Տիմոթէոսին ուղղուած երկրորդ թուղթը յայտնի է, որ գրուել է Հռոմում: Պօղոսն այնտեղ դատապարտուած էր առանձնապէս խիստ բանտարգելութեան եւ ինքն իրեն բոլորովին մեկուսացած էր զգում: Հասած լինելով իր առաքելութեան աւարտին՝ նա այս թղթում իր յանձնարարութիւններն է տալիս նրան, ով նրա համար եղել է կաթոգին սիրով լի մի գործակից:
Պօղոսը նախ գոհութիւն է յայտնում Աստծուն Տիմոթէոսի սիրոյ եւ հաւատի համար: Նկատի ունենալով, թէ ապագայում ինչպիսի ծանր տառապանքների եւ հակառակութիւնների են հանդիպելու Աւետարանին ծառայողները, նա Տիմոթէոսին պատուիրում է փորձութեան մէջ լինել ամուր եւ քաջութեամբ մարտնչել «որպէս յաւատարիմ զինուոր Յիսուս Քրիստոսի», զգուշանալ նրանցից, ովքեր յարուցում են սին վէճեր եւ բանակռիւներ, որոնք ոչ մի բանի չեն ծառայում եւ մարդուն հեռացնում են հաւատից: Նա յորդորում է նրան՝ հետեւելու իր օրինակին եւ հաւատարիմ մնալու այն ուսմունքին, որը համապատասխանում է Սուրբ Գրուածքներին, որոնց ինքը ծանօթացել է իր երիտասարդ տարիներից սկսած: Թղթի վերջում առաքեալը նկարագրում է իր անձնական ծանր վիճակը՝ միաժամանակ երախտագիտութիւն յայտնելով Տիրոջը, որ պահպանել է իրեն:
Պօղոս առաքեալն ասում է, որ ինքը մինչեւ վերջ մղել է բարի մարտը Աւետարանի ծառայութեան համար: Բոլոր ժամանակների նրա ընթերցողներն էլ հրաւիրւում են, առանց վախենալու վերահաս դժուարութիւններից, մղելու միեւնոյն բարի մարտը հաւատի, համբերութեան, սիրոյ եւ յարատեւութեան համար:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: