Երեմիայի մարգարեության մեկնություն 51։63

  Ա. Լոպուխին

«Եվ երբ վերջացնես այս գրքի ընթերցումը, նրանից մի քա՛ր կապիր և այն նետի՛ր Եփրատի մեջ»: (Սինոդական թարգմ.) [63]
   
    Պապիրուսի գալարի խորտակումը պետք է ծառայեր որպես Բաբելոնի անկման տեսանելի պատկեր:
    Հատուկ նշումներ: Բաբելոնի մասին մարգարեի խոսքերը, որ նա արտասանել էր մի քանի տարիների ընթացքում, Սեդեկիայի թագավորության 4–րդ տարում նրա կողմից մեկտեղվել են մեկ գրության մեջ: L և LI գլուխների իսկության վերաբերյալ լուրջ առարկություններ կան, բայց, այնուամենայնիվ, այս առարկությունները կարող են վերացվել գործի անաչառ քննության միջոցով: Ինչ վերաբերում է L և LI գլուխների մարգարեական խոսքերի ոճին, ապա այն հստակորեն արտացոլում է Երեմիայի գրելաոճը: Գրողը ազատորեն կրկնությունների միջով փոխանցում է Երեմիայի  խոսքերը, իսկ դա կարող էր անել միայն ինքը՝ մարգարեն.  մեկ այլ գրող դա անել չէր համարձակվի: Ասում են՝ ենթադրվում է, որ Երուսաղեմի և տաճարի ավերումը արդեն տեղի է ունեցել, ինչը հակասում է այս մարգարեությունների կազմման ժամանակահատվածի վերաբերյալ   59 համարում  նշված պարագային: Ասում են, որ այստեղ Երեմիան, մարգարեանում է բաբելոնական գերությունից հրեաների մոտալուտ ազատման մասին, որն էլ հակասում է իր նախորդ ճառերին, որոնցում նա հորդորում էր իր ցեղակիցներին համբերատար ապրել գերության մեջ, որը պետք է տևեր 70 տարի: Սակայն, ըստ Երեմիայի, գերությունն արդեն սկսվել էր Հովակիմի օրոք հրեաների մի մասի Բաբելոն տարվելով (մ.թ.ա. 607 թվական), իսկ Երուսաղեմի ու տաճարի վերահաս կործանումը նրա համար արդեն կատարված փաստ էր: Բայց ավելին, ոչ մի տեղ նա Երուսաղեմի և տաճարի կործանման մասին չի խոսում՝ որպես արդեն տեղի ունեցած իրադարձությունների:  Մարգարեության 51:51 համարում Երեմիան խոսում է միայն սրբավայր օտարականների ներխուժման մասին, ինչը կարող էր վերաբերել 607 թվականին տեղի ունեցած քահանաների և տաճարի սպասքի գերեվարմանը: Տերը դեռ բնակվում էր Երուսաղեմում  (Երեմ. 51:50), ինչպես ինքը մարգարեն  (Երեմ. 50:5): Այնուհետև, եթե այս հատվածը ինչ–որ մեկը գրած լիներ Կյուրոսի կողմից Բաբելոնը գրավելուց հետո, ապա դրանում Բաբելոնի կործանումը չէր կարող այնքան ամբողջական պատկերվել, որքան այստեղ է, և այդպիսի տեսք, ըստ էության, այն չուներ Կյուրոսի ժամանակ: Բաբելոնը կործանողներն այնպիսի թշնամիներ էին (Մեդիայի թագավորները և այլք), որոնք կարող էին այդպիսին թվալ մի գրողի, որն ապրում էր Կյուրոսի կողմից Բաբելոնը գրավելուց առաջ: Եվ կարո՞ղ էր արդյոք հետգերության շրջանի գրողը Բաբելոնի վերաբերյալ խոսել որպես փառքի գագաթնակետին կանգնած պետության մասին: Հետո, 33 համարը չէր կարող գրվել Կյուրոսի կողմից Բաբելոնը գրավելուց և հրեաներին գերությունից ազատելուց հետո: Նրանք նաև ասում են, որ ավելի վաղ Երեմիան ավելի մեծ համակրանքով էր խոսում քաղդեացիների մասին, բայց այստեղ նա որպես նրանց ատող է ներկայանում: Սակայն մարգարեն նաև նախկինում էր քաղդեացիներին փառաբանում միայն որպես Աստծո կամքը կատարողների, և ամենևին էլ մարդկության պատմության մեջ նրանց ոչ մի առանձնահատուկ ու օգտակար նշանակություն չէր տալիս:
    Բաբելոնի մասին մարգարեության կատարման մասին ընթերցի՛ր Եսայու մարգարեության 13և 14–րդ գլուխներում:
   
Տե՛ս Երեմիայի մարգարեության մեկնություն գլուխ 51:1

-----------------------------------------

[63](Էջմիածին թարգմ.) Իսկ երբ վերջացնես այդ մատեանի ընթերցումը, քար կը կապես դրան, կը գցես Եփրատի մէջ
(Արարատ թարգմ.) Եվ երբ վերջացնես այս գիրքը կարդալը, նրանից մի քա՛ր կապիր, այն գցի՛ր Եփրատի մեջ
(Գրաբար) Եւ եղիցի յորժամ դադարեսցես յընթեռնլոյ զմատեանդ զայդ, կապեսցես ի դմա քար եւ ընկեսցես ի մէջ Եփրատայ.