Երեմիայի մարգարեության մեկնություն 20:16

Սուրբ  Եփրեմ Ասորի

16-17. Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ: Որովհետև ինձ չմեռցրեց արգանդում, որպեսզի ինձ համար իմ մայրը իմ գերեզմանը լիներ, և նրա արգանդը՝ հավիտյան հղի։
 
 Եվ անպարկեշտ է պնդել, որ Երեմիան մերձավորի վրա զայրացած մարդու պես վրեժխնդրություն էր ցանկանում: Ընդհակառակը, ինչպես արդեն ասացինք, կա′մ նա՝ որպես մարգարե, ուրիշներին սպասվող աղետներն էր կանխատեսում, կա′մ էլ ոչ դատապարտելի, ինչպես նաև մեզանից թաքնված ու մեր պատկերացումները գերազանցող պատճառներ ունեցող  վիշտն էր բացահայտում, և այն այնպիսի բառերով էր արտահայտում, որոնք անձամբ Սուրբ Հոգին էր որոշում և կազմում մարգարեների համար:
 

Ա. Լոպուխին

«Եվ թող այդ մարդու հետ լինի այնպես, ինչպես եղավ այն քաղաքների հետ, որոնք կործանեց Տերը և չխնայեց. թող նա առավոտը ողբ լսի, և կեսօրին՝ լաց»։(Սինոդակ. թարգմ.) [16]
 
 Քանի որ Երեմիայի հորը նրա ծննդյան մասին հայտնող մարդը չի կարող համեմատվել Սոդոմ և Գոմոր քաղաքների հետ, որոնք այստեղ նկատի ունի Երեմիան, և քանի որ անբնական է թույլ տալ, որ անծանոթը մտնի ծննդաբերող կնոջ մոտ և նույնիսկ կարողանա սպանել Երեմիային, երբ նա մոր արգանդում էր, ուստի ավելի լավ է ընդունել, որ 16––րդ համարի «isch = մարդ» բառի փոխարեն պետք է լինի «jom = օր» բառը, որն իր գրության ձևով ամբողջովին նման է առաջինին: Այս դեպքում՝ և՛ այստեղ, և՛ 17–րդ համարում միտքն ու արտահայտությունը հասկանալի են դառնում: Մարգարեն ցանկանում է, որ իր ծննդյան օրը լինի սգի օր, որպեսզի այդ օրը այլևս երեխաներ չծնվեն, քանզի այն Սոդոմի և Գոմորի պես զրկված կլինի կյանքից, և այդ օրը միայն լաց կլսվի: Հետո, այդ օրն իսկապես կարող էր սպանել Երեմիային, և վերջինս կարող էր մեռած ծնվել, և այդ իմաստով 17–րդ համարի արտահայտությունը բնական է դառնում:

---------------------------------------

[16] (Էջմիածին թարգմ.) Թող այդ մարդը դառնայ այն քաղաքների պէս, որոնք Տէրը բարկութեամբ կործանեց եւ չզղջաց. թող նա առաւօտները բօթ լսի, իսկ միջօրէի ժամին՝ աղաղակ,
(Արարատ թարգմ.) Այդ մարդը թող նման լինի այն քաղաքներին, որոնք կործանեց Տերը և չխնայեց։ Եվ նա թող առավոտը ողբ լսի, իսկ կեսօրին՝ ահազանգ։
 (Գրաբար) Եւ եղիցի մարդն այն իբրեւ զքաղաքս՝ զոր կործանեաց Տէր սրտմտութեամբ՝ եւ ոչ զղջացաւ։ լուիցէ գոյժ ընդ առաւաւտս եւ աղաղակ ի միջաւրեայ ժամանակի։