Երեմիայի մարգարեության մեկնություն 31:1

Ա. Լոպուխին

1–26. «Այն ժամանակ,- ասում է Տերը, - Ես կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի Աստվածը, և նրանք կլինեն Իմ ժողովուրդը»: [1] «Այսպես է ասում Տերը. «Սրից ապաքինված ժողովուրդը ողորմություն գտավ անապատում. գնում եմ հանգստացնելու Իսրայելին»»։ «Վաղուց երևաց ինձ Տերը և ասաց. «Հավիտենական սիրով եմ Ես սիրել քեզ և դրա համար էլ բարեհաճությամբ դեպի քեզ դարձա»»: «Ես կրկին պիտի կառուցեմ քեզ, և դու պիտի կառուցվես, Իսրայելի' կույս, կրկին պիտի զարդարվես քո թմբուկներով և պիտի միանաս ուրախացողների շուրջպարին»։ «Կրկին խաղողի այգիներ պիտի տնկես Սամարիայի լեռների վրա. տնկողները, որոնք պիտի տնկեն դրանք, նրանք նույնպես պիտի օգտվեն դրանցից»։ «Որովհետև կգա այն օրը, երբ պահապանները Եփրեմի լեռան վրա պիտի կանչեն. «Վե՛ր կացեք, և բարձրանա'նք Սիոն` դեպի մեր Տերը Աստվածը»»։ «Որովհետև այսպես է ասում Տերը. «Ուրախությամբ երգե՛ք Հակոբի համար և ցնծացե՛ք ժողովուրդների գլխավորի առաջ. բարձրաձայնե'ք, փառավորե՛ք և ասացե՛ք. «Փրկի՛ր, Տեր, քո ժողովրդին՝ Իսրայելի մնացորդին»»։ «Ահա, Ես նրանց պիտի բերեմ հյուսիսային երկրից և նրանց պիտի հավաքեմ երկրի ծայրերից. կույրին ու կաղին, հղիին ու ծննդկանին` նրանց հետ միասին միասին, մի մեծ բազմություն պիտի վերադառնա այստեղ»։ «Նրանք գնացին արցունքներով, բայց Ես նրանց առաջնորդելու եմ մխիթարությամբ. նրանց առաջնորդելու եմ ջրերի վտակների մոտ` հարթ ճանապարհով, որի վրա չեն սայթաքելու. որովհետև Ես Իսրայելի հայրն եմ, և Եփրեմն Իմ առաջնեկն է»։ «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ժողովուրդնե'ր, և պատմե՛ք հեռավոր կղզիներին ու ասացե՛ք. «Ով ցրիվ տվեց Իսրայելին, Նա էլ պիտի ժողովի նրան և պիտի պահպանի նրան, ինչպես հովիվը՝ իր հոտը»։ «Որովհետև Տերը փրկագնելու է Հակոբին ու նրան ազատելու է իրենից ավելի զորավորի ձեռքից»։ «Եվ պիտի գան նրանք ու պիտի ցնծան Սիոնի բարձունքների վրա. և պիտի հոսեն Տիրոջ բարիքներից, ցորենից ու գինուց և յուղից, գառներից ու եզներից. և նրանց հոգիները պիտի լինեն ջրարբի պարտեզի նման, և նրանք այլևս չպիտի նվաղեն»։ «Այդ ժամանակ կույսը պիտի ուրախանա շուրջպարով, և երիտասարդներն ու ծերերը միասին. և նրանց վիշտն ուրախություն կդարձնեմ ու կմխիթարեմ նրանց, և կուրախացնեմ նրանց իրենց տխրությունից հետո»։ ««Եվ քահանաների հոգիները պիտի հագեցնեմ պարարտությամբ, և Իմ ժողովուրդը պիտի կշտանա Իմ բարիքներով», - ասում է Տերը»։ «Այսպես է ասում Տերը. «Մի ձայն է լսվում Ռամայում, ողբ ու դառնագին հեկեկոց. Ռաքելը լալիս է իր երեխաների համար և չի ուզում մխիթարվել իր երեխաների համար, քանի որ նրանք չկան»»։ «Այսպես է ասում Տերը. «Ձայնդ դադարեցրո՛ւ լալուց և աչքերդ՝ արտասուքից, որովհետև վարձ կա քո աշխատանքի համար, - ասում է Տերը, - և նրանք կվերադառնան թշնամական երկրից»»։ «Եվ հույս կա քո ապագայի համար, - ասում է Տերը, - և քո որդիները պիտի վերադառնան իրենց սահմանները»։ «Լսում եմ ողբացող Եփրեմին. «Դու պատժեցիր ինձ, և ես պատժվեցի անվարժ հորթի նման. ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև Դու ես իմ Տեր Աստվածը»»։ «Երբ ես դարձի եկա, ես ապաշխարեցի, և երբ գիտակցեցի, խփեցի իմ ազդրերին. ես ամաչեցի, ես շփոթվեցի, որովհետև կրեցի իմ երիտասարդության նախատինքը»։ ««Մի՞թե Եփրեմն Ինձ համար պատվական որդի չէ կամ մի՞թե սիրելի զավակ չէ, որովհետև հենց որ խոսում եմ նրա մասին, միշտ սիրով եմ հիշում նրան. Իմ ներսը տակնուվրա է լինում նրա համար. պիտի ողորմեմ նրան», - ասում է Տերը»։ «Նշանասյունե՛ր կանգնեցրու քեզ համար, սյունե՛ր կանգնեցրու քեզ համար, սիրտդ դարձրու դեպի ճանապարհը, դեպի այն ուղին, որով դու քայլել ես. վերադարձի՛ր, Իսրայելի կույս, վերադարձի՛ր դեպի քո այս քաղաքները»։ «Մինչև ե՞րբ պիտի թափառես, ընկած դուստր: Որովհետև Տերը նոր բան է ստեղծելու երկրի վրա. կինը պիտի կփրկի տղամարդուն»։ «Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Այսուհետ, երբ Ես նրանց վերադարձնեմ գերությունից, Հուդայի երկրում և նրա քաղաքներում պիտի ասեն այս խոսքը. «Տերը թող օրհնի քեզ, արդարությա'ն բնակավայր, սուրբ լեռ»»։ «Եվ այնտեղ պիտի բնակվեն Հուդան և նրա բոլոր քաղաքները` միասին, երկրագործները և հոտերի հետ քայլողները»։ «Որովհետև Ես պիտի հագեցնեմ հոգնաբեկ հոգին և պիտի կշտացնեմ յուրաքանչյուր վշտացած հոգին»։ «Ապա ես զարթնեցի ու նայեցի, և իմ քունը հաճելի էր ինձ համար»։ (Սինոդական թարգմ.)
    
