Ա․ Լոպուխին
Տերը ցույց տվեց ինձ Հեսուին` մեծ քահանայապետին, ով կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առջև, և սատանային, որը կանգնած էր նրա աջ կողմում, որպեսզի հակառակվի նրան:(Սինոդական թարգ․)[1]
Չորրորդ տեսիլքի ընդհանուր գաղափարը հետևյալն է. ընտրյալ ժողովրդին խոստացված բարիքներն, անկասկած, տրվելու են նրան, սակայն միայն այն պայմանով, որ ժողովուրդը մաքրվի մեղքերից, որոնք հեռացնում են նրան Աստծուց, Ով չի կարող բնակվել մեղքերով պղծված ժողովրդի մեջ: Այս տեսիլքում մարդկանց մեղքերի թողությունը մարգարեին որպես Աստծո նոր ողորմություն է ցույց տրվում, որը, իհարկե, պետք է նաև սեփական ջանքերի շնորհիվ վաստակել: Միայն մեղքերից մաքրված ժողովուրդը կարող է խոստացված բարգավաճման ու փառքի հույսն ունենալ։
Զաքարիայի մարգարեության 3:1−րդ համարից հստակորեն չի երևում, թե ով է այս նոր տեսիլքը մարգարեին ցույց տալիս, սակայն մարգարեության 1:20−րդ համարից և համատեքստից կարելի է ենթադրել, որ դա հենց Տերն է անում: Վերոհիշյալ պարագան այսպես է ընկալել Յոթանասնիցը, որը տեքստին «κυριος» արտահայտությունն է ավելացրել (նույնն է նաև Վուլգաթայում): Քահանայապետը` քահանաների գլուխը, որոնց ձեռքում էր ժողովրդին մեղքերից մաքրելու միջոցները, մարգարեի աչքին կարծես Տեր Աստծու Հրեշտակի առջև մեղադրյալի տեսքով կանգնած է ներկայացվում: Մեծն քահանայապետի աջ կողմում կանգնած է սատանան՝ Իսրայելին Իր գթությունը վերադարձնելու Տիրոջ որոշման դեմ ապստամբողը: Հեսու քահանայապետը 3−րդ գլխի տեսիլքում հանդես է գալիս իբրև ամբողջ ժողովրդի ներկայացուցիչ, այլ ոչ թե որպես իր անձնական մեղքերի համար Տիրոջ առաջ պատասխան տվող անհատ (Գլագոլև Ա., Աստվածաշնչային հինկտակարանյան ուսմունքը Հրեշտակների մասին, Կիև, 1900, էջ 665−668): Սատանան, հետևաբար, այն հանգամանքն է մատնանշում, որ ժողովուրդը չի կարող Տիրոջ առաջ արդյունավետ բարեխոս ունենալ ի դեմս քահանայապետի, որը կեղտոտ հագուստներ է հագել (համար 3)։ Իբրև քահանայական դասի ներկայացուցիչ՝ նա կարող էր մեղադրվել «ղևտական և քահանայական մաքրության օրենքները չպահպանելու համար, որոնց խախտումը միևնույն ժամանակ նաև աստվածապետական հասարակության պղծում էր» (տե՛ս նույն տեղում, էջ 668):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը ցոյց տուեց ինձ Յեսու մեծ քահանային, որ կանգնած էր Տիրոջ Հրեշտակի առաջ. եւ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակուելու համար:
(Արարատ թարգ․) Ապա ինձ ցույց տվեց քահանայապետ Հեսուին, որ կանգնել էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնել էր նրա աջ կողմում՝ նրան ընդդիմանալու համար։
(Գրաբար) Եւ եցոյց ինձ Տէր զՅեսու քահանայ մեծ, զի կայր առաջի հրեշտակին Տեառն. եւ սատանայ կայր ընդ աջմէ նորա՝ հակառակել ընդ նմա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: