Ա. Լոպուխին
Մարգարեություն Դամասկոսի մասին. «Ահա Դամասկոսը վերանալու է քաղաքների միջից ու դառնալու է ավերակների կույտ»: (Սինոդական թարգ․) [1]
Մարգարեն կանխագուշակում է Հուդայի թագավորության թշնամի երկրների՝ միմյանց հետ դաշինք կնքած Սիրիական և Իսրայելական թագավորությունների կործանումը:
Ե՞րբ է հնչել այս մարգարեությունը: Քանի որ այս մարգարեության մեջ խոսվում է առաջիկայում Դամասկոսի կործանման մասին, իսկ այդ իրադարձությունը տեղի է ունեցել 732 թվին ասորեստանյան Թիգլաթպալասար թագավորի օրոք, երբ Դամասկոսում թագավորի փոխարեն որպես կառավարիչ էր նշանակվել ասորեստանյան նահանգապետը, ուստի այս մարգարեությունը պետք է տեղի ունեցած լիներ այդ թվականից ու անգամ 735 թվից էլ առաջ՝ նախքան դաշնակից զորքերի հարձակումը Հուդայի վրա, քանի որ այդ հարձակման վերաբերյալ այստեղ ոչ մի բառ չի նշվում:
«Դամասկոս»․ տե՛ս 15:2: «Դամասկոս» անվան տակ ամենայն հավանականությամբ պետք է հասկանալ ամբողջ Սիրիան, որի մայրաքաղաքը որ Դամասկոսն էր: Եսայի մարգարեի կանխագուշակման իրականացման մասին կարելի է դատել Թիգլաթպալասարի արձանագրություններից մեկից, որում ասվում է. «Անթիվ բազմություն (սիրիացիների) ես հրամայեցի գլխատել: Ադարի՝ Ռեցինայի հոր պալատը, որը կառուցված էր անհասանելի բարձունքների վրա, ես պաշարեցի ու գրավեցի, ութը հազար բնակչի իրենց ունեցվածքով, Միտինիտային՝ Ասկապոնից… գերության տարա, 500 (համաձայն Սմիթի՝ 18) քաղաքներ Դամասկոսի տարածաշրջանում ես աղբի կույտի վերածեցի» (հմմտ. Դ Թագ. 16): Սակայն այս ավերածությունից հետո Դամասկոսն արագ վերականգնվում է, ինչպես որ դա երևում է Երեմիայի ու Եզեկիելի մարգարեություններից: Այն նաև մեր օրերում է համարվում Արևելքի ծաղկող քաղաքներից մեկը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Պատգամ Դամասկոսի մասին: «Դամասկոսն ահաւասիկ պիտի վերանայ քաղաքների միջից, պիտի կործանուի.
(Արարատ թարգ․) Պատգամ Դամասկոսի մասին։ Դամասկոսն ահա պիտի դադարի քաղաք լինելուց և փլատակների կույտ պիտի դառնա։
(Գրաբար) Պատգամ ի վերայ Դամասկոսի: Ահաւասիկ Դամասկոս բարձցի ի քաղաքաց, եւ եղիցի ի կործանումն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: