Հովնանի մարգարեության մեկնություն 2:1

Ա․ Լոպուխին

Տերը հրամայեց մեծ կետին կուլ տալ Հովնանին, և Հովնանը կետի փորում մնաց երեք օր և երեք գիշեր: (Սինոդական թարգ․)[1]
   
   Հովնանի երեք օր կետի փորում մնալու հանգամանքը նրա գրքի առանցքային կետն է, որի շուրջ  ձևավորվում է դրա մնացյալ ողջ բովանդակությունը․ միևնույն ժամանակ, իր բնույթով, այս իրադարձությունը կարծես թե դուրս է գալիս հավատքի բոլոր սահմաններից: Բազմաթիվ անհասկացողությունների և ագրեսիվ վերաբերմունքի հանդիպելով` այս դրվագը Աստվածաշնչյան մյուս բոլոր հատվածներից ամենաշատն է ենթարկվել տարատեսակ մեկնաբանությունների և աղավաղումների: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք ավելի մանրամասն կանդրադառնանք դրան:

   Քննադատների հիմնական ջանքերը ուղղվում են Հովնանի` կետի որովայնում երեք օր մնալու հանգամանքը որպես իսկապես տեղի ունեցած պատմական իրադարձություն ներկայացնելու անհնարինությունը հիմնավորելուն և դրա անխուսափելիորեն հորինվածք լինելն ապացուցելուն։ Վերջին նպատակին հասնելու համար նրանք փորձում են ամբողջ գիրքը որպես այս կամ այն բարոյադաստիարակչական նպատակով գրված գեղարվեստական ստեղծագործություն ներկայացնել և գրական ոճով այն կաʹմ առակի, կաʹմ էլ փոխաբերության հետ նույնացնել: Կանգ չառնելով այն հարցի վրա, թե Հովնան մարգարեի գիրքը որքանով կարելի է նույնացնել վերը հիշատակված և Աստվածաշնչի տարբեր հատվածներում հանդիպող գրական ոճերից որևէ մեկի հետ (սրա մասին ընթերցի՛ր Ներածության մեջ), մենք առաջին հերթին կմատնանշենք այն, որ Հովնանի` կետի որովայնում երեք օր մնալու պատմությունը հորինվածք անվանելը հարցի լուծում չէ: Պետք է ասել նաև, թե որտեղից է ի հայտ եկել այդ հորինվածքը, քանի որ հորինված պատմությունները հենց այնպես չեն առաջանում. ամենավառ երևակայությունն անգամ իր կերպարներն ու պատկերները, իսկ, ավելի ճիշտ, հորինված պատմության տարրերը, ամեն դեպքում վերցնում է իրականությունից. Հնարավոր չէ հորինել մի այնպիսի բան, որը իրականում չհանդիպի ինչ−որ կերպարով կամ ինչ−որ բանի նմանողությամբ: Վերոշարադրյալ դիրքորոշումը շատ դժվար է հերքել, ինչի պատճառով էլ սույն ստեղծագործության՝ զուտ հորինվածք լինելու տեսակետը արդեն քիչ պաշտպաններ ունի: Սկսում է գերիշխել մեկ այլ տեսակետ, համաձայն որի անհրաժեշտ է համարվում գրքի բովանդակությունը այս կամ այն կերպ կապել իրականության հետ։ Եվ ահա, այս զիջումն անելով, քննադատները սկսում են Հովնանի գրքի պատմությունը լեգենդ կամ առասպել համարել: Այս պարագայում ենթադրվում է, որ դրա հիմքում իրապես ընկած է պատմական ինչ−որ իրադարձություն կամ երևույթ, սակայն դա, երկար ժամանակ բանավոր ավանդության մեջ պահպանվելով, ժողովրդական երևակայության շնորհիվ այն աստիճան է ճոխացվել ու աղավաղվել, որ այդ պատմական հիմքի մասին շատ դժվար է ենթադրություն անել: Առանց հիմքի չմնալու համար՝ այս տեսակետի պաշտպանները փորձում են Հովնանի գրքի բովանդակությունը ազատել հետագայում ի հայտ եկած երևակայական շերտերից և գտնել դրա պատմական հիմքը: Որոշ ուսումնասիրողներ այդ հիմքը փորձում են գտնել Հովնան մարգարեի կյանքի մեջ կամ էլ, առհասարակ, հրեական պատմության մեջ, իսկ ոմանք էլ նույնիսկ դիմում են հեթանոսական առասպելներին: Ըստ հրեա ռաբբիների, ապա՝ բողոքական էկզեգետների արտահայտած կարծիքի՝ պարզապես Հովնանի գիրքն անհրաժեշտ է ազատել հրաշքի մասին մանրամասներից, և մեր առջև կհառնի իրական պատմությունը: Նրանք ասում են, որ Հովնանն իրապես քարոզելու նպատակով ուղարկվել է Նինվե, սակայն չի ենթարկվել Տիրոջը և նավարկել է Թարսիս։  Ծովագնացության ընթացքում իրոք փոթորիկ է եղել, սակայն այդ դեպքերի ժամանակ որևէ հրաշք տեղի չի ունեցել, այլ նավը նավաբեկության է ենթարկվել, իսկ Հովնանն էլ անսպասելիորեն փրկվել է: Այս նավաբեկությունն ու փրկությունը Հովնանի կողմից որպես վերևից ուղարկված նախազգուշացում են ընկալվել, և նա ճանապարհ է ընկել դեպի Նինվե: Որպեսզի մարգարեի փրկության դրվագը նման լինի նրա գրքում նկարագրվող պատմությանը, ոմանք ասում են, որ Հովնանին մեկ այլ նավ է փրկել, որը կրել է «Կետ» անվանումը, և դրա վրա Հովնանը մնացել է երեք օր, իսկ հետո ափ է իջեցվել և ճանապարհվել է դեպի Նինվե: Կամ էլ նավաբեկությունից հետո Հովնանը բռնվել է պատահաբար [ջրի] մակերևույթին լողացող սատկած կետի մարմնից, և այնուհետև նրանց երկուսին էլ ալիքները ափ են նետել: Մեկնիչների մեկ այլ խումբ Հովնանի մարգարեությունը հրաշագործությանը վերաբերող տարերից «մաքրում է»՝ դրանք երազների դաշտին առնչելով. այս հեղինակներն ասում են, որ Թարսիս նավարկելու ճանապարհին Հովնանը քնել է (Հովն. 1:5), և փոթորիկ է եղել: Ինչպես հաճախ մենք ենք երազում արձագանքում մեզ շրջապատող իրականությունից ստացած տպավորություններին, այնպես էլ Հովնան մարգարեն է նավի ճոճվելու և ալիքների աղմուկի հետևանքով սկսում փոթորիկի մասին երազ տեսնել: Տիրոջ առջև իրեն մեղավոր զգալով՝ նա նաև երազում է տեսնում, որ փնտրում են փոթորկի համար մեղավորին, վիճակ են գցում, և այն իրեն է ընկնում, նրան ծովն են նետում, և մի ահավոր հրեշ  կարծես թե  կուլ է տալիս նրան, սակայն, ի զարմանս իրեն, նա կենդանի է մնում այդ հրեշի որովայնում և իր փրկության համար սկսում է թախանձագին աղերսել Տիրոջը, որից հետո այդ հրեշը նրան ափ է նետում: Այդ ժամանակ Հովնանը արթնանում է։ Փոթորիկը դեռ մոլեգնում է ծովում, նավի վրա խառնաշփոթ է լինում, ինչն էլ ավելի է սաստկացնում Հովնանի վրա մղձավանջային երազի թողած տպավորությունները, և մարգարեն զղջում է Աստծուն իր անհնազանդության համար: Մատնանշվածներից բացի՝ գոյություն ունեն նաև Հովնանի գրքի սյուժեն պարզ և բնական կերպով ներկայացնելու այլ փորձեր: Դրանք բոլորը ներկայացնելու հարկ չկա․ կարելի է սահմանափակվել միայն վերը շարադրված երկու ամենահաջող տարբերակներով: Որպես Հովնանի գրքի բացատրության փորձեր ո՞րն է դրանց արժեքը: Անկասկած, դրանք կարող են գայթակղել իրենց պարզ և բնական թվացող բնույթով, սակայն դա բավարար չէ. փաստերի պարզեցված ներկայացումը հաճախ դառնում է տեքստի խեղաթյուրում։ Անհրաժեշտ է, որ այս պարզեցումներն իրենց համար, բացի այստեղ հրաշքներ չտեսնելու ցանկությունից, որևէ այլ հիմք ունենան: Սակայն Հովնանի մարգարեության առասպելական բնույթ ունենալու տեսության պաշտպանները, մերժելով դրա պատմական բնույթ ունենալու հանգամանքը, իրենց խոսքը հիմնավորող ուրիշ ոչ մի փաստարկ չեն մատնանշում: Այսպիսով՝  հարցի լուծումը իրենց ձևով ներկայացնելու նրանց փորձերը ներկայանում են որպես նրանց հաճելի ու պարզ ենթադրություններ: Արդեն բազմաթիվ նմանատիպ ենթադրություններ են արվել։  Կարելի է անթիվ նման ենթադրություններ անել, սակայն դրանք չեն կարող մեզ մոտեցնել ճշմարտությանը, որը մեկն է:

   Հովնանի կյանքի դրվագներում նրա գրքի համար պատմական հիմք գտնելու փորձերի  անարդյունք լինելը շատ մեկնաբանների ստիպում է դրա համար աղբյուրներ գտնելու նպատակով դիմել նույնիսկ հեթանոսական դիցաբանությանը: Այս պարագայում նրանք առավել հաճախ մատնանշում են Հերկուլեսի և Հեզիոնի մասին հունական, Պերսևսի և Անդրոմեդայի մասին փյունիկյան և Օհաննեսի մասին բաբելոնյան առասպելները: Ասում են, որ Հովնան մարգարեի գիրքը և, հատկապես, կետի փորում երեք օր մնալու դրվագը վերը հիշատակված այս կամ այն դիցաբանական պատմության վերաձևակերպումն է: Սակայն եթե Հովնանի մարգարեության բովանդակությունը համեմատենք վերոհիշյալ առասպելների հետ, ապա դրանց միջև շատ քիչ ընդհանուր բան կարող ենք գտնել: Մասնավորապես, Հերկուլեսի մասին առասպելում, ինչպես որ այն փոխանցվում է հնագույն հեթանոս հեղինակների կողմից (Ապպոլոդոր, Օվիդիյ, Դիոդոր Սիցիլիացի, Հոմերոս` Հելլադա, XX 144–148), չկան այնպիսի մանրամասներ, որոնք կարող են հիմք դառնալ կետի կողմից Հովնանին կուլ տալու պատմության համար։ Ծովային հրեշի հետ Հերկուլեսի պայքարը ներկայացվում է իբրև արտաքին մենամարտ։ Բացի այդ՝  հունական դիցաբանության հետ հրեաները կարող էին ծանոթանալ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից ոչ շուտ, իսկ Հովնանի մարգարեությունը դրանից գրեթե հարյուր տարի առաջ արդեն մտել էր Սուրբ գրքերի կանոնի մեջ: Սակայն ամենամեծ հակադրությունը, որը հնարավոր է նկատել այն բոլոր փորձերի պարագայում, որոնց նպատակն է Հովնանի մարգարեության համար հիմք ծառայեցնել հեթանոսական դիցաբանությունը, այն չէ, որ հիշյալ առասպելների և Հովնանի մարգարեության բովանդակության մեջ քիչ նմանություններ կան, և ոչ էլ այն է, որ հիշյալ առասպելներից որոշներն ավելի ուշ ժամանակաշրջանի ծագում ունեն, քան Հովնանի մարգարեությունը, այլ այն է, որ անհնար է՝  հրեա հեղինակի բարոյական պատկերացումները թույլ տային նրան օգտվել հեթանոսական դիցաբանության առասպելներից՝ դրանք Տեր Աստծու մարգարեի մասին պատմության վերածելու համար: Թեև հրեաները հրապուրվում էին հեթանոսությամբ (նրանք հրապուրվում էին հեթանոսական պաշտամունքի ձևերով և թեթև բարքերով), սակայն հեթանոսական բազմաստվածության և Միակ Աստծո հանդեպ հավատքի գաղափարական հակադրությունը երբեք չէին մոռանում: Մասնավորապես, Հովնանի մարգարեության հեղինակը հաստատուն կերպով հավատում է միակ Աստծուն` տիեզերքի Արարչին (Հովն. 1:9), իսկ հեթանոս աստվածներին համարում է ունայն ու կեղծ ( Հովն. 2:9): Ինչպե՞ս կարող էր գաղափարներով և զգացմունքներով ամբողջ հեթանոսությանը հակառակ մարդը վերցնել հեթանոս աստվածների մասին պատմությունը և իր կրոնական նպատակների համար ձևափոխել այն:

   Հովնանի՝ երեք օր կետի փորում մնալու պատմության աղբյուրները ժողովրդական ավանդության (այստեղ պարզ թվացող իրադարձությունները զարդարվում են հրաշալի մանրամասներով) և հեթանոսական դիցաբանության մեջ գտնելու փորձերի անհաջող ու անարդյունք լինելուց հետո մենք ավելի ենք համոզվում, որ այն պետք է իրական պատմություն համարել և փորձել մեզ համար հնարավորինս հասկանալի դարձնել:

   «Եվ Տերը հրամայեց մեծ կետին կուլ տալ Հովնանին»: Ծովային կենդանին, որին Տերը հրամայում է կուլ տալ Հովնանին, եբրայերեն տեքստում կոչվում է «դագ գադոլ», որն էլ նշանակում է «մեծ ձուկ»: Ծովային կաթնասուններին (սակայն ոչ ձկներին) մատնանշելու համար եբրայերենում կիրառվում են «լեվյաթան» և «տաննիմ» արտահայտությունները ( Հոբ 40:25, 7:12, Սաղմ. 103:26, Ծննդ. 1:21), սակայն չի օգտագործվում «դագ» բառը, և այդ իսկ պատճառով այս պարագայում չի կարելի մտածել, որ Հովնանին կետն է կուլ տալիս: Նմանատիպ ընկալման պարագայում թուլանում է այն առարկությունը, համաձայն որի Հովնանի հետ պատահած հրաշքն անբնական է, քանի որ կետի կոկորդը շատ նեղ է: Ինչ վերաբերում է հունարեն ու սլավոներեն թարգմանություններին, ապա դրանք կիրառում են «κητος−կետ» բառը, քանի որ այդ ժամանակներում այս բառը չէր կապվում կաթնասունների հատուկ տեսակի հետ, այլ առհասարակ ուներ ծովային հրեշ իմաստը, որն իր մեջ ներառում էր նաև ծովային մեծ ձկանը («հրաշք կետ՝ ձուկ»): Տեքստում չի նշվում, թե Հովնան մարգարեին ինչ տեսակի ձուկ է կուլ տվել, սակայն կարելի է ենթադրել, որ դա եղել է շնաձուկ: Միջերկրական ծովի ջրերում ապրող և «squalus carcharias−մարդակեր շնաձուկ» անվանվող շնաձկան տեսակը հասնում է մինչև 32 ոտնաչափ երկարության և միանշանակ կարող է մարդուն ամբողջությամբ կուլ տալ:

   «Եվ Հովնանը կետի փորում մնաց երեք օր և երեք գիշեր»: «Երեք օր և երեք գիշեր» արտահայտությունը Աստվածաշնչյան լեզվում պարտադիր չէ, որ երեք ամբողջական օրերի իմաստ ունենա (Ա Թագ. 30:12, 13, Եսթ. 4:15; 5:1), այլ կարող է անգամ 26−28 ժամ տևողությամբ ժամանակահատվածի իմաստ ունենալ (Մատթ. 27:46, Մարկ. 25:34, Ղուկ. 20:43−46), եթե այն սահմանափակվի առաջին օրվա ավարտով և երրորդ օրվա սկիզբով: Եթե նույնիսկ Հովնանի՝ կետի փորում երեք օր մնալու ժամանակահատվածը դարձնենք 26−28 ժամ, ապա անգամ այս դեպքում սույն դեպքը շարունակում է հրաշք մնալ, այսինքն՝ սա մի իրադարձություն է, որը հնարավոր չէ բացատրել միայն բնական ուժերի սովորական ազդեցության միջոցով: Այդ իսկ պատճառով էլ Փրկիչը այս իրադարձությունը «նշան» է անվանում, որը նման է երեքօրյա մահվանից հետո Նրա Հարությանը․ Հովնանի՝ երեք օր կետի փորում մնալը համեմատվում է Քրիստոսի՝ գերեզմանում և դժոխքում մնալու հետ: Սա նշանակում է, որ կետի որովայնում Հովնան մարգարեն կարծես թե  թաղված էր, և այն բնական պայմանները, որոնցում նա հայտնվել էր, նրան անխուսափելիորեն պետք է դեպի մահ տանեին, և եթե նա ողջ է մնում, ապա դա տեղի է ունենում բացառապես Տիրոջ Ամենակարողության ազդեցության շնորհիվ: «Եթե ցանկանում է Տերը, ապա հաղթահարվում են բնական երևույթները»: Մեզ տրված չէ իմանալ, թե Տերը ինչպես պահպանեց Հովնանի կյանքը կետի փորում. մենք չենք կարող հասկանալ, թե Տիրոջ կողմից կատարվող հրաշքներն ինչպես են տեղի ունենում, սակայն մարդկային գիտակցությունն ամբողջական կերպով չի հրաժարվում այս կամ այն հրաշքի կատարման կերպը պատկերացնել, բնական երևույթների մեջ դրա համար զուգահեռներ փնտրել և այդպիսով իր գտնելիքներով հավատքի համար հենարան գտնել փորձելուց: Կետի փորում ողջ մնալու հրաշքը բացատրող զուգահեռներ կարող են լինել մարդու ջրի տակ երկար ժամանակ գտնվելուց հետո կյանք վերադառնալը, կլինիկական մահը կամ լեթարգիան և, վերջապես, մոր որովայնում երեխայի իննը ամիս մնալը: Բերված օրինակներից առաջին հերթին հետևում է, որ օդից զրկվելուց հետո մարդու մահը կարող է անմիջապես վրա չհասնել: Ճիշտ է, ջրի տակ գտնվող մարդու համար մահը կարճ ժամանակով է հետաձգվում, բայց կարևորն այն է, որ նմանատիպ երևույթն այլևս բացարձակապես անհնարին չի դառնում: Իսկ այն, ինչը բնական պայմաններում կարող է ընդամենը մի ակնթարթ հնարավոր լինել, հեշտ է պատկերացնել, որ Աստծո Ամենազորության ազդեցությամբ շարունակվի և ավելի երկար տևի: Այսպիսի պարագան մեզ համար արդեն ոչ թե անբնական, այլ գերբնական է, դրանով բնության օրենքները չեն խախտվում, այլ Աստված դրանք օգտագործում է իր նախախնամական նպատակներն իրականացնելու համար: Լեթարգիայի դեպքերը, երբ մահացած թվացող մարդուն թաղում են, և նա դեռ որոշ ժամանակ շարունակում է ապրել, վկայում են այն մասին, որ կենսագործունեության նվազման պարագայում մարդը համեմատաբար տևական ժամանակ կարող է գոյատևել առանց նորմալ քանակությամբ օդի: Եթե դա հնարավոր է բնականորեն, ապա առավել ևս հեշտ է պատկերացնել, որ նմանատիպ իրողություն կարող է տեղի ունենալ հրաշքի ձևով: Վերջապես, բնական օրենքները, որոնց միջոցով փոքրիկի կյանքը պահպանվում է մոր արգանդում, իրենց բնույթով մեզ համար ոչ պակաս արտասովոր և հրաշալի են, քան Հովնանի՝ կետի փորում մնալը: Եթե Տերն այնպիսի օրենքներ է ստեղծել, որոնց համաձայն մի էակի կյանքը ամիսներ շարունակ պահպանվում է մյուսի արգանդում, ապա արդյո՞ք Նա իշխանություն չունի այդ օրենքներն ու երևույթներն այնպես դասավորել, որ  երեք օր շարունակ մարդու կյանքը պահպանվի ձկան որովայնում:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին: Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր:
(Արարատ թարգ․ 1։17) Եվ Տերը մի մեծ ձկան հրամայեց, որ Հովնանին կուլ տա։ Եվ Հովնանը երեք օր ու երեք գիշեր ձկան փորում էր։
(Գրաբար) Եւ հրաման ետ Տէր կիտին մեծի կլանել զՅովնան. եւ էր Յովնան ի փոր կիտին զերիս տիւս եւ զերիս գիշերս։