Երեմիայի մարգարեության մեկնություն 38:14

  Ա. Լոպուխին

14–28. «Այդ ժամանակ Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին կանչեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքի մոտ, և թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու. ոչինչ չթաքցնե՛ս ինձնից»»։ [14] «Եվ Երեմիան ասաց Սեդեկիային. «Եթե բացահայտ պատմեմ քեզ, մի՞թե դու ինձ մահվան չես մատնի. և եթե քեզ խորհուրդ էլ տամ, դու ինձ չես լսելու»»։ «Եվ Սեդեկիա թագավորը ծածկաբար երդվեց Երեմիային՝ ասելով. «Կենդանի է Տերը, Որը ստեղծել է մեր այս հոգին, քեզ մահվան չեմ մատնի և չեմ հանձնի այս մարդկանց ձեռքը, որոնք փնտրում են քո հոգին»»։ «Այդ ժամանակ Երեմիան ասաց Սեդեկիային. «Այսպես է ասում Զորությունների Տեր Աստվածը, Իսրայելի Աստվածը. «Եթե դու գնաս Բաբելոնի թագավորի իշխանավորների մոտ, այն ժամանակ ողջ կմնա քո հոգին, և այս քաղաքը չի այրվի կրակով, ու դու և քո տունը ողջ կլինեք»։ «Իսկ եթե չգնաս Բաբելոնի թագավորի իշխանավորների մոտ, այդ դեպքում այս քաղաքը պիտի մատնվի քաղդեացիների ձեռքը, և նրանք այն պիտի այրեն կրակով, և դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից»»։ «Եվ Սեդեկիա թագավորն ասաց Երեմիային. «Ես վախենում եմ այն հրեաներից, որոնք անցել են քաղդեացիների կողմը, որպեսզի քաղդեացիներն ինձ նրանց ձեռքը չմատնեն, և որպեսզի նրանք չնախատեն ինձ»»։ «Եվ Երեմիան ասաց. «Չեն մատնի. լսի՛ր Տիրոջ ձայնը, որը ես ասում եմ քեզ, և լավ կլինի քեզ համար, ու ողջ կմնա քո հոգին»»։ «Իսկ եթե դու մերժես անձնատուր լինել, ապա ահա այն խոսքը, որը Տերը ցույց տվեց ինձ»։ «Ահա, այն բոլոր կանայք, որոնք մնացել են Հուդայի թագավորի տանը, դուրս պիտի տարվեն Բաբելոնի թագավորի իշխանավորների առաջ, և նրանք պիտի ասեն. «Քեզ հրապուրեցին և հաղթեցին քո ընկերները. քո ոտքերը խրվեցին տիղմի մեջ, և նրանք հեռացան քեզնից»»։ «Եվ քո բոլոր կանանց ու քո զավակներին դուրս պիտի հանեն քաղդեացիների մոտ, և դու էլ չպիտի ազատվես նրանց ձեռքից. այլ պիտի բռնվես Բաբելոնի թագավորի ձեռքով, և այնպես պիտի անես, որ այս քաղաքն այրեն կրակով»։ «Եվ Սեդեկիան ասաց Երեմիային. «Ոչ ոք չպետք է իմանա այս խոսքերը, և այդ դեպքում դու չես մեռնի»»։ «Եվ եթե իշխանավորները լսեն, որ ես խոսել եմ քեզ հետ, և գան քեզ մոտ ու ասեն քեզ. «Ասա՛ մեզ, դու ի՞նչ ես ասել թագավորին, մի՛ թաքցրու մեզնից, և մենք քեզ չենք մատնի մահվան, ինչպես նաև [ասա] այն, ինչ թագավորն ասաց քեզ»»: «Այն ժամանակ կասես նրանց. «Ես աղաչանքս մատուցեցի թագավորին, որպեսզի ինձ չուղարկի Հովնաթանի տունը, որպեսզի այնտեղ չմեռնեմ»»։ «Եվ բոլոր իշխանավորները եկան Երեմիայի մոտ ու նրան հարցրին, և նա ասաց նրանց ըստ այն բոլոր խոսքերի, որոնք թագավորը հրամայել էր իրեն ասելու, և նրանք լռելյայն թողեցին նրան, որովհետև նրանց հայտնի չդարձավ թագավորի ասածը»։ «Եվ Երեմիան մնաց պահակախմբի գավթում մինչև այն օրը, երբ գրավվեց Երուսաղեմը։ Եվ Երուսաղեմը գրավվեց»։ (Սինոդական թարգմ.)
    
    Թագավորը կրկին զրուցելու համար իր մոտ է կանչում մարգարեին, բայց Երեմիան նրան ցույց է տալիս այն վտանգը, որը սպառնում է իրեն, եթե նա թագավորին կրկին նույն ուղղվածություն ունեցող խորհուրդ տա: Սակայն երբ թագավորը հավաստիացնում է մարգարեին, որ ինչ էլ նա ասի նրան, մահվան չի մատնի, Երեմիան կրկին նրան քաղդեացիներին հանձնվել է առաջարկում: Թագավորն այն բանի համար է վախ արտահայտում, որ այնտեղ՝ գերության մեջ, հրեա դավաճանները կծիծաղեն իր վրա, բայց Երեմիան ասում է, որ մարգարեի խոսքին չհնազանդվելու դեպքում արքայական հարեմի կանայք են ծիծաղելու թագավորի վրա՝ որպես թույլ կամքի տեր ու ազնվականների անխոհեմ խորհրդին ենթարկված մարդու: Թագավորը, սակայն, չի համարձակվում հետևել Երեմիայի խորհրդին, նրան պահակախմբի բակ վերադառնալ է թույլատրում և նրանից՝  թագավորի հետ զրույցը ազնվականներից գաղտնի պահելու  խոստում է առնում: Տաճարի երրորդ մուտքի գտնվելու վայրն անհայտ է: Ենթադրվում է, որ սա  պալատից դեպի տաճարի արտաքին բակը տանող  արքայի համար նախատեսված հատուկ մուտք էր:
-----------------------------------------------
[14](Էջմիածին թարգմ.) Սեդեկիա արքան մարդ ուղարկեց եւ մարգարէին կանչեց իր մօտ, Ասսալիսայի կացարանը, որը գտնւում էր Տիրոջ տաճարի մէջ : Արքան նրան ասաց. «Մի բան պիտի հարցնեմ քեզ, բայց չլինի թէ ինձնից պահես»:

(Արարատ թարգմ.) Սեդեկիա թագավորը մարդ ուղարկեց և Երեմիա մարգարեին ընդունեց իր մոտ՝ Տիրոջ տան երրորդ մուտքում։ Թագավորն ասաց Երեմիային. «Ես քեզնից մի բան եմ հարցնելու, ինձնից ոչինչ չթաքցնես»։
(Գրաբար) Եւ առաքեաց արքայ Սեդեկիա, եւ կոչեաց առ ինքն զմարգարէն ի տուն Ասսաղիսայն, որ էր ի տան Տեառն։ եւ ասէ ցնա արքայն. Հարցանեմ ինչ ցքեզ բան, մի՞ իցէ թէ թաքուցանիցես յինէն զբանն։