Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Եվ այն ժամանակ պիտի լինի, որ Ես ճրագով պիտի նայեմ Երուսաղեմին և պիտի պատժեմ նրանց, որոնք նստած են իրենց մրուրի վրա և ասում են իրենց սրտում՝ «Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ էլ՝ չարիք»»։ (Սինոդական թարգ․)[12]
12−րդ համարի սկզբում եբրայերեն ընդունված տեքստի՝ «բայեթ հահի» (այն ժամանակ), և Վուլգաթայի՝ «in tempore illo» (այն ժամանակ) ընթերցման փոխարեն, Յոթանասնիցի հունարեն տեքստը, առանց որևէ տարբերակի, ունի այլ ընթերցում՝ «ἐν τῇ ἡμέρᾳ ἐκείνῃ» (այն օրը): Հաշվի առնելով, որ Սոփոնիա մարգարեի գրքի առաջին գլխում Աստծու դատաստանի հայտնության պահը ցույց տալու համար 12−րդ համարից և՛ առաջ, և՛ հետո գործածվում է «յոմ» (օր), և ոչ թե «էթ» (ժամանակ) բառը, ինչպես նաև նկատի ունենալով, որ «բեյոմ հահու» (այն օրը) ընթերցումը հանդիպում է նաև Քեննիկոտի որոշ եբրայական ձեռագրերում (թիվ 30, 139, 150, 158), առավել հիմնավոր է նախապատվություն տալ Յոթանասնիցի «այն օրը» ընթերցմանը, քան մասորեթական տեքստի և Վուլգաթայի ընթերցումներին: Այն, որ Տեր Աստծու բարկության օրը ոչ ոք չի կարող խուսափել Նրա պատժող ձեռքից, մարգարեն 12−րդ համարի առաջին մասում պատկերում է արտահայտիչ կերպով՝ նկարագրելով Տեր Աստծուն՝ քաղաքի մութ ու ծածուկ վայրերում ճրագով շրջելիս, որտեղ Երուսաղեմի բնակիչները կարող էին թաքնվել թշնամիներից:
Յոթանասնիցի «μετα λύχνου» և սլավոներեն՝ «со светильником» (ճրագով) ընթերցումն այստեղ ավելի ճշգրիտ է, քան եբրայերեն «բաններոթ»−ը և Վուլգաթայի «in lucetnis»−ը: «Սա այլաբանորեն է ասված, իսկ պատկերը վերցված է նրանցից, ովքեր ճրագ են վերցնում ինչ−որ կորած բան փնտրելիս և ձեռքից չեն դնում, մինչև չեն գտնում» (Երանելի Թեոդորիտոս Կյուրացի): Այս պատկերը հատկապես հասկանալի է դառնում՝ արևելյան շինությունների հայտնի խավարը և նեղությունը նկատի ունենալիս (հմմտ. Ղուկ. 15:8): Այս կանխատեսումն իր ողջ ճշտությամբ իրականացավ արդեն քաղդեացիների կողմից Երուսաղեմի գրավման ժամանակ և առավել ևս՝ հռոմեացիների կողմից այս քաղաքի կործանման օրերին:
Երանելի Հերոնիմոսն այս տեղի վերաբերյալ նշում է. «Կարդալով Հովսեփոս Փլավիոսի պատմությունները՝ այնտեղ կգտնենք նկարագրություն, թե ինչպես էին նույնիսկ կեղտաջրի փոսերից, քարանձավներից, գազանների որջերից և գերեզմանների խորքերից դուրս բերում իշխաններին, թագավորներին, հայտնի մարդկանց և քրմերին, որոնք մահվան երկյուղից թաքնվել էին այդ վայրերում» («Ստեղծագործություններ. Սոփոնիայի մարգարեության մեկնության մեկ գիրք», մաս 14, Կիև, 1898 թ., էջ 257, տե՛ս սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի. «Սոփոնիայի մարգարեության մեկնություն». Աստվածաբանական բանբեր, 1895, հ. Բ, էջ 344): Վաստակած անողոք պատիժն առաջին հերթին հասնելու է նրանց, ովքեր նստած են իրենց մրուրի վրա (եբր.՝ «հակկոֆեիմ ալ շիմրեխեմ» − իրենց թթված նստվածքի վրա) և ասում են իրենց սրտում. «Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ էլ՝ չարիք»: Այստեղ պատկերը, ինչպես նաև Երեմ. 48:11-ում Մովաբի մասին ասված նմանատիպ խոսքերում, ակնհայտորեն վերցված է հին գինուց, որը, երբ լցվում է մի անոթի կամ փոխադրվում մեկ այլ ամանի մեջ, չի մաքրվում նստվածքից և, հետևաբար, անխուսափելիորեն պահպանում է իրեն բնորոշ հոտը և համը: Այդպես էլ Երուսաղեմի բնակիչները մարգարեների բոլոր հորդորների ու սպառնալիքների հանդեպ մնացել էին անհաղորդ, անտարբեր և խուլ: Օգտվելով խաղաղ կյանքի բարիքներից և անտեսելով ապաշխարության բոլոր կոչերը՝ նրանք խորապես ընկղմվել էին իրենց մեղավոր կյանքի մեջ և ամբողջովին դադարել էին վախենալ Աստծու դատաստանից:
Մեկնաբանելով մարգարեի 12−րդ համարի երկրորդ հատվածի քննարկվող խոսքերը՝ երանելի Թեոդորիտոսն ասում է. «Այստեղ նա դատապարտում է նրանց, ովքեր մերժում են նախախնամությունը, ովքեր համարձակվում են ասել, թե ամեն ինչ պատահական է, և պնդում են, թե Աստված ո՛չ բարիք է անում և ո՛չ էլ պատժում» (էջ 45):
Ըստ երանելի Հերոնիմոսի՝ Աստծու բարկությամբ պիտի պատժվեն «նրանք, ովքեր, մերժելով նախախնամությունը, ասում են, թե Աստված չէ բարի մարդկանց բարիքների պատճառը և ոչ էլ չարերի համար՝ չարիքի պատճառը, այլ ամեն ինչ կառավարվում է բախտի կամքով և առաջ մղվում անորոշ պատահականությամբ» (տե՛ս նշված աշխատություն, էջ 257): Նման մտքերն ու համոզմունքները, ըստ էության, հարելով անհավատությանը (Սաղմ. 9:25, Սաղմ. 49:21), հանդիսանում են Աստծու գոյության գործնական ժխտումը: Անշուշտ, Աստծու մարգարեները, կուռքերի ոչնչության ամենահաստատ ապացույցը համարում են հենց այն, որ նրանք չեն կարող ո՛չ չարիք պատճառել և ո՛չ էլ բարիք անել (Ես. 41:23, Երեմ. 10:8): Մի՞թե Երուսաղեմի բնակիչների անհավատության ծայրահեղ արտահայտություն չէր, երբ նրանք Տիրոջը՝ միակ ճշմարիտ Աստծուն և աշխարհի Դատավորին, սրբապղծորեն վերագրում էին անգործության նույն հատկանիշը, որը լինելով կուռքերի անվերապահ սեփականությունը, ծառայում էր որպես նրանց անշունչ լինելու ամենահավաստի նշան: Ակնհայտորեն, 6−րդ համարում մարգարեի կողմից հիշատակվող Աստծու և կրոնի հանդեպ անտարբերությունը շատերի մոտ իրականում ծածուկ անհավատություն էր Աստծու գոյության հանդեպ:
Յոթանասնիցի տեքստում եբրայերեն «հակկոֆեիմ ալ-շիմրեյհեմ» արտահայտությանը համապատասխանում է ամբողջովին այլ իմաստ ունեցող «τοὺς καταφρονοῦντας ἐπὶ τὰ φυλάγματα αὐτῶν» արտահայտությունը (սլավ.՝ «не радящыя о стражбах своих» − «իրենց պահպանության մասին չհոգացողներ»): Այս նույն ընթերցումը իրենց մեկնություններում առաջարկում են նաև սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացին և երանելի Թեոդորիտոսը: Վերջինս ասում է. «Պահապաններ ասելով նկատի ունի այն ինչ սահմանված է օրենքով, այսինքն այն, ինչ օրենքը պատվիրում է պահել» (էջ 45): Սուրբ Կյուրեղը «պահապաններ» արտահայտությունը հասկանում է կա՛մ ընդհանուր առմամբ օրենքները, որոնք սահմանված են որոշակի դեպքերում կատարելու համար, կա՛մ մասնավոր քահանայական կանոնները (տե՛ս նույն տեղում, էջ 344):
Տարբեր գիտնականների կողմից արված փորձերը՝ բացատրելու հունարեն տեքստում այսքան էական տարընթերցումների ծագումը, չեն հասնում իրենց նպատակին: Ամեն դեպքում, այստեղ սկզբնական տարբերակն ավելի մոտ է մասորեթական եբրայերեն տեքստին, քան Յոթանասնիցի թարգմանությունը (Ի. Թյուրնին. «Սոփոնիա Մարգարեի գիրքը», Սերգիև Պոսադ, 1897, էջ 46, 47):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այն օրը ճրագով կը խուզարկեմ Երուսաղէմը եւ կը պատժեմ այն տղամարդկանց, որոնք արհամարհեցին իրենց պահպանութեանը յանձնուած իրերը եւ որոնք ասում էին իրենց սրտում. «Տէրը ո՛չ բարի գործ է անում եւ ո՛չ՝ չար»:
(Արարատ թարգ․) Եվ այդ ժամանակ Երուսաղեմը պիտի խուզարկեմ ճրագներով և պիտի պատժեմ իրենց մրուրի վրա հանգչող մարդկանց, որոնք իրենց սրտում ասում են. Տերը ո՛չ բարիք է անում, ո՛չ չարիք։
(Գրաբար) Եւ եղիցի յաւուր յայնմիկ՝ քննեցից զԵրուսաղէմ ճրագաւ, եւ խնդրեցից վրէժ յարանցն որ արհամարհեցին զպահպանութիւնս իւրեանց, որ ասէին ի սիրտս իւրեանց. Ոչ բարի ինչ առնէ Տէր եւ ոչ չար։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: