Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)
«Իսկ Եսավին ատեցի, նրա լեռները մատնեցի ամայացման, և նրա ժառանգությունը՝ անապատի շնագայլերին»։ (Սինոդական թարգ․) [3]
Այստեղ խոսքն արդեն ոչ թե Եսավի` որպես հրեաների նախահոր, այլ Եսավից սերած եդոմական ժողովրդի մասին է։ Տերն «ատեց» եդոմական ժողովրդին։ Այդ արտահայտությունը անթրոպոմորֆիզմ (մարդակերպություն) է, որը Մաղաքիան գործածում է, որպեսզի համոզի իր ունկնդիր հրեաներին, որ Աստված իսկապես սիրում է իրենց։ Իրականում, սիրելով հրեաներին, հնարավոր չէր միաժամանակ չատել նաև եդոմացիներին, որոնք մշտապես ձգտում էին հրեաներին ամեն տեսակ չարիք պատճառել։ Եդոմի հանդեպ Աստծու ատելությունն արտահայտում է այդ ժողովրդի դեմ ուղղված Աստծու մշտական բարկությունը, քանի որ վերջինս իր հերթին անդադար շարունակում էր ամեն տեսակ չարիք գործել Աստծու ընտրյալ ժողովրդի՝ հրեաների հանդեպ։
«Նրա լեռները մատնեցի ամայացման». լեռները եդոմացիների բնակության վայրերն էին (տե´ս Աբդ․ 1: 3)։ Հետևաբար, «լեռներ ամայացնելը» նշանակում է կործանել եդոմացիների բոլոր բնակավայրերը։
«Անապատային շնագայլերին». (այս մասին ընթերցի՛ր նաև Ես․ 34։13−րդ համարի մեկնությունը)։ Տիխոմիրովն այս հատվածը հետևյալ կերպ է թարգմանում․ «Նրա տարածքները տափաստանային արոտավայր (դարձրեց)»։ Թե այստեղ մարգարեն Եդոմի ո՞ր ավերածությունը նկատի ունի, վստահաբար դժվար է ասել։ Ամենահավանական ենթադրությունն այն է, որ նա այստեղ ակնարկում է այն ավերածությունները, որոնք Եդոմին պատճառել էին պարսից թագավորները՝ Դարեհ Ա Հիստասպը, Քսերքսեսը և Արտաքսերքսեսը: Եգիպտոս կատարած իրենց արշավանքների ժամանակ նրանք չէին կարող շրջանցել Եդոմը և, բնականաբար, ամեն անգամ այն ենթարկում էին ավերածության, մինչդեռ այս թագավորները, ընդհանուր առմամբ, բարեհաճ էին հրեաների նկատմամբ։
--------------------------------
[3](Էջմիածին թարգ․) նրա սահմանները ամայութեան դարձրի եւ նրա ժառանգութիւնը՝ անապատի բաժին:
(Արարատ թարգ.) Իսկ Եսավին ատեցի և նրա սարերը ամայի դարձրի, իսկ նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»։
(Գրաբար) եւ կարգեցի զսահմանս նորա յապականութիւն, եւ զժառանգութիւն նորա ի դաշտ անապատի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: