Տիտոսը ոչ հրէական ծագումով մի քրիստոնեա էր: Նա եղել է Պօղոսի մերձաւոր գործակիցներից մէկը եւ կարեւոր դեր է խաղացել առաքեալի հետ կորնթացիներին հաշտեցնելու գործում: Այն ժամանակ, երբ այս թուղթը ուղղւում էր նրան, նա գտնւում էր Կրետէում: Առաքեալը յանձնարարել էր նրան՝ վերահսկելու այդ կղզու Եկեղեցու գործունէութիւնն ու կազմակերպումը:
Թղթի սկզբում ամփոփ կերպով տրուած է առաքեալի պատգամը: Առաջին գլուխը նուիրուած է Եկեղեցու պատասխանատուներից պահանջուող յատկութիւններին: Երկրորդ գլխում խորհուրդներ են տրւում Տիտոսին այն մարդկանց վերաբերեալ, որոնց հետ նա ամենօրեայ շփման մէջ է Եկեղեցում. ծերունիներ, հասակաւոր կանայք (որոնք իրենց հերթին պէտք է ուսուցանեն աւելի երիտասարդ կանանց), երիտասարդ տղամարդիկ, ստրուկներ եւ այլ: Երրորդ գլուխը յիշեցնում է քրիստոնեաների պարտականութիւնները՝ ապրել խաղաղ, խուսափել բաժանումներից, եւ աւարտւում է զանազան անձնական յանձնարարութիւններով ու ողջոյններով:
Ընթերցողը հեշտութեամբ կը նկատի, որ այս թղթի պատգամը բացառապէս Տիտոսի անձին ու նրա աշխատանքին չի վերաբերում: Այստեղ շօշափուած հարցերը այնպիսիք են, որոնք կարող են տեւապէս առաջադրուել Եկեղեցուն. օրինակ եկեղեցական համայնքների կազմակերպման հարցը, կամ այն հարցը, թէ ինչպէս պէտք է վարուեն այդ համայնքին մաս կազմող պատասխանատու ղեկավար անձինք, հաւատացեալները եւ այլն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: