Ա․ Լոպուխին
Եվ այդ ժամանակ, Ես լամպով կզննեմ Երուսաղեմը և կպատժեմ նրանց, ովքեր նստում են իրենց մրուրի վրա և ասում են իրենց սրտում. «Տերը ոչ բարիք է անում, ոչ էլ չար»: (Սինոդական թարգ․)[12]
12−րդ համարի սկզբում եբրայերեն ընդունված տեքստի «баэт хахи», (Վուլգաթա՝ «in tempore illo») ընթերցման փոխարեն Յոթանասնիցի հունարեն տեքստը, առանց որևէ տարբերակի, այլ ընթերցում ունի՝ «en th 'hmera ekein»: Հաշվի առնելով այն փաստը, որ Սոփոնիա մարգարեի գրքի առաջին գլուխը Աստծու դատաստանի հայտնության պահը ցույց տալու համար 12−րդ համարից և՛ առաջ, և՛ հետո օգտագործում է «йом−օր», այլ ոչ թե «эт−ժամանակ» բառը, ինչպես նաև նկատի ունենալով այն պարագան, որ «бейомхаху» արտահայտությունը հանդիպում է նաև որոշ հրեական Կեննիկօտտի ձեռագրերում (համար 30, 139, 150, 158), Յոթանասնիցի «այդ օրը» ընթերցմանը պետք է ավելի նախապատվություն տալ, քան մասորեթական տեքստի և Վուլգաթայի ընթերցմանը: Եհովայի բարկության օրը Նրա պատժիչ ձեռքից որևէ մեկի խուսափելու անհնարինությունը մարգարեն 12−րդ համարի առաջին մասում հստակորեն ներկայացնում է Տեր Աստծուն քաղաքի մութ ու թաքնված վայրերում լապտերով քայլելիս նկարագրելով (Յոթանասնիցի «meta lucnou−լամպով» արտահայտությունն այստեղ ավելի ճշգրիտ է, քան եբրայերեն «баннерот»−ը և Վուլգաթայի «in lucetnis»−ը)։ Այս տեղերում Երուսաղեմի բնակիչները կարող էին թաքնվել թշնամիներից: «Սա այլաբանությամբ է արտահայտվում, և խոսքի պատկերը վերցվում է նրանցից, ովքեր ճրագը օգտագործում են ինչ−որ կորած բան փնտրելիս և ձեռքից բաց չեն թողնում, մինչև չեն գտնում» (Թեոդորոս Կյուրացի): Այս պատկերը հատկապես հասկանալի է դառնում՝ արևելյան շինությունների հայտնի խավարը և փոքր ծավալ ընդգրկելը նկատի ունենալով (Ղուկ. 15:8): Այս կանխատեսումը, իր ամբողջ սարսափելի ճշգրտությամբ, կատարվեց արդեն քաղդեացիների կողմից Երուսաղեմի գրավման և, նույնիսկ ավելիով, հռոմեացիների կողմից այս քաղաքի կործանման ժամանակ: Երանելի Հերոնիմոսն այս տեղի մասին նշում է. «Կարդալով Հովսեփոս (Փլավիոսի) պատմությունները՝ այնտեղ կգտնենք այն բանի նկարագրությունը, որ նույնիսկ կեղտաջրի փոսերից, քարանձավներից, գազանների որջերից և գերեզմանների խորքերից դուրս հանեցին իշխաններին, թագավորներին, հայտնի մարդկանց և քրմերին, որոնք մահվան վախի ազդեցության տակ թաքնվել էին այդ վայրերում» (Ստեղծագործություն / Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք, Մաս 14, Կիև, 1898 թ., էջ 257, տե՛ս սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի Սոփոնիայի մարգարեության մեկնություն // Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 344): Վաստակած անողոք պատիժը առաջին հերթին հասնելու է «նրանց, ովքեր նստում են իրենց մրուրի վրա (եբրայերեն՝ «хаккофэим аль шимрехем» − իրենց թթված մակարդի վրա) և ասում են իրենց սրտում. «Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ էլ չար»: Այստեղ պատկերը, ինչպես Մովաբի մասին Երեմիա մարգարեի (48:11) նմանատիպ խոսքերում, ակնհայտորեն վերցված է հին գինուց, որը, երբ լցվում է մի անոթի կամ փոխադրվում մեկ այլ ամանի մեջ, չի մաքրվում նստվածքից և, հետևաբար, անխուսափելիորեն պահպանում է իրեն բնորոշ հոտը և համը: Այդ կերպ էլ մարգարեների բոլոր հորդորների ու սպառնալիքների նկատմամբ անշարժ, անտարբեր և խուլ էին Երուսաղեմի բնակիչները: Օգտվելով աշխարհի պարգևներից և անտեսելով ապաշխարության բոլոր կոչերը՝ նրանք խորապես ընկղմվել էին իրենց մեղավոր կյանքի մեջ և ամբողջովին դադարել էին վախենալ Աստծու դատաստանից: 12−րդ համարի երկրորդ հատվածում զետեղված մարգարեի քննարկվող խոսքերը բացատրելով՝ երանելի Թեոդորիտն ասում է. «Այստեղ դատապարտում է նրանց, ովքեր մերժում են նախախնամությունը, ովքեր համարձակվում են ասել, որ ամեն ինչ պատահական է, ովքեր պնդում են, որ Աստված ո՛չ օգնում է և ո՛չ էլ պատժում» (էջ 45): Ըստ երանելի Հերոնիմոսի՝ Աստծո բարկությամբ կայցելվեն «նրանք, ովքեր, մի կողմ թողնելով Նախախնամությունը, ասում են, որ Աստված մեղավոր չէ ո՛չ բարի մարդկանց բարիքի և ո՛չ էլ չարերի չարիք համար, այլ ամեն ինչ վերահսկվում է երջանկության կամքով և սլանում է անորոշ պատահականությամբ» (տե՛ս նշված աշխատություն, էջ 257): Նման մտքերն ու համոզմունքները, ըստ էության, սահմանակից լինելով անհավատությանը (Սաղմ. 9:25 և հաջորդը, Սաղմ. 49:21), Աստծո գոյության գործնական ժխտումն են: Անշուշտ, Աստծո մարգարեները, որպես կուռքերի ոչնչության ամենազորավոր ապացույց, ներկայացնում են այն, որ նրանք չեն կարող ո՛չ չարիք և ո՛չ էլ բարիք գործել (Ես. 41:23; Երեմ. 10:8): Արդյո՞ք Երուսաղեմի բնակիչների կողմից դրսևորված ծայրահեղ անհավատության արտահայտություն չէր այն, որ նրանք Եհովային՝ միակ ճշմարիտ Աստծուն և աշխարհի Դատավորին, հայհոյանքով վերագրում էին անգործության նույն հատկությունը, որը դարձել էր կուռքերի անվերապահ սեփականությունը, և ծառայում էր որպես նրանց անկենդանության առաջին նշանը: Ակնհայտորեն, 6−րդ համարում մարգարեի կողմից հիշատակվող Աստծու և կրոնի հանդեպ անտարբերությունը շատերի մոտ եղել է Աստծու գոյության նկատմամբ թաքնված անհավատություն: Յոթանասնիցի տեքստում եբրայերեն «хаккофэим аль шимрехем» արտահայտությանը համապատասխանում է ամբողջովին այլ իմաստով և նշանակությամբ «touj katafronoutaj epi ta fulagmata autwn» բառը (սլավոներեն՝ «не радящыя о стражбах своих − չեն ուրախանում իրենց պահապանների համար»): Այս նույն ընթերցումը իրենց մեկնաբանություններում առաջարկում են նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին և Թեոդորոս Կյուրացին: «Պահակներ,− ասում է վերջինս,− անվանում է այն օրենքով սահմանվածներին, որոնք օրենքը պատվիրում է պահել» (էջ 45): Սուրբ Կյուրեղը «պահակներ» արտահայտությունը կա՛մ ընդհանուր իմաստով հայտնի դեպքերում կատարելու համար սահմանված օրենքների, կա՛մ էլ մասնավոր քահանայական կանոնների մասին է հասկանում (տե՛ս նույն տեղում, էջ 344): Տարբեր գիտնականների կողմից հունարեն տեքստում եղած նման էական տարբերակի ծագումը բացատրելուն ուղղված փորձերը չեն հասնում իրենց նպատակին: Ամեն դեպքում, այստեղ սկզբնական տարբերակն ավելի մոտ է հրեական մասորեթական տեքստին, քան Յոթանասնիցի թարգմանությունը (Ի. Տյուրնին, Սոֆոնիա Մարգարեի գիրքը, Սերգիև Պոսադ, 1897, էջ 46, 47):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այն օրը ճրագով կը խուզարկեմ Երուսաղէմը եւ կը պատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանութեանը յանձնուած իրերը եւ որոնք ասում էին իրենց սրտում. «Տէրը ո՛չ բարի գործ է անում եւ ո՛չ՝ չար»:
(Արարատ թարգ․) Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ քննեցից զԵրուսաղէմ ճրագաւ, եւ խնդրեցից վրէժ յարանցն որ արհամարհեցին զպահպանութիւնս իւրեանց, որ ասէին ի սիրտս իւրեանց. Ոչ բարի ինչ առնէ Տէր եւ ոչ չար։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: