Վանահայրն իր աշխատասենյակից դուրս եկավ: Սեպտեմբերի վերջն էր, ոսկե աշունը սկսել էր դեղին գույն ներարկել ծառերին: Արևը մեղմ շողում էր, ևամպերն ավելի հաճախ էին նրա ճամփան կտրում: Կոլոտի և մյուս պատվիրակների մեկնումից անցել էր մեկ ամիս: Գրիգոր վարդապետի երեսը խնդուն էր: Մի հայ վաճառականի միջոցով հասել էր Կոլոտի հանգանակությունների առաջին բաժինը: Գումարը բավարար էր պարտքերի անմիջական տոկոսները մարելու համար: Գոնե մի քանի ամիս կարող էր հանգիստ շունչ քաշել: Սանդուղքներով վեր բարձրացող մի դեմք է՛լ ավելի ժպիտ շնորհեց վանահոր երեսին: Ջեմալը, ավելի ճիշտ` շեյխ Ջեմալը` նույնպես խնդումերես ու գրկաբաց, արագ քայլերով նրան էր մոտենում: Ջերմորեն փաթաթվեցին, և Ջեմալը վեր կանչեց ներքևում կանգնած երեք ծառաներից մեկին, որ հինգ-վեց տարեկան մի մանկան էր գրկել:
- Հասանը տղաս է, հա՛յր սուրբ, ուզում էի նրա համար մատաղ անել և քեզ մոտ բերեցի, որպեսզի Սուրբ Վարդանի խաչով աղոթես նրա համար:
Գրիգորը զարմացավ, որ այդ այլազգին «սուրբ» է անվանում Վարդան վարդապետին. նույնիսկ իր աշակերտներից առավել ճշգրիտ հորջորջումով, որոնք առհասարակ «երանելի» էին կոչում նրան: Վանահայրը մանկանը գիրկն առավ, համբուրեց, գլուխը շոյեց:
-Իր հոր նման անուշիկ է,– ասաց,– բայց ե՞րբ ունեցար այս մանկանը:
-Ես արդեն քսանմեկ տարեկան եմ, հա՛յր սուրբ: Հայրս (Աստված հոգին լուսավորի) հիվանդությունիցս բուժվելուց անմիջապես հետո ինձ ամուսնացրեց, երկու կին և չորս երեխա ունեմ:
Գրիգորը ներս` իր սենյակ հրավիրեց Ջեմալին, իսկ ծառաները դրսում մնացին: Դրամարկղից հանեց խաչը, որը Ջեմալը համբուրեց, և Գրիգոր վարդապետն օրհնության աղոթք արեց մանկան համար:
– Գիտե՞ս, երեք շաբաթ առաջ Բաղեշ` Ամրդոլ վանքն այցելեցի` Սուրբ Վարդանի գերեզմանի առաջ աղոթելու: Այնտեղ հրաշքի մասին պատմեցի, և երբ վանահայրը` Եղիա սրբազանը, պատմությունը լսեց, լաց եղավ: Երկու օր այնտեղ մնացի: Երբ վանահայրն ինձ տեսնում էր, մանուկների պես սկսում էր դառնագին լաց լինել: Ձեզ նման բարի մարդ էր, սակայն շատ տառապածի տեսք ուներ: Պարզվում է` Ձեր ընկերն է, Ձեզ բարևներ ուղարկեց:
Գրիգորը միշտ ուշադիր էր իր սրտի ձայնին: Զգաց, որ գոհ չմնաց իր վաղեմի հակառակորդի մասին լսելուց: Հաս- կացավ, որ Եղիա վարդապետին դեռ ամբողջովին չի ներել, և նրա պատճառած վերքերը սրտի վրա դեռ չեն սպիացել: Կրկին բարկության մի ալիք բարձրացավ կուրծքն ի վեր: Նույնիսկ այս իսլամը կարող էր Վարդանի գերեզմանն այցելել, իսկ ինքն ու Կոլոտը չէին կարող: Յոթը տարուց ի վեր Եղիայի պատճառով իրենց հոգևոր հոր շիրիմը չէին այցելել: Ակամա նրա աչքերից երկու կաթիլ արցունք հոսեց:
– Ահա դու էլ նրա պես սկսեցիր լաց լինել, երբ նրա մասին լսեցիր: Երևում է` իրար շատ եք սիրում:
– Այո՛,– ասաց վանահայրը ժպտալով,– շատ էինք սիրում, բայց հիմա շատ-շատ հեռու ենք իրարից:
– Ո՛չ, ո՛չ, ընդամենը երեք օրվա ճանապարհ է:
Ջեմալն իր գրկում հանգիստ նստած իր զավակի գլուխն էր շոյում: Սակայն նրա աչքերը հաճախ էին սառչում. Նման այն մարդկանց, որ իրենց մտքում մեծ մտահոգություն են ունենում: Այս հոգեվիճակը փորձառու խոստովանահոր աչքից չէր կարող վրիպել:
– Ջեմա՛լ, տղա՛ս, մտահոգ ես, ի՞նչ խնդիր ունես, կարո՞ղ եմ իմանալ:
– Պատերազմի հովեր են մեր շուրջը փչում, հա՛յր սուրբ: Մեր խաղաղ հովիտները կրկին արյամբ պիտի ողողվեն:
– Ի՞նչ պատերազմ, ես որևէ բանից լուր չունեմ:
– Մոտ օրերս կլսես: Գիտես, այս տարի բերքը հաջող չէր, իսկ պետությունն այս տարի կրկնապատիկ տուրք է մեզանից պահանջում. սուննի իսլամներից ու քրիստոնյաներից` անցյալ տարվա չափ, իսկ մեզնից` ալավիներիցս` կրկնապատիկ: Անցյալ շաբաթ Անատոլիայի բոլոր ալավի մեծերս` քուրդ, թուրքմեն, արաբ, հավաքվեցինք ու որոշեցինք այս տարի ոչ մի տուրք չվճարել:
– Բայց դա ապստամբություն է, և Օսմանական կայսրությունը ձեզ ծանրորեն կպատժի: Գիտեք, պատերազմը պահանջված տուրքից շատ ավելի թանկ կնստի ձեր վրա: Հազարավոր հոգիներ կկորցնեք:
– Գիտենք, հա՛յր սուրբ, բայց այս շարժումը պարզապես պատրվակ է պետության համար: Նույնիսկ եթե իրենց ուզածը վճարենք, նրանք արդեն որոշել են մեզ ջարդել, ինչպես միշտ անցյալում եղել է: Ենիչերներն արդեն ոտնձգություններ են սկսել մեր դեմ. մեր աղոթատեղիները պղծում են, և սուննի հրոսակախմբերը մեր գյուղերի վրա են հարձակվում, կանանց առևանգում, այգիներն այրում, բայց անպատիժ են մնում: Այս բոլորը ծրագրված նախաքայլեր են` մեզ մաքրագործելու: Պիտի դիմադրենք, ուրիշ ճար չունենք:
– Ինչո՞ւ եք պատերազմի մեջ մտնում, որի արդյունքը հայտնի է. չեք կարող աշխարհի մեծագույն պետուժին հաղթել:
– Դուք` հայերդ, այդ չեք կարող հասկանալ, ձեր վրա դրված ամեն պայման ընդունում եք: Առանց առարկելու վճարում էիք պահանջվող կրկնապատիկ տուրքը, ձեր մա- նուկները սովից մեռնում էր, իսկ ժողովրդի կեսն ուրիշ տեղ էր գաղթում` այնտեղ հանգիստ փնտրելու: Սակայն փոքր-ինչ նրանց հանգստանալուց հետո ուրիշներն էին գալիս` նրանց հարստությունը կողոպտելու: Մենք այդպես չենք: Մենք իսլամ ենք և Աստծուց անարդարության դեմ կռվե- լու հրաման ունենք, ինչքան էլ թշնամին հզոր լինի: Նաև ոչ մի պատերազմի արդյունք հնարավոր չէ նախապես կռահել, սիրելի՛ հայր սուրբ: Իր դատին հավատացող մարդը բոլոր հաշիվները գլխիվայր կարող է շրջել: Եթե նույնիսկ օսմանյան ենիչերները մեր դաշտերը ողողեն, լեռները միշտ մեզ են պատկանում, և մենք ուրիշ հայրենիք չունենք տեղափոխվելու: Եթե մեզ ջարդեն, փաշաները լավ գիտեն, որ մեր երեք գլխի փոխարեն մենք էլ նրանցից նվազագույնը երկու գլուխ կվերացնենք: Իրենք ևս հաշվի պիտի նստեն այս իրականության հետ: Դրանից բացի, մեզ հարևան ունենք շահին` թագավորների թագավորին: Հրեշտակի նման միշտ հասնում է մեզ օգնելու: Երիտասարդ շեյխի խոսքերից հետո լռություն տիրեց:
Գրիգորը լավ գիտեր պատմությունը, հայոց թագավորությունների ոսկե շղթան, որ իրար ետևից ընկան` քրիստոնյա մի ժողովրդի իսլամական ծովի մեջ անպաշտպան, առանձին ու անճար թողնելով: Այդ հողերը հազարավոր տարիներով հայերի հայրենիքն էին եղել, իսկ հիմա հայոց վաղեմի հողերն ուրիշներն էին «հայրենիք» կոչում: Հարյուր հիսուն տարի առաջ օսմանցիները հարավից հյուսիս էին բերել, լցրել քրդական և արաբական ցեղախմբեր, որպեսզի մարդեղեն պատ հյուսեին այնտեղ` Հայոց աշխարհը երկուսի բաժանելով: Քրդերը բազմանում էին և Եփրատից հետո Փոքր ու Մեծ Հայքերի միջև հայության արևելյան և արևմտյան հատվածները մասնատող երկրորդ պատնեշի էին վերածվում: Ջեմալը շատ ճիշտ էր: Մեծ երկրաշարժից հետո Տարոնից տասնյակ հայկական գյուղեր էին դատարկվել` արտագաղթելով այլ վայրեր, նրանց փոխարեն քրդերն էին լցվել: Ջեմալի տխրությունը փոխանցվեց Գրիգորին՝ ապագայի սև ալիքներով հարվածելով նրա նուրբ հոգուն:
– Ինչո՞ւ են մեզ ուզում ջարդել, հա՛յր սուրբ, մենք էլ նրանց նման մահմեդական ենք, պարզապես տարբեր ձևերով ենք նույն Աստծուն պաշտում: Սուննիները մեզ ավելի են ատում, քան ձեզ` քրիստոնյաներիդ: Երբեմն ձեզ նախանձում եմ, հա՛յր սուրբ: Դուք` քրիստոնյաներդ, իրար նկատմամբ ավելի խաղաղ ու մարդասեր եք, իսկ մենք` իսլամներս, իրար ենք ուտում դարեր շարունակ:
– Դու այդպես կարծիր,– ժպտաց Գրիգորը,– այս վայրկյանին Եվրոպայում կաթոլիկ քրիստոնյաներն ու բողոքական քրիստոնյաներն իրար կոկորդ են կտրում: Երբ կաթոլիկ մի թագավոր բողոքական մի քաղաք մտնի, մի օրվա մեջ տասը հազար մարդու գլուխ կտրել կտա և ձողերի վրա հարյուրավորների այրել կտա` քաղաքը քարուքանդ անելով: Երբ բողոքական թագավորը դա լսի, մինչև ինքն էլ քսան հազար կաթոլիկի գլուխը թռցնել չտա, երբեք չի հանգստանա: Անցյալ տարի մի գերմանացի կաթոլիկ էր մեր վանք այցելել, և նրա պատմած կատակն եմ հիշում. «Մի թունդ բողոքական, ով իր ամբողջ կյանքը կաթոլիկների դեմ պայքարելով էր անցկացրել, մահվան անկողնում պատվիրում է` կաթոլիկ քահանայի կանչեն, որովհետև ինքն ուզում է կաթոլիկ դառնալ: Բոլորը նրա դեմ բարկությամբ են լցվում` իրենց ականջներին չհավատալով: Բողոքականը հոգեվարքի մեջ պատասխանում է. «Գիտեմ, որ քիչ հետո մեռնելու եմ, թող մեկ ավելի կաթոլիկ մեռնի»:
Սրտագին խնդացին: Մանուկն էլ նրանց ուրախությանը մասնակցեց` ձեռքերը ծափ տալով, և հոր այտի վրա մի մեծ համբույր դրոշմեց: Հոր գրկից իջավ ու սկսեց սենյակում շրջել` աջ ու ձախ զննելով:
– Կրոնները, որ խաղաղության ու մարդասիրության եղանակներ պետք է լինեն, ինչո՞ւ են այսքան վայրագություններով լեցուն և հավատացյալներին էլ իրար կոտորել են տալիս:
– Պատասխանատուները կրոնները չեն, այլ հավատացյալների հիմարությունն է, որ քաղաքական, տնտեսական, ազգային և այլ խնդիրները շփոթում է կրոնի հետ:
– Հավատացյալների հիմարությո՞ւն, այդ ինչպե՞ս է լինում:
– Հավատացյալի մի կողմը միշտ պակաս է, ամեն բանի շուտ հավատում է, մանավանդ երբ իր կրոնի մասին է խոսվում: Իրեն դրախտ խոստացողին ամեն ինչ պատրաստ է զոհելու, նույնիսկ իր կյանքը: Խելացի մարդիկ էլ, հատկապես քաղաքագետները, իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են այս վիճակը: Սուլթանները պետք է նոր հողեր գրավեին, բայց դյուրին չէր, իհարկե, մարդկանց համոզել կռվելու և իրենց միակ կյանքը զոհելու գնով ուրիշի հողին տիրել, որով սուլթանների փառասիրությանը պիտի գոհացում տրվեր, իսկ նրանց գանձանակը` թալանով լցվեր: Սուլթաններն իրենց արշավանքները` ընդդեմ սատանայի և անաստվածների, Ալլահի անունով «Ջիհաթ» կոչեցին: Եթե մեռնեին, ինչ խոսք, անպայման դրախտ էին գնալու` քառասուն հուրիներով վարձատրվելու: Իսկ երբ Եվրոպայում ժողովուրդը բազմացավ, և իշխաններն աղքատացան, շատերն ուզեցին Արևելքի հողերը գրավել ու հարստանալ: Սակայն չէին կարող այդպես խոստովանել և միլիոնավոր մարդկանց համոզել իրենց տները թողնելով` իսլամ երկրների վրա հարձակվել: Հետևաբար նրանք իրենց արշավանքները` մղված սուտ կրոնի դեմ, հանուն Քրիստոսի «խաչակրություն» կոչեցին. սուրբ պատերազմ և ազնվագույն իդեալ կռվելու և մեռնելու: Մեռնողի համար Աստծո արքայության դռներն իսպառ բաց պիտի լինեին, և նրանք նահատակի իրենց արյամբ պիտի սրբվեին իրենց բոլոր մեղքերից:
– Նոր բաներ ես ասում, հա՛յր սուրբ, սրանից առաջ չէի լսել: Մեր կռիվը, սակայն, կրոնի համար է` սուննիների դեմ:
– Ձեր կռիվը պարզապես Պարսկական և Օսմանական կայսրությունների վաղեմի հակամարտության մեկ երանգն է: Օսմանցիները կասկածում են շիաներին որպես Պարսկաստանի համակիրների և հալածում են նրանց: Պարսիկներն էլ հալածում են իրենց իշխանության տակ գտնվող սուննիներին: Կաթոլիկներն ու բողոքականները նույնպես կրոնի համար չեն կռվում: Երբ իշխանավորները համաձայնության են գալիս իրար հետ, պատերազմներն անմիջապես դադարում
են` անսրբագրելի ատելություն և ոխ թողնելով հավատացյալների մեջ:
Ջեմալը ոտքի ելավ գնալու, վարդապետի ձեռքը համբուրեց և մանկանը գրկելով` դուրս ելավ: Հավանաբար չէր ուզում ավելի բան լսել վարդապետից: Դաժան պայքար կար առջևում, և չէր ուզում լսել, որ իրենց դիմադրությունը լինելու է հանուն պարսիկ շահի իրենց կյանքը զոհելու գնով: Մահմեդական իր մտքում քաղաքականությունն ու կրոնն անբաժանելի էին:
Գրիգորը մինչև վանքի դուռը ճանապարհեց Ջեմալին ու սպասեց այնքան, մինչև նրանք անհետանային տեսադաշտից: Լուրից իրապես ցնցված էր: Դիտեց խաղաղ շրջապատը. այգիները, ամառվա ամբողջ արևը ծծելով, արևին էին նմանվել արյան կաթիլների նման վառ ողկույզներով: Արյո՞ւն, մարդկային արյո՞ւն: Ի՞նչ կարիք կար, կամ ո՞ւմ էր մարդու արյուն հարկավոր: Աստված մարդկությանը խաղող էր տվել և սրա արյունը` կյանքը տոնելու համար: Թող մարդիկ արևի արյունը խմեն և ուրախանան, արևահամ գինին խմեն և եղբայրական սեղանների շուրջ բոլորված սիրեն իրար: Ո՞վ կամ ո՞վքեր են մարդկությանը համոզելու, որ մարդու արյուն խմելիս են նրանք հանգստանում:
Զեփյուռը սկսեց երեսը լիզել, և վեղարը թեթևակի շարժվեց: Թռչունները հարավ էին գաղթում: Վանահայրը կռունկներին ձեռքով նշան արեց ու մանկությունը հիշեց: Ընկերներով փռվում էին դաշտի վրա և մեջքի վրա պառկում` ավելի լավ դիտելու գաղթական երամները: Դեպի երկինք էին գոռում, ոմանք կռունկի երգ էին երգում` իրենց կոկորդները պատառոտելով, և երազում էին այն հեռու երկրների մասին, ուր կռունկներն էին գաղթում. անտեսանելի, դյութիչ, հեքիաթային քաղաքներ: Վանահայրն ուզեց մանուկ դառնալ... Վանքի դռնից դուրս ելավ, մի փոքր ներքև գտնվող չորա- ցած մարգագետնի վրա պառկեց ու մանկությունից մնացած մի երգ մռմռաց` շատ բառեր մոռանալով: Գալիք պատերազմի մասին մտածեց. բոլոր հայերն էլ իսլամական ներքին պատերազմների աղետալի արդյունքների մասին լավ գիտեին: Ի վերջո, այդ պատերազմից իրենց էլ դառը բաժին պիտի ընկներ: Հայերը երկու կողմերի միջև կմնային, հրոսակախմբերն ու զինվորները, առիթից օգտվելով, անխնա կհարվածեին անպաշտպան հայ գյուղերին: Սիրտը դարձյալ կծկվեց, և մանկական մի աղոթք ուղղեց կռունկներին.
– Ո՛վ սիրուն կռունկներ, առեք, մեր երկրից շատ հեռու տարեք ատելությունը և անվերադարձ թափեք ծովը: Թող մեր երկնակամարը մաքուր մնա: Ո՛վ անտեսանելի հրեշտակներ, խնդրում եմ, սակայն դուք շատ հեռու մի՛ գնացեք, մնացեք մեր երկրում և պաշտպանեք անմեղներին ու մանուկներին: Տե՛ր, խնամիր քո զավակներին: Թող այս տարվա անուշ գինին խաղաղությամբ խմենք:
«Խաղաղական ժամերգության» զանգը հնչեց. յոթ ժամերգություններից նախավերջինն էր: Հայկական վանքերում բոլոր ժամերգություններն էլ կանոնավոր կերպով կատարվում էին: Գրիգորը պառկած տեղում իրեն խաչակնքեց: Վանահայրը պետք է եկեղեցի գնար, բայց չգնաց. այդ պահին ուրիշ աղոթք էր ուզում անել: Երկնակամարի տակ սիրտը խորան դարձրեց և «հոգով ու ճշմարտությամբ» պաշտեց երկնքի և երկրի Արարչին: Աչքերով համբուրեց «մնաք բարով» ասող արեգակի վերջին լույսերը: Արևամուտը նրան բաժանում- ներ հիշեցրեց: Կոլոտին և մյուս միաբան եղբայրներին հիշեց. նրանց, ովքեր հանգանակության համար Պարսկաստան ու Վրաստան էին մեկնել: Հորիզոնի կարմրությունը արյան կաթիլների նման թափվեց նրա վրա և կարմիր պատերազմ հիշեցրեց: Պատերա՞զմ. ինչո՞ւ:
Մի պահ ուղղվեց, նստեց խռովված ու սրտակեզ: Մտո- րումների մեջ ընկղմված` ոտքի ելավ ու վանք վերադար- ձավ. քիչ հետո վանքի մայր դարպասը փակվելու էր: Ճիշտ դարպասի մոտով էր անցնում, երբ պահակ միաբանը, ձեռքին հեռադիտակ բռնած, հզոր ձայնով վերևից գոչեց.
– Երեքհոգիանոց մի խումբ է մոտենում, աբբահա՛յր, երկուսը` վեղարավոր: Մինչև այստեղ հասնեն, կես ժամ կտևի: Ի՞նչ անենք. սպասե՞նք նրանց, թե՞ դարպասը փակենք:
– Փակե՛ք, բայց կողքի փոքր դուռը թող բաց մնա, նրանց այնտեղով կընդունեք:
Սակայն ինքը ևս հետաքրքրված վեր ելավ պահակի մոտ, հեռադիտակով մի քանի անգամ ստուգեց ճանապարհը ու սպասեց, մինչև տեսողությունը պայծառանա: Ի վերջո,ճանաչեց եկողներին, և երեսն ուրախությունից փայլեց:
– Սրանք մերոնք են` հայր Աբրահամը, հայր Գևորգն ու Հայկ Սարկավագը:
Գրիգորը ներքև վազեց` եղբայրներին դիմավորելու, որ հանգանակության համար Պասկաստան էին ուղարկվել: Վաղ էին վերադառնում: Նրանց դանդաղ ու համրաքայլ մոտենալը մտահոգեց վանահորը, ում շտապ քայլվածքը վերածվեց սրընթաց վազքի: Իրար փաթաթվեցին, և բոլորը սկսեցին արտասվել: Որքա՜ն դյուրին էր այս բարի մարդկանց համար լաց լինելը: Երբ վանահայրը տեսավ Հայկ սարկավագի փաթաթված գլուխը, հայր Գևորգի կաղալը, անմիջապես հասկացավ. ճամփորդության ընթացքում ինչ-որ սխալ բաներ էին տեղի ունեցել:
– Ի՞նչ է ձեզ պատահել, սիրելինե՛ր:
– Ավազակները մեզ վրա հարձակվեցին, աբբահա՛յր,– պատասխանեց հայր Աբրահամը, որ պատվիրակության ղե- կավարն էր և Գրիգոր վարդապետի քեռորդին:
Աբրահամ Հոշեփեցին Կոլոտի ավագ դասընկերներից էր, որ լինելով Ամրդոլից հեռացող հինգ վարդապետների խմբի մեջ, ովքեր հետևել էին Գրիգոր և Հովհաննես վարդապետներին, ի վերջո, հաստատվել էր Սուրբ Կարապետ վանքում: Այսպիսով, Վարդանի յոթ աշակերտ վարդապետները հայկական այդ մեծագույն վանքում նոր շրջան էին թթխմորում: Աբրահամն աչքի էր ընկնում իր մտքի կարողություններով: Դեմքով շփոթվելու աստիճան նման էր իր քեռուն, և նրան տեսնողները միշտ պիտի հիշեին ժողովրդական առածը, թե «Տղան նման է իր քեռուն, իսկ աղջիկը՝ հորաքրոջը»: Քեռուց ազդվելով` մտել էր վանական կյանք, բայց կարողություններով և աշխուժությամբ Կոլոտին էր հիշեցնում: Աբրահամ Հոշեփեցին եկեղեցականի իր ընտիր հատկությունների շնորհիվ հայոց ապագա կաթողիկոսներից մեկը պիտի դառնար:
– Պարսկաստանը վհուկի կաթսայի նման եռում է` քաղաքական մեծ շփոթությունների մատնվելով: Այդ երկրին անհայտ ապագա է սպասում: Կայսրության մեջ ապրող բոլոր ազգերը, ներառյալ հայերը, պատրաստվում են ապս- տամբելու: Այնտեղ ամեն բան անապահով էր. տնտեսությունը` քայքայված, կաշառակերությունը` վերջին աստիճանին հասած, ամեն կառավարիչ` իր իշխանությամբ տարված, և կենտրոնական իշխանությունը` գրեթե կորստյան մատնված: Թագավորի հեղինակությունը միայն մայրաքաղաքով է սահմանափակվում: Պարսկաստանն իր պատմության տկարագույն պահերն է ապրում` դժբախտաբար, ներքաշվելով պատերազմի փոսը:
Մի պահ կանգ առան զառիվայրի վրա և դդմի սափորներից մի կում ջուր խմեցին: Հայր Աբրահամը շարունակեց իր խոսքը.
– Երբ մի քանի օր էր, ինչ մտել էինք Պարսկաստանի սահմաններից ներս, մի խումբ զինված մարդիկ մոտեցան ու կողոպտեցին մեր ամեն ինչը՝ մեզ պարզ հագուստներով թողնելով: Այդ պահին պիտի ազատ արձակեին մեզ, սակայն իսլամացած մի հայ ավազակապետին ասաց, որ մենք կրոնավորներ ենք, և եթե մեզ գերի վերցնեն, հայ վաճառականներից առատ փրկագին կարող են պոկել: Եվ այսպես` պատանդ վիճակում, ամենադաժան պայմանների տակ երկու շաբաթ նրանց հետ անցկացրինք: Մասնավորապես այդ իսլամացած հայն էր մեզ չարաչար տանջում, որպեսզի մենք էլ իր նման մուսուլման դառնայինք: Մեր բախտից ճանապարհին Ջուղայեցի մի հայ վաճառական հանդիպեց` Հարություն Տեր-Ադամյան անունով, որ Սուրբ Կարապետ եկել էր, ծանոթ էր մեզ և ուզեց մեզ փրկել: Սակայն անզգամները շատ փող ուզեցին, և նա հրաժարվեց փրկագինը վճարելուց: Մեր հույսը գրեթե կորցրել էինք, երբ հանկարծ զինվորների մի խումբ հրոսակախմբի վրա հարձակվեց` ծուղակի մեջ գցելով նրանց:
Դիմադրող մի քանի ավազակներ սպանվեցին` ներառյալ ավազակապետն ու իսլամացած հայը: Սպայապետը մեզ մոտեցավ, մեղմ ձևով ու հարգալից քանդեց մեր կապերը և մեզ մոտիկ մի խանի մոտ տարավ խնամվելու: Այնտեղ հասկացանք, որ խելացի վաճառականը չնչին գումարով կաշառել էր սպայապետին ու համոզել` ավազակների վրա հարձակվելու, որից հետո իրեն ծանոթ միջոցներով կրկին համոզել էր սպայապետին, որպեսզի մեզ չորս զինվոր տրամադրեր` մեզ ընկերանալու և պահպանելու մինչև օսմանյան սահմանը:
Երբ վանք մտան, եղբայրներն արդեն լուրը ստացել էին ու հավաքվել եկողներին դիմավորելու: Ողջագուրվելու արարողությունը երկար տևեց, որից հետո միասնաբար ճաշարան մտան: Այնտեղ բոլոր միաբանները մանրամասնորեն լսեցին նրանց արկածների մասին:
Երկու օր հետո աբբան միաբանական ժողով գումարեց` գալիք պատերազմի վերաբերյալ խնդիրների շուրջ խոսելու: Ժողովը որոշեց հայր Աբրահամին ընտրել փոխվանահայր (փոխվանահայրությունը թափուր էր մնացել Կոլոտի մեկնելուց հետո) և Աբրահամի գլխավորությամբ ճգնաժամային հատուկ հանձնախումբ կազմել, որ ծրագրեր պիտի մշակեր՝ մոտ ապագայում առաջացող խնդիրներին դիմագրավելու: Պատերազմական վիճակում, բնականաբար, կրկնապատիկ սնունդ ապահովելու հարց պիտի ծագեր, և դա նշանակում էր, որ կրկին մեծ պարտքերի տակ են մտնելու. վանքը այդ ավելորդ ծախսերը հոգալու եկամուտ չուներ: Սակայն հարցն անսպասելի կերպով լուծվեց:
Ջեմալն իր այցելությունից մի շաբաթ հետո կրկին հանդիպեց Գրիգոր վարդապետին և նրան շիա մեծավորների հետ տեսակցության հրավիրեց: Գրիգորն Աբրահամին իր հետ տարավ հանդիպման, որ երեք ժամ հեռավորության վրա գտնվող մի քարայրում տեղի ունեցավ: Հրավիրվածները մեկ առ մեկ եկան ձիերով և իրենց ընկերացող զինյալ պարտիզաններով: Քարայրից դուրս երկու հարյուր հեծյալ էր հավաքվել, իսկ ներսում վարդապետների հետ միայն ինը հոգի էր զրուցում: Հավաքված շեյխերի մեջ ամենաերիտասարդը Ջեմալն էր: Խոսք առավ ամենածերը՝ լեռնաբնակ Ավշար թուրքմենների մեծավորը` իր խոսքը վարդապետներին ուղղելով.
– Դուք հայերի մեծավորներն եք, նրանց շեյխերը: Ուստի ուզեցինք ծանոթանալ ձեզ հետ և որոշ առաջարկներ անել: Առանց խոսքս երկարեցնելու` ասեմ, որ արդեն գիտեք, որ Անատոլիան հղի է սուննի և ալավի նոր պատերազմով, որի մեջ նաև բարեկամ հայ ժողովուրդն է ներքաշվելու: Այս պատերազմը կարող է ոսկե առիթ դառնալ օսմանյան լծի տակ տառապող բոլոր ժողովուրդների ազատագրման համար: Երբ կռիվները սկսվեն, դուք էլ ուզած-չուզած պիտի տուժեք, ուրեմն ինչո՞ւ մեզ չեք միանում և չեք կռվում ձեր ազատության համար: Եթե մեր ուժերը միացնենք, կարող ենք ազատվել անաստված օսմանցիների անտանելի լծից:
– Պատերազմի արդյունքը հայտնի է. հնարավոր չէ դուրս գալ աշխարհի գերուժի դեմ,– պատասխանեց Գրիգորը` փոքր-ինչ անակնկալի եկած: Երբեք չէր սպասում նման առաջարկի: Ջանում էր ի մի բերել մտածումները և ճիշտ պատասխաններ տալ հարցադրողներին, որովհետև չէր ուզում այդ մարդկանց գժտեցնել կամ բարկացնել:
– Նույնիսկ Եվրոպայի կազմակերպված հզոր պետություններն անկարողեն նրա բանակների հարձակմանը դիմադրել. ի՞նչ կարող է անել պարզ ժողովուրդը նրա ընկճող զորության առջև: Մեր ժողովուրդը կազմված է քաղաքների արհեստավորներից, դաշտի հողագործներից և անասնաբույծներից` առանց զենքի և բանակի: Մեր անմեղ ժողովրդին այդպիսի պատերազմի առաջնորդելը նշանակում է իսկական կոտորածի ճիրանները հանձնել նրան, ով դարեր ի վեր ո՛չ զենք է ունեցել, ո՛չ էլ կռվի, նույնիսկ ինքնապաշտպանության փորձառություն:
– Բացի դրանից, մենք քրիստոնյա ենք: Եթե ձեզ մեկ անգամ են պատժում, մեզ տասն անգամ ավելի կպատժեն. Մենք փորձառությամբ դա գիտենք,– միջամտեց Աբրահամը:
– Ճիշտ է, երբեմն օսմանյան լուծը շատ ծանր է դառնում, որի տակ, սակայն, մենք` հայերս, մեր հավատարմության շնորհիվ դարերով խաղաղություն և ապահովություն ենք վայելում:
– Ոչխարների խաղաղություն և ապահովություն,– պատասխանեց թուխ մաշկով ալեհեր մի ծերունի, ում խոսքից հստակ երևում էր, որ արաբ շեյխ է,– մինչև հովիվը գա ձեզ մորթելու և ուտելու, իհարկե, խաղաղ և ապահով եք նրա գավազանի շուքի տակ:
– Մենք սրան ավելի շուտ «եղեգների իմաստություն» կանվանեինք,– կրկին խոսեց Գրիգորը:
– Եղեգը փոթորկի առջև չի դիմադրում, այլ կքում է, ճկուն ձևով խոնարհվում և համբերում, մինչև մթնոլորտը հանդարտվի, որից հետո կրկին ուղղվում և վերսկսում է կյանքն ընդհատված տեղից: Սա է մեր ժողովրդի գոյության գաղտնիքը: Մենք մոռացել ենք կռվելը և պատճառ էլ չունենք պետության դեմ կռվելու: Մենք պիտի չեզոք մնանք` մուսուլմանների այս ներքին պատերազմին մաս չկազմելով: Ահա սա է իմ և եղբայներիս որոշումը:
– Մենք արդեն գիտեինք, որ այդպիսին կլինի ձեր պատասխանը: Իրականում մենք ուզում էինք ձեզ հետ ավելի գործնական հարցի շուրջ խորհրդակցել և, եթե հնարավոր լիներ, ձեր օգնությունը խնդրել: Կռիվներն ավելի շատ կենտրոնանալու են Միջին Անատոլիայում, ուր Ալավի բնակչությունը մեծամասնություն է կազմում: Եթե ստիպված լինենք գաղթել, Տարոնի շրջանները մեր ժողովրդի համար իԻրև ապաստարան ենք ընտրել: Եթե նման վիճակի մատնվենք, չենք ուզում, որ մեր ժողովուրդը, ուտելիք չունենալով, սովամահ լինի: Կուզենայինք, որ հայկական գյուղերն ու վանքերը նման պարագայում մեզ օգնեին:
– Մենք իշխանություն չունենք նրանց հրամայելու: Ամեն վանք կամ գյուղ ինքն է որոշում ինչպես վարվել:
– Մենք հատկապես նկատի ունենք Սուրբ Կարապետ վանքը և նրան պատկանող շրջակա գյուղերը: Այդ շրջանը գտնվում է մեր` դեպի Արևելք տեղափոխվելու ճանապարհի վրա, ինչպես նաև Պարսկաստանից գալիք օգնությունն այնտեղից է մեզ հասնելու: Այն մեր հատուկ ուշադրության առարկան է, որովհետև հատուկ պաշտպանություն ու դիմադրություն ենք ծրագրում այնտեղ իրականացնել: Պետք է սնունդբամբարենք այնտեղ: Ալավի գյուղերը հարմար չեն այդ նպատակի համար, որովհետև անպայման պետական հարձակման և խուզարկումների կենթարկվեն: Ձեր մեծ վանքն ու հայկա- կան գյուղերը շատ հարմար են այդ նպատակի համար. այնտեղ կհավաքենք կենսական առարկաները, բացի զինամթերքից, որոնք երբ մեզ անհրաժեշտ լինեն, ձեզանից ստանանք մարդկային օգնության անվան տակ:
– Բայց դա նշանակում է, որ ձեզ օգնելու ենք, իսկ երբ պետության կողմից այն նկատվի, մենք էլ ծանր ձևով կպատժվենք: Դա նաև մեր անկողմնակալությունն է խախտում:
– Երբ պատերազմն այսքան մոտ է, ոչ ոք չի կարող անկողմնակալ լինել: Եթե ապստամբությունը երկարի, Մուշը կլինի մեր դիմադրության ամենավառ վայրը: Եթե մեզ հետ չգործակցեք, ասեմ ձեզ` ինչ է պատահելու: Երբ մեր ուտելիքը սպառվի, շրջակա հայ գյուղերն ենք թալանելու, և մենք ապրելու ենք հայերի սովի հաշվին: Հիմա հասկանո՞ւմ եք, որ մեր առաջարկը շնորհ է` ձեզ ուղղված:
Երկու վարդապետներն էլ գլուխները գետին խոնարհեցին: Գիտեին, որ նրանց ասածները ճիշտ են:
– Ես առաջարկեցի այս տարբերակը, հա՛յր սուրբ,–լռությունն ընդհատեց Ջեմալը,– և նրանք էլ ընդունեցին, որովհետև ուզում ենք ամենաքիչ վնասը տալ ձեր ժողովրդին և այս հողերի վրա բարեկամ մնալ:
– Վանքը լեցուն է ուխտավորներով ու լրտեսներով: Ձեր բերելիք այդքան շատ ապրանքն ու սնունդն անպայման կնշմարվի, և մեկը լռելյայն դա կհասցնի կառավարությանը, այդպես չէ՞,– հարցրեց Գրիգորը:
– Մենք դրա մասին էլ ենք մտածել: Դուք այդ ամենը իբրև թե ձեզ պետքական բաներ` կարող եք մեզանից գնել, և քանի որ պատերազմական վիճակ է, որևէ մարդ չի կասկածի:
– Ի՞նչ դրամով ենք այդ ամենը գնելու,– ժպտաց Աբրահամը փոքր քահ-քահով:
– Մեր կարիքների համար մենք նույնիսկ ի վիճակի չենք ավելորդ պահեստ ապահովելու:
– Մենք նաև դրա մասին ենք մտածել,– ասաց թուրքմեն շեյխը և նշան արեց. մարդիկ կաշվե երեք պարկ ներս բերեցին ու բոլորի առջև դրեցին:
– Այս տոպրակները լեցուն են ոսկով: Սրանով կգնեք մեր ուղարկելիք սնունդը, և դրամը կրկին մեզ ետ կդառնա: Առաջին պարկը փախստական ժողովրդի համար է, երկրորդը՝ մեր պարտիզանների, իսկ երրորդը՝ ձեզ համար՝ որպես նշան մեր բարեկամության:
Մարդիկ այս անգամ սավանով փաթաթված մի սնդուկ ներս բերեցին:
– Սա մեր ընդհանուր գանձն է: Փափագում ենք, որ այն ձեր վանքի գանձարանում պահեք: Երբ պետք լինի, երկու մարդ կայցելի ձեզ` ունենալով երկու բանալի, և ձեր ականջին գաղտնի խոսք կփսփսա, որ շեյխ Ջեմալը հետո ձեզ կհայտնի: Այդ մարդիկ անհրաժեշտ գումարը կվերցնեն և ձեր ներկայությամբ սնդուկը կրկին կկողպեն:
Վերադարձին տասնհինգ հեծյալներ ուղեկցեցին նրանց: Ջեմալը երկուսի ականջին էլ փսփսաց գաղտնի խոսքը. «Մենք քաղցած ենք»: Երբ մոտեցան վանքին, տասը հեծյալներ ցրվեցին տարբեր ուղղություններով: Մնացածներն էլ որոշեցին երկու խմբով մուտք գործել վանք ուշադրություն չգրավելու համար: Վարդապետներն ու երկու ձիավորներ գանձով վանահոր սենյակը մտան, իսկ Ջեմալն ու երեք հեծյալներ տասը րոպե հետո երեք պարկերով ներս մտան:
Երբ առանձին մնացին, երկու վարդապետները մտահոգ ու տխուր իրար նայեցին:
– Հուսամ` մեր գլխին մեծ փորձանք չի գա,– ասաց աբբահայրը,– վախենամ շատ դյուրին նրանց առաջարկներն ընդունեցինք:
– Դժբախտաբար, երկու չարիքների փոքրագույնը սա էր: Տեսնենք` այս չարաբաստիկ պատերազմը երբ պիտի բռնկվի:
Հաջորդ գլուխը՝
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: