Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք: Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու։
Հարց․ Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որն ասում է.Հեթանոսներ, իմացե՛ք, Աստված մեզ հետ է.
Պատասխան․ Վարդապետներն այս խոսքը տարբեր կերպ են բացատրում: Ըստ Եփրեմի մեկնության՝ քանի որ դամասկացիների Հռասոն արքան և սամարացիների Փակեե թագավորը, Աքազի օրոք պաշարեցին Երուսաղեմը, սակայն չկարողացան մի վնաս իսկ հասցնել նրան, այս պատճառով է հիշատակվում Էմանուելը, որը խաղաղության ու փրկության նշան տվեց նրանց՝ ըստ մարգարեի [ազատելով] երկու խանձող թագավորների երեսից: Իսկ Ոսկեբերանը նշում է, որ խոսքը վերաբերում է Հռափսակին, ով Եզեկիայի օրերին Երուսաղեմը պաշարեց հարյուր ութսունհինգ հազար [զորքով], սակայն նրանք պարտվեցին հրեշտակից, որը սատկեցրեց բոլորին։ Երուսաղեմը գերել ու խորտակել ցանկացողների [չար] մտմտուքը ցրվեց, և այդ մասին լսելի եղավ երկրի բոլոր ծագերում: Այս հաղթության պատճառով հարատև պարծենում էին նրանք, քանի որ դա ոչ թե զենքով ու պատերազմով եղավ, այլ՝ Աստծո օգնությամբ, որովհետև «Աստված մեզ հետ է»: Իսկ Կյուրեղը այս դեպքերը մեկնաբանում է որպես Քրիստոսի տնօրինություն, որովհետև Աստծո Բանը մեզ հետ եղավ մարդեղությամբ: Նաև՝ հանձին առաքյալների էին ասված այս խոսքերը, քանի որ կարծեք թե նրանք են ասում. «Աստված մեզ հետ է»: Իսկ հեթանոսներից երկու բան է պահանջվում. նախ՝ ճանաչել Քրիստոսի տնօրինության խորհուրդը, որ պատգամվում է «իմացեք հեթանոսներ» խոսքով, և երկրորդ՝ հնազանդվել ուսուցիչներին, այսինքն՝ առաքյալներին՝ այդպիսով գիտենալով որ «պիտի պարտվեք»:
Լուրը հասցրեք աշխարհի չորս կողմերը
Սա վերաբերում է հեթանոսներին, որոնց խոսքը լսելի դարձավ բովանդակ երկրով մեկ: Այնուհետև մարգարեն խոսքն ուղղում է հրեաներին. «Հզորացածնե՛ր, պարտվելու եք», որովհետև նրանք հզորացան ու կամեցան սպանել «Կյանքի Առաջնորդին» (Գործք 3-15)՝ առանց գիտենալու, որ Նա հավիտյան կենդանի է: Այժմ ասում է՝ «պարտվե՛ք», այսինքն՝ «հավատացե՛ք նրան»: Որովհետև թեկուզ դարձյալ զորանաք, այսինքն՝ [բռնանաք] աշակերտների վրա, որոնց գանահարեցին ու պատվիրեցին չխոսել Նրա անունով, դարձյալ պարտության եք մատնվելու, այսինքն՝ [ընկնելու եք] հռոմեացիների թագավորի ձեռքը, որն էլ նրանց գերեվարեց 1: Իսկ հավատացյալների նկատմամբ նրանց չար խորհուրդները ցրվեցին ու չհաստատվեցին:
Ա. Լոպուխին
9-10․ Կռվե՛ք, ժողովուրդներ, բայց նաև դողացեք, ակա՛նջ դրեք, երկրի բոլոր հեռավոր վայրեր: Զինվե՛ք, բայց և դողացեք, զինվեք, բայց դողացե՛ք: [9] Մի խորհո՛ւրդ խորհեք, բայց պիտի խափանվի, մի խո՛սք խոսեք, բայց չպիտի հաստատվի, որովհետև Աստված մեզ հետ է: (Սինոդական թարգ․)
Առհասարակ հեթանոս ազգերը սարսափելի չեն հրեաների համար, քանի որ Աստված հրեա ազգի հետ է, կամ, ինչպես եբրայերենում է՝ «որովհետև...Էմմանուել»:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Գիտցէ՛ք, հեթանոսնե՛ր, Աստուած մեզ հետ է, պիտի պարտուէք. լուրը հասցրէք աշխարհի չորս կողմե՛րը. դուք, որ հզօրացել էք, պիտի պարտուէք: Թէեւ դուք դարձեալ ուժեղանալու էք, բայց էլի պարտութեան էք մատնուելու
(Արարատ թարգ․) Խմբվե՛ք, ո՛վ ժողովուրդներ, բայց պիտի խորտակվեք. ակա՛նջ դրեք, ո՛վ երկրի բոլոր հեռավոր վայրեր. գոտեպնդվե՛ք, բայց պիտի խորտակվեք. պատրաստվե՛ք, բայց պիտի խորտակվեք։
(Գրաբար) Ընդ մեզ Աստուած` գիտացէք հեթանոսք` եւ պարտեցարուք. լսելի արարէք մինչչեւ ի ծագս երկրի. հզաւրացեալքդ պարտեցարուք: Զի թէպէտ եւ դարձեալ զաւրանայցէք` դարձեալ ի պարտութիւն մատնեսջիք:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: