Գիրք` 37. Յովնան

Ներածութիւն

   
   Յովնանի գրքում պատմւում է մի մարգարէի ձախորդութիւնների մասին, որը փորձում է չհնազանդուել Աստծու հրամանին, բայց իզուր։ Արտակարգ կենդանի այս պատմութիւնը, իր զանազան մասերով, ունի գերազանցապէս ուսուցողական նպատակ։ Դրանով էլ, որոշ իմաստով, այն համարւում է իսրայէլացի ժողովրդի իմաստութեան գանձարանի գոհարներից մէկը։
   Յովնանի պատմութիւնն արտայայտում է մի քանի էական ճշմարտութիւններ։ Դրանք հետեւեալներն են․ Աստուած իր սէրը չի վերապահում միայն իսրայէլացիներին, այլ նաեւ՝ օտարներին։ Այնուհետեւ, Նա միշտ պատրաստ է հրաժարուել իր սպառնալիքներից, երբ մարդիկ լսում են իր նախազգուշացումները եւ իրապէս փոխում իրենց վարմունքը։ Եւ, վերջապէս, Նա բացարձակ տէրն է արարչագործութեան, մասնաւորապես կեանքի ու մահուան, եւ մարգարէն իրաւունք չունի բնաւ սրտմտելու, երբ Աստուած ներում է շնորհում մեղաւորներին։ Բացի այդ, Յովնանի գիրքը աշխոյժ սրամտութեամբ ցոյց է տալիս, թէ որո՛նք են այն դժուարութիւնները, փորձութիւններն ու կասկածները, որոնք կարող են երեւան գալ մի մարգարէի կեանքում եւ, հետեւաբար, ամէն մարդու կեանքում, որին մի առաքելութիւն է տրուած Աստծուց։ Այս գիրքը մեզ ուսուցանում է նաեւ, որ Աստուած իր մարգարէին չի թողնում շփոթութեան եւ առանձնութեան մէջ, ոչ էլ թոյլ է տալիս, որ նա հեռանայ իրենից, որովհետեւ Աստուած պատրաստ է կրկին ու կրկին ասելու եւ բացատրելու, որ իր սէրը չի բացառում ոչ ոքի։