Գիրք` 18. Պօղոս Առաքեալի թուղթը Փիլիմոնին եւ Արքիպպոս Սարկաւագին եւ Ապփիային

Ներածութիւն

ՊՕՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ ԹՈՒՂԹԸ ՓԻԼԻՄՈՆԻՆ ԵՒ ԱՐՔԻՊՊՈՍ ՍԱՐԿԱՒԱԳԻՆ ԵՒ ԱՊՓԻԱՅԻՆ
   
   Փիլիմոնը քրիստոնէական հաւատքին դարձած կարեւոր մի անձնաւորութիւն էր եւ, անկասկած, կողոսացիների Եկեղեցու անդամներից մէկը: Նա Պօղոս առաքեալի բարեկամներից էր, ունէր Օնեսիմոս անունով մի ստրուկ, որ փախել էր իր մօտից: Յայտնի չէ, թե Օնեսիմոսը ինչպիսի հանգամանքներում էր յարաբերութիւնների մէջ մտել Պօղոսի հետ, որն այդ շրջանում բանտում էր գտնւում: Փաստն այն է, որ նա եւս քրիստոնեայ էր դարձել: Պօղոսը որոշում է յետ ուղարկել նրան իր տիրոջ՝ Փիլիմոնի մօտ, որին եւ ուղղում է այս թուղթը՝ խնդրելով, որ ընդունի նրան ոչ այլեւս որպէս ստրուկ (փախստական ստրուկն այդ ժամանակ ենթարկւում էր շատ ծանր պատժի), այլ որպէս հավատակից եղբայր:
   Թղթի սկզբում Պօղոսը Փիլիմոնին եւ նրա ընկերներին ողջունելուց յետոյ գոհութիւն է յայտնում Աստծուն Փիլիմոնի հաւատի ու նրա նախանձախնդրութեան համար: Ապա ներկայացնում է իր խնդրանքը ի նպաստ Օնեսիմոսի, որը վերստին պիտի միանար իր տիրոջը: Ողջոյնների բաժնում, որով աւարտւում է այս թուղթը, հանդիպում ենք բազմաթիւ մարդկանց անունների, որոնք յիշատակուած են նաեւ կողոսացիներին ուղղուած թղթում: Նրանցից մէկն է, օրինակ, Արքիպպոս սարկաւագը: Հնարաւոր է, որ Օնեսիմոսը իր հետ Կողոսիա բերած լինէր կողոսացիներին եւ Փիլիմոնին ուղղուած երկու թղթերը:
   Թղթում առկայ է այն նրբանկատութիւնը, որով առաքեալը դիմում է իր բարեկամ Փիլիմոնին: Նա ոչ մի հրաման չի տալիս նրան, ոչինչ չի պարտադրում, չի ժխտում նոյնիսկ Օնեսիմոսի վրայ նրա ունեցած իրաւունքները: Բայց յիշեցնում է նրան (ինչպէս եւ բոլոր նրանց, ովքեր կարդում են այս թուղթը), թէ ինչպէս Քրիստոսի սէրը մի նոր լոյսով է լուսաւորում ու կերպարանափոխում մարդկային բոլոր յարաբերութիւնները: