Զաքարիայի մարգարեության մեկնություն 3։1

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եվ նա ինձ ցույց տվեց Հեսուին՝ մեծ քահանայապետին, որը կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ, և սատանային՝ կանգնած նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար»։ (Սինոդական թարգ․)[1]
   
    Չորրորդ տեսիլքի ընդհանուր միտքը հետևյալն է. ընտրյալ ժողովրդին խոստացված բարիքներն, անկասկած, տրվելու են նրան, սակայն միայն այն պայմանով, որ ժողովուրդը մաքրվի մեղքերից, որոնք նրան հեռացնում են Աստծուց, Ով չի կարող բնակվել մեղքերով պղծված ժողովրդի մեջ: Այս տեսիլքում մարգարեին ցույց է տրվում ժողովրդի մեղքերի թողությունը՝ որպես Աստծու նոր ողորմություն, որն, իհարկե, պետք է վաստակել նաև սեփական ջանքերի շնորհիվ: Միայն մեղքերից մաքրված ժողովուրդը կարող է հուսալ խոստացված բարօրությանն ու փառավորմանը։
    Զաք. 3:1-ից հստակ չի երևում, թե ով է մարգարեին ցույց տալիս այս նոր տեսիլքը, սակայն մարգարեության 1:20−րդ համարից և համատեքստից կարելի է ենթադրել, որ դա հենց Տերն Ինքն է անում: Այսպես է դա ընկալել Յոթանասնիցը, որը Զաք. 3:1-ի տեքստում ավելացրել է «κυριος» (Տեր) բառը (նույնն է նաև Վուլգաթայում):
    Քահանայապետը` քահանաների գլուխը, որի ձեռքում էին ժողովրդին մեղքերից մաքրելու միջոցները, մարգարեի աչքին ներկայացվում է Տիրոջ Հրեշտակի առջև կանգնած՝ կարծես մեղադրյալի տեսքով: Մեծ քահանայապետի աջ կողմում կանգնած էր սատանան, որը հակառակվում էր Տիրոջ այն որոշմանը, որով Նա ցանկանում էր վերադարձնել Իր ողորմությունը Իսրայելին: Հեսու քահանայապետը 3−րդ գլխի տեսիլքում հանդես է գալիս իբրև ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ, այլ ոչ թե որպես իր անձնական մեղքերի համար Աստծուն պատասխան տվող առանձին անհատ (Պլատոնով. էջ 665−668): Հետևաբար սատանան, ըստ էության, պնդում է, որ ժողովուրդը չի կարող Աստծու առաջ ունենալ արդյունավետ բարեխոս ի դեմս քահանայապետի, որը կեղտոտ հագուստներ է հագել (3-րդ համար)։ Իբրև քահանայական դասի ներկայացուցիչ՝ նա կարող էր մեղադրվել «ղևտական և քահանայական մաքրության օրենքները չպահպանելու համար, որոնց խախտումը միևնույն ժամանակ նաև աստվածապետական հասարակության պղծում էր» (տե՛ս նույն տեղում, էջ 663):

--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը ցոյց տուեց ինձ Յեսու մեծ քահանային, որ կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ. եւ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակուելու համար:
(Արարատ թարգ․) Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։
(Գրաբար) Եւ եցոյց ինձ Տէր զՅեսու քահանայ մեծ, զի կայր առաջի հրեշտակին Տեառն. եւ սատանայ կայր ընդ աջմէ նորա՝ հակառակել ընդ նմա։