    Գերությունից հետո Իսրայելի վերականգնումն իր հայրենիքում

    Այստեղ շարունակվում են «Իսրայելի բոլոր ցեղերին» տրվող խոստումները, բայց առաջին պլան է մղվում 10 ցեղերից կազմված Իսրայելական թագավորությունը: Տերը կրկին Իսրայելի երկրում է,  որ հավաքի  այնտեղից տարված նրա բնակիչներին, և վերջիններս նորից ապաշխարության արցունքներով և ջերմ աղոթքներով  դիմելու են իրենց Աստծուն: Իսրայելի երկրում ուրախության ժամանակ է սկսվելու, և այդ ժամանակ Հովսեփի սերնդի նախամայր Ռաքելը մխիթարվելու է գերությունից իր զավակների սպասվող վերադարձով: Իր հերթին, Իսրայելը չպետք է հետաձգի իր դարձը դեպի Աստված:

----------------------------------------------

[1](Էջմիածին թարգմ.) «Այն ժամանակ, - ասում է Տէրը, - ես Իսրայէլի ժողովրդի համար Աստուած կը լինեմ, իսկ նա ինձ համար՝ ժողովուրդ»:
(Արարատ թարգմ.) «Այն ժամանակ,- ասում է Տերը,- ես Աստված կլինեմ Իսրայելի բոլոր ազգատոհմերի համար, և նրանք ինձ համար ժողովուրդ կլինեն»։
(Գրաբար) Ի ժամանակի յայնմիկ ասէ Տէր։ եւ եղէց յԱստուած ազգիդ Իսրայէլի, եւ դոքա եղիցին ինձ ի ժողովուրդ։