Մաղաքիայի մարգարեության մեկնություն 2։16

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Եթե ատում ես նրան, արձակի՛ր,- ասում է Իսրայելի Տեր Աստվածը,- և անարգանքը կծածկի նրա հանդերձը,- ասում է Զորությունների Տերը։ Ուստի զգուշացե՛ք ձեր հոգիների համար և ուխտազանց մի՛ եղեք»։ (Սինոդական թարգ․) [16]
   
    Այս համարի ռուսերեն թարգմանությունն անորոշ է։ Տիխոմիրովի մոտ տրվում է հետևյալ թարգմանությունը․ «Քանզի Ես ատում եմ ապահարզանը, - ասում է Տերը` Իսրայելի Աստվածը,− և նրան, ով իր հագուստը անարգանքով է ծածկում, - ասում է Զորությունների Տերը։ Ուստի զգուշացե՛ք ձեր հոգիների համար և ուխտազանց մի՛ եղեք»։ Այս թարգմանության իմաստն ամբողջովին պարզ է։ Աստված չի կարող խրախուսել ամուսնալուծությունը, որովհետև ամուսնալուծվողն ակնհայտ մեղք է գործում (կարծես ամբողջությամբ անարգանքով է զգեստավորվում)։

    Հիանալի է Մաղաքիա մարգարեի խստությունը խառնամուսնությունների և ամուսնալուծությանն առնչվող հարցերի վերաբերյալ։ Մովսեսի Օրենքն արգելում էր միայն քանանացի կանանց հետ ամուսնությունները (Ելք 34։16, Բ Օր․ 7։3), մինչդեռ Մաղաքիան ընդհանրապես արգելում է օտարազգիների հետ ամուսնությունները։

    Այս հարցում նա համաձայն է Եզրասի և Նեեմիայի հետ (Բ Եզր․ 9։2, Նեեմ․ 13։23)։ Հետգերության շրջանի հրեական նոր համայնքը պետք է խստորեն պահեր իր աստվածապետական մեկուսացումը, որպեսզի չձուլվեր հեթանոսությանը։ Ճիշտ այդպես էլ Մաղաքիան խստացնում է նաև Մովսիսական Օրենքի արգելքը ամուսնալուծության վերաբերյալ։ Մովսեսն ամուսնալուծություն թույլ էր տալիս միայն որոշակի պարագաներում (Բ Օր․ 24։1), իսկ Մաղաքիան ամբողջությամբ մերժում է ամուսնալուծության իրավունքը` այս հարցում մոտենալով Քրիստոսի պատվիրանին (Մատթ․ 19։8-9)։

--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) իսկ եթէ ատելու պատճառով արձակես նրան, ամբարշտութիւնը կը ծածկի քո խորհուրդը, - ասում է Իսրայէլի Տէր Աստուածը: Զգո՛յշ վարուեցէք եւ անհաւատարիմ մի՛ եղէք, - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ.) «Որովհետև ես ատում եմ ապահարզանը,- ասում է Տերը՝ Իսրայելի Աստվածը,- բռնությամբ հանդերձը ծածկելը,- ասում է Զորքերի Տերը,- ուրեմն զգուշացե՛ք ձեր հոգիների համար և անհավատարիմ մի՛ եղեք»։
(Գրաբար) բայց եթէ առ ատել արձակեսցես՝ ասէ Տէր Աստուած Իսրայէլի։ Ծածկեսցէ ամպարշտութիւն զխորհուրդս քո, ասէ Տէր ամենակալ. զգոյշ լերուք յոգիս ձեր, եւ մի թողուցուք։