ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՏԱԳՆԱՊԸ

Մի քանի րոպեի մեջ ամեն ինչ տակնուվրա էր եղել: Փլվել էին պատեր, տանիքներ, կամարներ: Նրանց  տարիների հաջողությունը եկեղեցու գմբեթի նման տապալվել, իսկ երազները զանգակատան նման ճեղքվել էին: Սակայն որոշ ժամանակ անց իրենց հավատի աչքերով նրանք սկսեցին բարին տեսնել չարության մեջ:

– Փա՜ռք Աստծո,– ասաց Գրիգորը գոհունակությամբ,– ես ավելի մեծ մի բան էի սպասում, ավելի կործանիչ, քան այս մեկը:

– Սրանից ավելի մեծ էլ ի՞նչ կարող էր լինել,– հարցրեց նոր աբեղաներից մեկը:

– Պատերազմ, թալան, կողոպուտ և գերեվարություն: Մեր վանքերը սովոր են երկրաշարժերի հետ միասին ապրել: Անգամ այսպիսի սաստիկ երկրաշարժերն ավելի տանելի են, քան մարդկային բարբարոսությունները: Մեր մատենադարանը այրված չէ, սրատված ու գերված չեն մեր միաբան  եղբայրները: Ավելի ողորմած ու կարճ են բնության հարվածները, քան մարդկային դաժանությունները: Իզուր չի ասել Դավիթ մարգարեն. «Լավ է Աստծո ձեռքից պատիժ ստանալ, քան մարդկանց ձեռքն ընկնել»: Ոչ մեկիս քիթն էլ չի արյունել: Եթե երկրաշարժը մեկ ժամ հետո պատահեր, եկեղեցու մեջ էինք լինելու, երևակայեցեք:

Իսկապես, վնասը մեծ էր, բայց ոչ անդարմանելի: Սկսեցին մաքրել փլատակ ները: Նրանց համար մեծ մխիթարություն էր, որ իրենց խցերը շատ քիչ էին վնասվել, իսկ ճաշարանն ու մատենադարանն էլ գործածելի վ ճակում էին: Աշխատողի մեծ պահանջ կար, բայց այդ պահին հեշտ չէր այն գտնելը:

– Եթե ժայռերի վրա հաստատված մեր քարակերտ վանքը վնասվել է, ապա ի՞նչ վիճակում կլինեն հողակերտ գյուղերը: Պետք է անմիջապես օգնության հասնենք մեր ժողովրդին,– հայտարարեց Կարապետ սրբազանը:

Հենց նույն գիշերը բոլոր երիտասարդ վանականները մեկնեցին շրջակա գյուղերն ու քաղաքները: Միայն նորափետուր աբեղաները մնացին վանքում ու տաժանակիր աշխատանքով լրացրին իրենց քառասնօրյա ապաշխարանքի շրջանը:

Կոլոտն անմիջապես փոխվանահայր ընտրվեց` լիազորվելով պատշաճ հեղինակությամբ և, ձեռքին իր անվամբ կնիք ունենալով, Անմիջապես ուղղվեց Բաղեշ, որպեսզի նահանգապետարանից նորոգման համար արտոնագիր ձեռք բերի:

Բարեբախտաբար Բաղեշի կողմերը երկրաշարժից չէին տուժել: Այնտեղից Կոլոտը պարտքեր վերցրեց, Որքան  կարելի էր, և Անմիջապես վերադարձավ: Ճանապարհին հանդիպեց հողին հավասարված գյուղերի: Շեյխ Մահմուդը մեռել էր, իսկ Ջեմալը` վիրավոր փրկված: Հայ և քուրդ գյուղացիները չէին կարող օգնել վանքի շինարարությանը, որովհետև իրենք իսկ, անտանելի հոգսերով ծանրաբեռ, փորձում էին  փլատակների միջից նոր կյանք սկսել: Ապա եկավ հնձի ժամանակը, և մարդիկ զբաղվեցին իրենց արտերով:

Վանքի համար ստիպված էին հեռուներից բանվորներ  բերել, որը  շատ թանկ նստեց նրանց վրա: Քարերից շատերն այնպես էին փշրվել, որ դարձել էին ոչ պիտանի: Այդ պատճառով վերաշինելու համար անհրաժեշտ էր նոր, ամուր քարեր հայթայթել, որ մի կերպ գտան երեք մղոն հեռվում գտնվող հանքերում: Շատ դժվարին ու ծախսալից գործ էր քարերն այնտեղից հանելը, վանք բերելն ու տաշելը: Բայց և այնպես ամեն ինչ վերաշինվեց իր նախկին դիրքով ու փառքով: Միաբանները գոհ էին արդյունքից, բայց լրջորեն մտահոգված, քանի որ ամեն ինչ արված էր պարտքով, և որևէ եկամուտ չունեին` կնքված մուրհակներն ու պարտքերը վերադարձնելու համար:

Աշնանը Կարապետ սրբազանը մի քանի օր տառապեց մահվան անկողնում: Այդ միջոցին վերսկսվեց ընտրապայքարը նոր վանահայրության համար: Բայց Կարապետ սրբազանը կրկին առողջացավ և ջանաց խաղաղ ընտրություն ապահովել իր վերջին շնչում: Իր մոտ կանչեց Գրիգորին ու Հովհաննեսին, որոնք, նրա անկողնի մոտ ծնկած, ձեռքերը բռնած, գորովալից մխիթուրում էին:

– Որդյա՛կ, կարծում եմ, որ լավագույն ընտրությունը ձեզանից մեկի վանահայր լինելն է:

– Բայց մենք վանքում նորեկ ենք համարվում: Իրենց կյանքն այս վանքի մեջ անցկացրած վարդապետներ կան. անարդար կլինի նրանց նկատմամբ, այնպես չէ՞,– պատասխանեց Կոլոտը` սրբե լով Սրբազանի քրտնա թոր ճա կա տը:

– Ո՛չ, ո՛չ, ընդհակառակը, նրանք ավելի հեշտ կընդունեն դրսից մեկի առաջնորդությունը, քան իրենցից մեկի մեծավոր լինելը: Եթե իրենց միջից մեկը ընտրվի, խմբավորումները երկար ժամանակ գժտված կմնան, ինչը այս դժվարին ժամանակ նե րում ամենից ան ցան կա լի ե րևույթն է մեր վանքի համար. հա նուն խա ղա ղու թյան ձե զա նից մեկը պետք է վա նա հայր դառնա:

– Բայց միաբանները կընդունե՞ն այսպիսի մի առաջարկ:

– Ես բոլորի հետ խոսել ու համոզել եմ, մի՛ մտահոգվեք: Եթե ձեզանից մեկը իր թեկնածությունը դնի, բոլորն էլ կհամակերպվեն: Հիմա դուք որոշեք, թե ով պիտի լինի: Երկուսն էլ միաժամանակ միմյանց մատնանշեցին:

– Հովհաննես Վարդապետը արդեն իսկ վանքի փոխվանահայրն է: Նրանից ավելի լավը չունենք, հատկապես որ տնտեսական այս ճգնաժամից մեզ դուրս հանող կարողագույն միաբանը նա է:

– Լավագույն թեկնածուն Գրիգոր վարդապետն է, որն իմ երեց եղբայրն է և ուսուցիչը: Ինքն է Վարդան վարդապետի  լավագույն ժառանգորդը, ինձանից ավելի ճգնասեր ու աղոթասեր: Նաև վանքի տնտեսական խնդիրներով զբաղվելու համար ես ավելի ազատ պետք է լինեմ, այնպես չէ՞, – նժարը Գրիգոր վարդապետի կողմն էր ծռում Կոլոտը:

– Այո՛, որդի՛ս,– ասաց սրբազանը` դիմելով Գրիգորին,

– Ինձ թվում է, քո վանահայրությունը լավագույն ընտրությունն է: Խնդրում եմ, ընդունիր, որպեսզի մահկանացուս խաղաղությամբ կնքեմ և իմ ետևից լսեմ համերաշխ եղբայրության սիրո աղոթքներ և ոչ թե բաժանյալ միաբանության կծու բամբասանքները միմյանց դեմ:

Ինչպե՞ս կարող էր Գրիգորը մերժել իրենց պահապան հրեշտակի վերջին կամքը: Անկեղծ սիրով համբուրեց հյուծված վանահոր ձեռքը և երկու շիթ երախտապարտ արցունքով օծեց այն: Երկու շաբաթ անց Կարապետ սրբազանը վախճանվեց: Գրիգորը միաձայն ընտրվեց Մշո Սուլթան Սուրբ Կարապետ վանքի նոր վա նա հայր: Սակայն անտակ պարտերի մտահոգությունը ստվերում էր նրանց ուրախությունը: Գրիգորն ու Հովհաննեսը չէին կարողանում քնել: Աղետը ընկճելու աստիճան սաստկացրել էր իր անխնա հարվածները: Հոբ Երանելու փորձիչ սատանան այս անգամ երաշտով էր հարվածում տարածաշրջանը: Հունձը ձախողվել էր, ու սովը` սկսել: Սոված մարդկանց խմբեր էին դիզվում վանքի դռան մոտ` հաց մուրալու:

– Նիհար ու քաղցած մանուկների հայացքները անտանելի են, սպանում են ինձ: Սիրտս պայթում է, Կոլո՛տ, պայթում: Ի՞նչ ենք անելու:

– Ինչ որ հրամայես, այն էլ կանենք, աբբա հա՛յր: Ի՞նչ են ասում ներքին ձայներդ:

– Կիսե՛ք ձերը աղքատների հետ մինչև վերջին փշրանքը և պատրաստ եղեք նրանց հետ սովամահ լինելու,– կասկածանքով նայեց Գրիգորը իր գանձապահ եղբորը, որովհետև լավ գիտեր, թե ինչպես էր նա աշխատում վանքը ոտքի վրա պահելու համար: Չորս հարյուր հոգի արդեն իսկ ճաշում էին վանքում: Կոլոտը բարձրաձայն ծիծաղեց:

– Այն, ինչ ասում ես, աբբա հա՛յր, հակառակ է տնտեսության և ողջամտության բոլոր կանոններին: Բայց գիտեմ, որ  այսպիսի գաղափարները մսից ու ոսկորից չեն բխում, այլ  միայն Սուրբ Հոգին կարող է ներշնչել դրանք: Եթե հրամայես, վանքի ամբարները, մինչև վերջին փշրանքը, կբացենք սովյալների առջև:

– Բացե՛նք, եղբա՛յր, բացե՛նք, որպեսզի սոված մանուկ չմնա:

Այդուհետ վանքի ճաշարանում հազար հոգու համար ճաշ էր եփվում, և երկու հազար նկանակ հաց բաժանվում սովյալներին: Կոլոտը պարտք էր անում` առանց իմանալու, թե ինչպես պիտի վճարի դրանք: Եվ մուրհակները կնքում էր իր կնիքով:

– Միայն երկու շաբաթ կարող ենք շարունակել այսպես,– ասաց Կոլոտը Գրիգորին,– եթե հրաշք չպատահի:

– Սատանան ապացուցեց, որ գոյություն ունի. այժմ Աստված պիտի ապացուցի, որ մեզ չի լքել: Պիտի շարունակենք, մինչև որ մենք էլ խառնվենք սովյալների շարքերին, որպեսզի հանգիստ խղճով կարողանանք ասել, թե` մենք էլ ձեզ պես հաց չունենք ուտելու, – որոշեց Գրիգորը:

Տասնհինգ օր անցավ, բայց վանքի ո՛չ ալյուրը նվազեց,  ո՛չ էլ ձեթը պակասեց: Քարավաններն ամեն կողմից ցորեն էին բերում Սուրբ Կարապետ վանքին, որը  Երուսաղեմից ու Էջմիածնից հետո երրորդ կարևոր ուխտատեղին էր  հայ ժողովրդի համար: Ուխտավորները, երբ տեսնում էին ծանր վիճակը, լայն բացում էին քսակներն ու իրենց տները վերադառնալուց հետո էլ շարունակում էին օգնություն հայթայթել: Ահա մի վաճառական Հնդկաստանից, մի ամիրա Կոստանդնուպոլիս մայրաքաղաքից, Պարսկաստանից մի ազնվական և Արցախից մի մելիք: Երբեք այսքան երևելի  մարդիկ միաժամանակ չէին այցելել վանքը, որն այնքա՜ն կարոտ էր հրաշքի: Ինչու՞ հիմա և միասնաբար, ճիշտ անհրաժեշտ պահին: Պատահածը բախտի բերմա՞մբ էր, թե՞ Հոբի օրհնությունն էր ի վերջո հասել` իբրև պատասխան իրենց հավատարմության: Կառավարությունը ևս օգնության հասավ: Տարածաշրջանում չքավորությունն էր իշխում, բայց, փա՛ռք Աստծո, սովամահ չկար:

Ձմեռն իջավ Տարոնի լեռների վրա ու սպիտակ մանանայով ծածկեց ամեն ինչ: Ձյունը դանդաղեցրեց կյանքը: Այլևս ուխտավորներ չկային: Վանքը տրվեց իր առօրյա զբաղմունքներին և լրջորեն զարկ տվեց աշակերտների կրթությանը: Աղոթքի, խոկման և ընթերցանության անսահման ժամանակ կար ցանկացողի համար: Ձյունը փակել էր ճանապարհները, բայց բացել դեպի Աստված տանող ուղիները: Վանքի լռությունը հղի էր` պատրաստ հոգիներին վերածնունդ պարգևելու:

Կոլոտի բոլոր մտածումները ավարտվում էին պարտքերի մարման մտահոգությամբ: Պարտատերերը մի քանի ամիս անց պահանջելու էին վերադարձնել իրենց փողերը: Մուրհակների տակ իր կնիքն էր դրված: Պետք էր փող գտնել, բայց ինչպե՞ս: Հարցը դրվեց միաբանական ընդհանուր ժողովում: Նոր գաղափարներ արտահայտվեցին` թե՛ ծիծաղաշարժ, թե՛ խիզախ: Օրինակ` երիտասարդ հայրերից մեկը խոսեց ուխտավորների թիվն ավելացնելու մասին.

– Քրիստոսի ջերմեռանդ հետևորդների մեծամասնությունը կանայք են, որոնք ավելի բարեպաշտ են, քան այրերը: Եթե արտոնենք կանանց մուտքը Սուրբ Կարապետ, կբազմապատկվի ուխտավորների թիվը, ուստի և` եկամուտը:

Մեծ աղմուկ բարձրացավ այս երիտասարդ ու ոչ փորձառու վանականի տխմար առաջարկի վրա, որն արդեն հարյուրավոր տարիներ առաջ միանգամ ընդմիշտ լուծված էր: Իգական սեռին պատկանող ոչ մի արարած չէր կարող մուտք գործել վանքի պարիսպներից ներս, ինչպես ուրիշ վանքերում: Ծերերը սկսեցին կատակել այս մտքի վրա և արհամար հանքով վերաբերվեցին երիտասարդին` թաքուն կրքեր սնուցելու ամբաստանությամբ: Կոլոտը թեև չէր կիսում երիտասարդի առաջարկը, բայց անցավ նրա կողմը.

– Այստեղ եղբայրների ազատորեն արտահայտվելու վայրն է: Ամեն մի նոր գաղափարի դեմ այսպիսի անխիղճ պահվածքով իսպառ կխրտնեցնենք միտք արտահայտել ցանկացողներին: Եկեք մտածենք: Որքա՜ն պարտական է եկեղեցին հերետիկոսներին, որոնց շնորհիվ հասանք վարդապետական հստակության: Եկեք վիճաբանենք ու վերստին հստակեցնենք, թե ինչու՞ կանայք չպետք է մուտք գործեն Սուրբ Կարապետից ներս:

– Հովհաննես վարդապետ, դո՞ւ էլ չգիտես, թե ինչու է այդ արգելքը, – քմծիծաղով առարկեց մի երեց միաբան:

– Ես քաջ գիտեմ մեզ ավանդվածը, հա՛յր սուրբ, և սրտանց պաշտպանում եմ, սակայն այս նոր գաղափարը այնքան էլ հիմար չէ, որքան  դուք կարծում եք և արհամարհում այն: Մեր վանքը բավականին մեծ է, և մենք հեշտությամբ կարող ենք պաշտպանել թե՛ մեր միաբանականների փակյալ  կյանքը և թե՛ արտոնել կանանց մուտքը եկեղեցի և գերեզմանատուն, ուր նրանք կարող են կատարել իրենց ուխտը և հեռանալ: Եթեկանայք սկսեն գալ, մեր եկամուտն իսկապես կբազմապատկվի, ինչպես ասաց հայր սուրբը:

– Ամեն ինչ առևտրի ենթակա չէ այս վանքի մեջ, հայր Կոլոտ: Եթե կինը մտնի, հոգևոր մթնոլորտը կքայքայվի, ու սատանան մուտք կգործի կանանց հետ:

Մեծ վիճաբանություն ծագեց: Բոլորը խոսում էին, վիճում ու բարձրաձայնում: Գրիգորը փակեց նիստը և երեք օր մտածելու ժամանակ տվեց: Պարզ երևում էր, որ քննարկվող նյութը բոլորին էլ հետաքրքրել էր ու միաբանների մեջ անսպա սե լի ե ռու զե ռի առիթ տվել:

Երրորդ օրը` առավոտյան ժամերգությունից հետո, Հակոբ վարդապետը, որ mիաբանության ավագագույնն էր, ուզեց մի քանի րոպեով խոսել Կոլոտի հետ: Կոլոտն ակնկալում էր լսել սաստում և ավանդության պահպանման մասին խստաբարո մի ճառ:

– Նայի՛ր, վարդապե՛տ, – ասաց ծերը` չարաճճի ժպիտը շուրթերին, – իմացիր, որ այս մեկը շատ շահեկան գաղափար է և շատ էլ կողմնակիցներ ունի: Ես էլ եմ մեջը: – Զարմանալի է, հայր սուրբ, դու էիր ամենից վառվռուն հակաճառողը այս գաղափարի դեմ:

– Դեռ այդպես եմ: Այս գիշեր էլ պիտի առարկեմ դրա  դեմ: Բայց դու փակ քվեարկություն պահանջիր և տեսլինելու բանը:

Կոլոտը մի անգամ ևս զարմացավ մարդկային հոգու բարդության վրա: Այդ գիշեր շատ քիչ կողմնակիցներ ունեցավ առաջարկը, որը  փակ քվեարկությամբ մերժվեց, բայց հազիվ չորս քվեի առավելությամբ: Յուրաքանչյուրը զարմացած էր, թե ովքե՞ր են արդյոք նրանք, որոնք կողմնակից էին իրենց անմիջական շրջապատում կին տեսնելու գաղափարին:

 

Հաջորդ գլուխը՝

ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