրության, ունի «ճնշված, ցնցված արարած», ինչպես նաև «հառաչող աղավնի» իմաստները: Նա, անկասկած, Ամաթիայի որդի է կոչվում իր հոր անունի, այլ ոչ թե «ճշմարտության որդի» հասարակ անվան հետևանքով («ամիտտայ» արտահայտությունը եբրայերենում ունի «ճշմարտություն» իմաստը), ինչպես որ բացատրվում է ռաբբիների կողմից (Դ. Կիմխի, Ի. Աբարբանելեմ), որպեսզի հաստատվի հրեական այն ավանդությունը, համաձայն որի Հովնան մարգարեն նույնացվում է Սարեփթա քաղաքի այն այրի կնոջ զավակի հետ, որին հարություն էր տվել Եղիա մարգարեն (Գ Թագ. 17:17−23):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց.
(Արարատ թարգ․) Տիրոջ խոսքը հասավ Ամաթիի որդի Հովնանին՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղեւ բան Տեառն առ Յովնան Ամաթեայ, եւ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: