Եսայու մարգարեության մեկնություն 50:1

Ա. Լոպուխին 

«Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով Ես նրան արձակել եմ, կամ Իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Ահավասիկ, դուք ձեր մեղքերի համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել»։ [1] (Սինոդական թարգ․)
   
   «Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով Ես նրան արձակել եմ, կամ Իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Ահավասիկ, դուք ձեր մեղքերի համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։ Երբ Ես եկա, ինչո՞ւ ոչ ոք չկար, երբ Ես կանչեցի, ինչո՞ւ ոչ ոք չպատասխանեց. մի՞թե Իմ ձեռքը կարճացել էր, որ չկարողանայի ազատել, և կամ Ես զորություն չունեի՞ փրկելու համար։ Ահավասիկ, Ես Իմ սաստով ցամաքեցնում եմ ծովը, գետերը վերածում եմ անապատի. դրանց ձկները ջուր չլինելու պատճառով փտում են և սատկում ծարավից։ Ես երկնքին խավար եմ հագցնում, և քուրձը նրա համար ծածկոց եմ դարձնում»։

   Այս գլխի սույն սկզբնական հատվածն այնքան սերտորեն է կապված նախորդ գլխի բովանդակության հետ, որ մեկնաբաններից շատերը դրանք իրարից չեն տարանջատում, իսկ ահա 50-րդ գլխի ինքնուրույն հատվածը սկսվում է միայն 4-րդ համարից (Պետրոս եպիսկոպոս, Dillmann, Duhm և այլք): 49-րդ գլխում Սիոնի այն բողոքին, ըստ որի՝ Տերը մոռացել և լքել է նրան (Ես. 49:14), մարգարեն մանրամասնորեն պատասխանեց՝ ասելով, որ Տերը երբևէ չի մոռացել և չի կարող մոռանալ Իր հավատարիմ Սիոնին, և որ Նա, ընդհակառակը, կբազմապատկի, կբարձրացնի, կփառավորի և նրան իր բոլոր թշնամիներից ավելի բարձր դիրքում կդնի։ Սակայն ինչպես մենք բազմիցս նշել ենք նաև վերևում, այս բոլոր խոստումները վերաբերում էին միայն «հավատարիմ Սիոնին», այսինքն՝ հոգևոր Իսրայելին կամ նորկտակարանյան Եկեղեցուն, ուր մուտք կգործի պատմական, մարմնական Իսրայելի միայն մի փոքրիկ «մնացորդը», իսկ նրա մեծամասնությունը Եկեղեցու սահմաններից և իր հանդեպ Աստվածային առանձնահատուկ հոգածությունից դուրս կմնա: Իրավացիորեն հասկանալով, որ Աստծո կողմից մոռացված և լքված լինելու վերոհիշյալ բողոքը հնչում է նաև այս մեծամասնության շուրթերից՝ մարգարեն այդ դժգոհությունն առանց հստակ պատասխանի չի թողնում, այլ համոզիչ կերպով նրան ապացուցում է, որ իրադարձությունների նմանատիպ տխրահռչակ ելքի պատասխանատվությունը ոչ թե Աստծո վրա է, Որն ամեն բան արեց հրեա ժողովրդին պահպանելու և Իր կողքին պահելու համար, այլ հենց այս անհնազանդ ու անհավատարիմ ժողովրդի՛ վրա։

   «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով Ես նրան արձակել եմ» - Խոսքի համատեքստից կարելի է եզրակացնել, որ այստեղ Իսրայելի բողոքող որդիների «մոր» կերպարի ներքո (Ես. 49։14) պետք է հասկանալ Սիոնին կամ Երուսաղեմին՝ որպես ամբողջ միավորված Իսրայելի հոգևոր-քաղաքական կենտրոն։ Իսրայելի հետ Տիրոջ ունեցած փոխհարաբերությունների նմանությունը ամուսնական կամ, առհասարակ, ընտանեկան միության հետ Աստվածաշնչում ամենից հաճախ գործածվող պատկերներից մեկն է, որը հատկապես հաճախ հանդիպում է մարգարեների նախատական-խրատական խոսքերում (Ովս. 2:4, Երեմ. 3, Եզեկ. 16 ու 17 և այլ տեղիներ): Այդ հարաբերությունների առումով հատկապես ուսանելի է շնացող կնոջ այլաբանական կերպարը, որը մանրամասն զարգացման է ենթարկվել Ովսեէ մարգարեի առաջին երեք գլուխներում (Ովս. 1-3-րդ գլուխներ):

   Սակայն, ըստ էության, այստեղ առկա ամենածանրակշիռ կետն այդ չէ։ Բարձրյալի և Սիոնի միջև հարաբերությունների՝ ամուսնու և կնոջ միջև առկա հարաբերությունների՝ համընդհանուր ընդունելություն գտած նմանությունից մարգարեն ցանկանում է բխեցնել առաջադրված հետևյալ հարցի պատասխանը՝ «ինչո՞ւ Տերը լքեց Իսրայելի մեծամասնությանը»: Սովորաբար երբ հրեաների մեջ ամուսինների միջև նմանատիպ փոխադարձ իրարահեռացում է տեղի ունենում, այն մշտապես հիմնված է լինում ապահարզանի վկայագրի վրա, որը, օրենքի համաձայն, ամուսինը պետք է տա իր ​​կնոջը, որին արձակում է՝ այդ վկայագրի մեջ նշելով ամուսնալուծության բուն պատճառը (Բ Օրին. 24: 1-3): Հետևաբար, երբ ամուսինը հանդես էր գալիս ամուսնալուծության նախաձեռնությամբ, կինը մշտապես ձեռք էր բերում հատուկ, կարևոր մի փաստաթուղթ, որը հաճախ լիովին վերականգնում էր իր դիրքն օտարների, երրորդ անձանց աչքում։ Այժմ մարգարեն Տիրոջ կողմից արձակված կնոջից՝ Իսրայելից, պահանջում է ներկայացնել այդ փաստաթուղթը: Սակայն պարզվում է, որ Իսրայելի որդիների մայրն այդպիսի փաստաթուղթ չունի, հետևաբար Տիրոջ՝ այս կազմալուծված ամուսնության մի կողմի վրա սույն ամուսնալուծության պատասխանատվության նույնիսկ ստվերը չի կարող ընկնել, քանի որ այդ ապահարզանն ամբողջությամբ ընկած է այն մյուս՝ միակ մեղավոր կողմի, այսինքն՝ հենց Իսրայելի մոր վրա։

   «Ահավասիկ, դուք ձեր մեղքերի համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել» - Սա է իրական պատճառն այն բանի, որ Իսրայելի մեծամասնությունը զրկվեց աստվածային հովանավորությունից: Ժողովրդի մերժված լինելու իրողությունը Տիրոջից չի բխում (Հռոմ. 11:1-2), և Նա չի վաճառել Իր զավակներին: Նրանք իրե՛նք ուրացան Սրբին և Արդարին (Գործք 3:14), իսկ Նրա աշակերտներից մեկն էլ մատնեց իր Ուսուցչին (СПб. проф.):
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէրը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մօրը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ: Դուք ձեր մեղքերով վաճառուեցիք, եւ ձեր անօրէնութիւնների պատճառով արձակեցի ձեր մօրը:
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ձեր մոր ապահարզանի վկայագիրը, որով ես նրան արձակել եմ. կամ իմ պարտատերերից ո՞ր մեկին եմ ծախել ձեզ։ Դուք ձեր անօրենությունների համար եք ծախվել, և ձեր մայրը ձեր հանցանքների համար է արձակվել։
(Գրաբար) Այսպէս ասէ Տէր. ու՞ր է թուղթն ապահարզանի որով արձակեցի զմայրն ձեր. կամ ու՞ր է գրաւական վաճառականացն, որով վաճառեցի զձեզ: այլ ի մեղս ձեր վաճառեցայք. եւ վասն անաւրէնութեանց ձերոց արձակեցի զմայրն ձեր: