Սոփոնիայի մարգարեության մեկնություն 2:15

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Ահա թե ինչ պիտի լինի ցնծացող քաղաքը, որն ապրում է անհոգ, և ասում իր սրտում՝ «Ես եմ, և ինձնից բացի ուրիշ ոչ ոք չկա»։ Ինչպե՜ս այն դարձավ ավերակ, գազանների որջ։ Ամեն ոք, ով անցնի նրա մոտով, պիտի սուլի և ձեռքը թափահարի»: (Սինոդական թարգ․)[15]
   
   Եզրափակիչ համարը բնութագրում է Նինվեի հպարտությունը և միաժամանակ պատկերում այն ապշեցուցիչ հակադրությունը, որը գոյություն ունի այս քաղաքի երբեմնի ծաղկուն վիճակի և վերջնական ամայացման ու մոտ ապագայում գազանների որջի վերածվելու միջև: Նինվեի անսահման և անսանձ հպարտությունն արտահայտված է չափի զգացումից զուրկ հետևյալ համոզմունքի մեջ. «Ես եմ, և ինձնից բացի ուրիշը չկա» (Ես. 47:8): Երբեմնի փառքով պսակված այդ մայրաքաղաքի՝ ոչ միայն Ասորեստանի, այլև ամբողջ Ասիայի գլխավոր քաղաքի, կատարյալ ամայացման տեսարանը պիտի այնքան մեծ զարմանք և սարսափ առաջացնի, որ յուրաքանչյուր անցորդ, ապշած ու զարհուրած, պիտի սուլի և ձեռքը թափ տա (հմմտ. Գ Թագ. 9։8, Երեմ. 48:17, 49:17), «որովհետև մարդիկ սովորություն ունեն անսպասելի մեծ դժբախտությունների դեպքում սուլել և ձեռքերը վեր բարձրացնել» (Երանելի Թեոդորիտոս, նույն տեղում, էջ 51):

--------------------------------
15](Էջմիածին թարգ․) Այսպէս է լինելու վրիժագործ քաղաքը, որ ապրում էր յոյսով, որ ասում էր իր մտքում. «Ես եմ, եւ ոչ ոք չի լինի ինձնից յետոյ»: Ինչո՞ւ գազանների ճարակ դարձաւ այն եւ ապականուեց: Իւրաքանչիւր ոք, որ պիտի անցնի նրա միջով, պիտի սուլի եւ իր գլուխը շարժի:
(Արարատ թարգ.) Սա է ցնծացող քաղաքը, որ անվտանգ ապրում էր, որ իր սրտում ասում էր. «Ես եմ, և ինձանից բացի ուրիշը չկա», ինչպե՜ս ավերակ և գազանների մակաղատեղի եղավ. նրա մոտով ամեն անցնող պիտի սուլի ու ձեռքը շարժի։
(Գրաբար) Այս քաղաք վրիժագործ բնակեալ յուսով, որ ասէր ի սրտի իւրում. Ես եմ, եւ ոչ եւս ոք իցէ յետ իմ. զիա՞րդ եղեւ յապականութիւն ճարակ գազանաց. ամենայն որ անցանիցէ ընդ նա, շչեսցէ եւ շարժեսցէ զգլուխ իւր։