Երեմիայի մարգարեության մեկնություն 40:7

Ա. Լոպուխին

7-16. «Երբ դաշտում եղող բոլոր զորապետները՝ նրանք և իրենց մարդիկ, լսեցին, որ Բաբելոնի թագավորը Գոդողիային՝ Աքիկամի որդուն, կառավարիչ է կարգել երկրի վրա ու նրան է հանձնել այն տղամարդկանց և կանանց ու երեխաներին և երկրի այն չքավորներին, որոնք գերի չէին տարվել Բաբելոն»: [7]«Այդ ժամանակ Գոդողիայի մոտ՝ Մասփա եկան և՛ Իսմայելը՝ Նաթանիայի որդին, և՛ Հոհանանը և Հովնաթանը՝ Կարեի որդիները, և՛ Սարայիան՝ Թանհումեթի որդին, և՛ Օփա նետոփաթացու որդիները, և՛ Հեզոնիան՝ Մաքաթիի որդին, նրանք և իրենց մարդիկ»։ «Գոդողիան՝ Սափանի որդի Աքիկամի որդին, երդվեց նրանց ու նրանց մարդկանց՝ ասելով. «Մի՛ վախեցեք քաղդեացիներին ծառայելուց, մնացե՛ք այս երկրում ու ծառայե՛ք Բաբելոնի թագավորին, և ձեզ համար լավ կլինի»»։ «Իսկ ես մնում եմ Մասփայում, որպեսզի կանգնեմ այն քաղդեացիների դիմաց, որոնք կգան մեզ մոտ. դուք էլ հավաքե՛ք գինի և ամառային պտուղներ ու յուղ և դրանք դրե՛ք ձեր անոթների մեջ, ու բնակվե՛ք ձեր քաղաքներում, որոնք զբաղեցրել եք»։ «Նաև այն բոլոր հրեաները, որոնք գտնվում էին Մովաբի երկրում ու Ամմոնի որդիների մեջ և Եդովմում ու բոլոր երկրներում, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորն իրենց տեղում է թողել հրեաների մի մասին և նրանց վրա է կարգել Գոդողիային՝ Սափանի որդի Աքիկամի որդուն»: «Եվ այս բոլոր հրեաները հետ դարձան այն բոլոր վայրերից, ուր աքսորված էին, և եկան Հուդայի երկիրը՝ Գոդողիայի մոտ՝ Մասփա, և ամբարեցին չափազանց շատ գինի ու ամառային պտուղներ»։ «Միևնույն ժամանակ Հոհանանը՝ Կարեի որդին, և դաշտում եղող բոլոր զորապետները եկան Գոդողիայի մոտ՝ Մասփա»։ «Եվ ասացին նրան. «Դու գիտե՞ս, որ Բաալիսը՝ Ամմոնի որդիների թագավորը, Իսմայելին՝ Նաթանիայի որդուն ուղարկել է քեզ սպանելու համար»։ Բայց Գոդողիան՝ Աքիկամի որդին, չհավատաց նրանց»»։ «Այդ ժամանակ Հոհանանը՝ Կարեի որդին, Գոդողիային Մասփայում ծածուկ ասաց. «Թույլ տուր ինձ, որ ես գնամ և սպանեմ Իսմայելին՝ Նաթանիայի որդուն, ու ոչ ոք չի իմանա. ինչո՞ւ թույլ տանք, որ նա սպանի քեզ, և որ բոլոր հրեաները, որոնք հավաքվել են քեզ մոտ, ցրվեն, և որ կորչի Հուդայի մնացորդը»»։ «Բայց Գոդողիան՝ Աքիկամի որդին, ասաց Հոհանանին՝ Կարեի որդուն. «Մի՛ արա այդ բանը, որովհետև դու սուտ ես ասում Իսմայելի մասին»»։ (Սինոդական թարգմ.)
     
      Գոդողիան սկսեց լավ կարգուկանոն հաստատել Հրեաստանում մնացած բնակիչների շրջանում, և նրա շուրջը հավաքվեցին հրեական ջոկատների մնացորդները, որոնք Երուսաղեմի գրավման ժամանակ քաղաքից դուրս էին, ինչպես նաև այն հրեաները, որոնք քաղդեացիներից փրկվեցին ամմոնացիների մոտ՝ Հորդանանի մյուս կողմը փախչելով: Բայց հայրենի երկրում մնացած հրեական համայնքի բարեկեցությունը շուտով ավարտվեց: Ինչ–որ Իսմայիլ դավադրություն կազմակերպեց Գոդողիայի դեմ։ Այդ մասին Գոդողիան ժամանակին տեղեկացվել էր, բայց նրա դեմ կառավարիչը չէր ցանկացել որևէ միջոց ձեռնարկել:

--------------------------------------------

[7](Էջմիածին թարգմ.) Բոլոր զօրքերի հրամանատարները, որոնք գտնւում էին դաշտում, իրենք ու իրենց զօրքերը լսեցին, որ բաբելացիների արքան երկրին վերակացու է կարգել Աքիկամի որդի Գոդողիային՝ նրան յանձնելով տղամարդկանց ու կանանց եւ մեծաթիւ ժողովրդի, ինչպէս եւ երկրի բնակչութեան աղքատ մասին, որոնց չէր գաղթեցրել Բաբելոն:
(Արարատ թարգմ.) Եվ դաշտում եղող բոլոր զորապետները՝ և՛ իրենք, և՛ իրենց մարդիկ, երբ լսեցին, որ Բաբելոնի թագավորը երկրի վրա է կարգել Աքիկամի որդի Գոդողիային և նրան է հանձնել այն մարդկանց, կանանց ու երեխաներին և երկրի չքավորներին, որոնք գերի չէին տարվել Բաբելոն,
(Գրաբար) Եւ լուան ամենայն զաւրավարք զաւրաց որ էին ի բացի, ինքեանք եւ զաւրք իւրեանց, թէ կացոյց արքայն բաբելացւոց զԳոդողիա որդի Աքիկամայ ի վերայ երկրին. եւ յանձն արար նմա զարս՝ եւ զկանայս, եւ ժողովուրդ բազում. եւ յաղքատաց ժողովրդեան երկրին զորս ոչ խաղացոյց ի Բաբելովն։