Եսայու մարգարեության մեկնություն 14։9

Բացատրական աստվածաշունչ, Ա. Պ. Լոպուխինի (†1904)

«Դժոխքի անդրաշխարհը շարժվեց քո համար, որպեսզի դիմավորի քեզ քո մուտքի ժամանակ, քեզ համար արթնացրեց Րեֆաիմներին, երկրի բոլոր առաջնորդներին, հեթանոս բոլոր թագավորներին բարձրացրեց իրենց գահերից»: (Սինոդական թարգ․) [9]
   
   Մարգարեն մեռյալների թագավորությունը նկարագրում է որպես ոտքի կանգնող և խոսող անհատականություն:

   «Դժոխքի անդրաշխարհը», եբրայերեն՝ «շեոլ միտտախատ», ներքևում գտնվող շեոլն (դժոխք) է: Ակնհայտ է, որ հրեաները Եսայի մարգարեի օրոք ևս «շեոլ» ասելով հասկանում էին մեռյալների հոգիների հանգրվանի վայրը, որը գտնվում էր գետնի տակ: Նմանատիպ պատկերացումների ծագումը, հավանաբար, բացատրվում է այն բանով, որ մահացածների մարմինները սովորաբար ամփոփվում էին հողի տակ:

   «Րեֆաիմները» (եբրայերեն «րաֆա» բառից) տկար, ստվերային էակներ են: Սակայն այստեղ, թվում է, մարգարեն «րեֆաիմ» անվամբ ցանկանում էր մատնանշել շեոլի առավել աչքի ընկնող ներկայացուցիչներին, ինչը երևում է այն բանից, որ հաջորդիվ նա հիշատակում է երկրի զորավորներին՝ թագավորներին: Միգուցե նա այստեղ նկատի ուներ այն րեֆաիմներին, որոնց մասին՝ որպես հսկաների, խոսվում է Մովսեսի ու Հեսու Նավեի գրքերում (Ծննդ. 14:5, 15:20, Բ Օր. 3:11, ՀԵս. 17:14):

   «Առաջնորդներին»․ եբրայերեն՝ «ատտուդիմ», այսինքն՝ «այծերին»: Հոտի մեջ այծը սովորաբար առջևից է ընթանում՝ որպես առաջնորդ 2:
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Այդ բանը երբ պատահեց քեզ հետ, դժոխքն ալեկոծուեց ներքեւում, միանգամից ոտքի կանգնեցին բոլոր հսկաները, որոնք երկրի իշխաններն էին եղել, եւ բոլոր ազգերի թագաւորներին վերացրին իրենց գահերից:
(Արարատ թարգ․) Մեռելների աշխարհն իր ընդերքից սարսեց քո գալուստը դիմավորելու համար։ Նա արթնացրեց քեզ համար ուրվականներին՝ երկրի բոլոր իշխանավորներին, իրենց գահերից կանգնեցրեց ազգերի բոլոր թագավորներին։
(Գրաբար) Դժոխք ի ներքուստ դառնացան ի պատահելն քեզ. կանգնեցան միանգամայն հսկայքն ամենայն որ լեալ էին իշխանք երկրի. որ յարուցին յաթոռոց իւրեանց զամենայն թագաւորս ազգաց: