Ա. Լոպուխին
14-15․ Այսպես է ասում Տերը՝ ձեր Փրկիչը, Իսրայելի Սուրբը. «Ձեզ համար Ես Բաբելոն ուղարկեցի ու կործանեցի բոլոր պատնեշները, ինչպես նաև Քաղդեացիներին, որոնք հպարտանում էին իրենց նավերով»: [14] «Ես եմ Տերը, ձեր Սուրբը, Իսրայելի Արարիչը, ձեր Թագավորը»: (Սինոդական թարգ․)
Այստեղ շարադրվում է սույն ճառի անմիջական, պրակտիկ (գործնական) նպատակը, որ է՝ գոտեպնդել հրեաներին նրանց սպասվող Բաբելոնյան գերությունից առաջ: Տիեզերքի Արարիչն ու Իսրայելի Թագավորը մարգարեի շուրթերով հայտարարում է, որ հրեա ժողովրդի թշնամիները՝ բաբելոնացիները կամ քաղդեացիները, կործանվելու են ու այդպիսով գերիներն ազատություն են ստանալու (Ես. 43:14-15-րդ համարներ): Այսպիսի մի մարգարեության անփոփոխելիությունը հաստատվում է նմանատիպ պատմական զուգահեռներով, իսկ մասնավորաբար Կարմիր ծովն անցնելիս փարավոնի՝ իր ամբողջ զորքով հանդերձ կործանման իրողությանը զուգահեռ տանելով (Ես. 43:16-17-րդ համարներ): Սակայն Իսրայելի համար պատմության բոլոր դասերը, ինչպես երևում է, անհետ կորչում են (Ես. 43:18-րդ համար):
«Ձեզ համար Ես Բաբելոն ուղարկեցի ու կործանեցի բոլոր պատնեշները, ինչպես նաև Քաղդեացիներին, որոնք հպարտանում էին իրենց նավերով»: Իսրայելին գերությունից ազատելու համար Տերը բաբելոնացիների դեմ է ուղարկելու մարերին ու պարսիկներին՝ Կյուրոսի առաջնորդությամբ, որը և փախուստի է մատնելու Իսրայելի բոլոր թշնամիներին: «Քաղդեացիներ» անվան տակ այստեղ նկատի են առնվում բաբելոնացիներն առհասարակ (Ես. 47:1) ու, հնարավոր է, մասնավորապես հարավային Բաբելոնի բնակիչները, որոնք բնակվում էին ծովի հարևանությամբ (ինչի պատճառով էլ հիշատակվում են նաև նավերը)՝ Քաղդեական Ուրի մոտակայքում:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուածը՝ Իսրայէլի սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կ՚ուղարկեմ, բոլորին տեղահան կ՚անեմ ու փախստական կը դարձնեմ, եւ քաղդէացիները նաւերով պաշարման մէջ կ՚առնուեն»:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը՝ ձեր Փրկիչը՝ Իսրայելի Սուրբը. «Հանուն ձեզ ուղարկեցի Բաբելոն, իբրև փախստականներ՝ բոլորին տապալեցի, նաև քաղդեացիներին՝ իրենց ցնծությամբ լի նավերով։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր Աստուած, որ փրկելոցն է զձեզ սուրբն Իսրայէլի: վասն ձեր առաքեցից ի Բաբելովն, եւ ընդոստուցից փախստական զամենեսեան. եւ քաղդեացիքն նաւուք պաշարեսցին:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: