Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:15

Ա․ Լոպուխին

Այսպես կլինի հրճվալից քաղաքը, որ ապրում է անհոգ, և ասում իր սրտում. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկը չկա»: Ինչպես այն դարձավ ավերակ, կենդանիների համար բույն: Յուրաքանչյուր ոք, ով կանցնի նր մոտով, կսուլի և ձեռքը կթափահարի: (Սինոդական թարգ․)[15]
   
   Վերջին համարը բնութագրում է Նինվեի հպարտությունը և միաժամանակ պատկերում է այն ապշեցուցիչ հակադրությունը, որը գոյություն ունի այս քաղաքի երբեմնի ծաղկուն վիճակի և վերջնական ամայացման ու մոտ ապագայում գազանների որջի վերածման միջև: Նինվեի անչափելի և անսանձ հպարտությունն արտահայտված է ցանկացած չափի զգացումից զուրկ հետևյալ համոզման մեջ․  «Ես եմ, և ինձանից բացի ուրիշ ոչ մեկը չկա» (Ես. 47:8): Նման մեծ և սարսափի մոտ զարմանքը կարտացոլի ոչ միայն Ասորեստանի, այլ նաև ամբողջ Ասիայի երբեմնի փառքով պսակված մայրաքաղաքի կատարյալ ամայացման տեսքը: Եվ ամեն անցորդ  զարմանքով և սարսափով կսուլի և ձեռքը կթափահարի (Գ Թագ. 9։8, Երեմ. 18:16, 49:17): «Որովհետև մարդկանց մոտ սովորություն է ակնկալվածից ավելի մեծ դժբախտությունների դեպքում սուլելը և ձեռքերը բարձրացնելը» (Թեոդորիտ, նույն  տեղում, էջ 51):
--------------------------------
15](Էջմիածին թարգ․) Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. «Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից յետոյ»: Ինչո՞ւ գազանների ճարակ դարձաւ այն եւ ապականուեց: Իւրաքանչիւր ոք, որ պիտի անցնի նրա միջով, պիտի սուլի եւ իր գլուխը շարժի:
(Արարատ թարգ․) Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։
(Գրաբար) Այս քաղաք վրիժագործ բնակեալ յուսով, որ ասէր ի սրտի իւրում. Ես եմ, եւ ոչ եւս ոք իցէ յետ իմ. զիա՞րդ եղեւ յապականութիւն ճարակ գազանաց. ամենայն որ անցանիցէ ընդ նա, շչեսցէ եւ շարժեսցէ զգլուխ իւր։