Սրբ․ Գրիգոր Տաթևացի
Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում: Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան:
Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ եք գնում, և ոչ թե հաց։
Սա ևս լիության մասին է խոսում, որովհետև ոչխարաբույծները սովոր են միս և ճարպ վաճառել ու հաց գնել, ոչ թե, սակայն, աղքատության պատճառով, այլ որովհետև նրանք խաշներին հոգ տանելու պատճառով հաց չեն թխում: Իսկ հոգևոր իմաստով ճարպը շնորհների օծումն է նշանակում, որը չի գնվում ապականացու արծաթով, այլ՝ այն Հացով, Որն իջավ երկնքից, Որ Բանն Աստված է, Որին հավատալով ընդունում ենք Սուրբ Հոգու շնորհները: Դա հայտնի է նրանից, որ մկրտության ժամանակ նախ մեր դավանությունն ենք խոստովանում, և հետո՝ մկրտվում:
Ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չեք ծախսում։
Խոսքը հրեաների ու հեթանոսների մասին է, որոնք կուռքերի հետ էին ու չէին կշտանում: Նույնպես և ամեն անօրեն տառապում ու ջանք է թափում աշխատանքի մեջ, սակայն անօրենությամբ հավաքվածը սպառվում է: Այս պատճառով Անգեաս մարգարեն ասում է. «Ձեր ամանների մեջ քսան քոռ գարի էիք լցնում, բայց տասը քոռ էր լինում» (Անգ. 2։17):
Ա. Լոպուխին
«Ինչո՞ւ եք արծաթը կշռում այն բանի համար, որը հաց չէ, և ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չեք ծախսում։ Ինձ ուշադիր լսե՛ք և ճաշակե՛ք շնորհը, ու ձեր հոգին պարարտությամբ կհագենա»։ [2] (Սինոդական թարգ․)
«Ինչո՞ւ եք արծաթը կշռում այն բանի համար, որը հաց չէ, և ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չեք ծախսում։ Ինձ ուշադիր լսե՛ք և ճաշակե՛ք շնորհը, ու ձեր հոգին պարարտությամբ կհագենա։ Խոնարհեցրե՛ք ձեր ականջը և եկե՛ք Ինձ մոտ․ լսե՛ք, և ձեր հոգին կապրի ու ձեզ հավիտենական ուխտ կտամ՝ Դավթին խոստացված անփոփոխ ողորմածությունները» - 2-3-րդ համարներն արտահայտում են հավիտենական, երկնային շնորհների՝ երկրային ունայն և խաբուսիկ պարգևների նկատմամբ ունեցած գերազանցության վերաբերյալ միևնույն գաղափարը, որը սկզբում արտահայտվում է հարցական-մերժողական (2-րդ համար), իսկ հետո կտրականապես դրական ձևակերպումով (3-րդ համար)։
«Ինչո՞ւ եք արծաթը կշռում այն բանի համար, որը հաց չէ․․․որը չի կշտացնում․․․» - Այստեղ ներկայացված մարգարեական պատկերը համեմատելով «կյանքի հացի» մասին Փրկչի հայտնի խոսքի հետ (տե՛ս Հովհ․ 6-րդ գլուխ)՝ մենք իրավունք ենք ունենում ասելու, որ մարգարեն հակադրության մեջ է դնում երկրային զգայական և խաբուսիկ հաճույքները բարձրագույն հոգևոր շնորհների հետ, որոնց կենտրոնում հավիտենական երկնային փրկության մասին նախախնամությունն է։ Այս հատվածի համար որպես լրացուցիչ մեկնաբանություն կարող է ծառայել նաև Պողոս առաքյալի՝ հինկատակարանյան և նորկտակարանյան արդարության տարբերությունների մասին համեմատական վերլուծությունը․ «Քանզի երբ որ դուք մեղքի ծառաներն էիք․․․ի՞նչ պտուղ դուք ունեիք այն ժամանակ։ Այնպիսի գործեր, որոնցից այժմ դուք ամաչում եք, որովհետև դրանց վերջը մահ է։ Սակայն այժմ, երբ դուք ազատվեցիք մեղքից և Աստծո ծառաները դարձաք, ձեր պտուղը սրբությունն է, իսկ վախճանը՝ հավիտենական կյանքը (Հռոմ․ 6։20-22)։
«Ինձ ուշադիր լսե՛ք և ճաշակե՛ք շնորհը․․․» - Ավելի ճիշտ կլինի մարգարեի խոսքը փոխադրել պայմանական եղանակով․ «Եթե Ինձ լսեք, ապա կճաշակեք շնորհը»։ Փրկության և ճշմարիտ շնորհի մասին խոսքը «լսելու» հրավերը շատ նման է Աստվածային Իմաստության կողմից Իր զավակներին ուղղված նմանատիպ կոչերին (Առակ․ 8։1,6)։ «Շնորհի ճաշակման» մասին՝ որպես արդարին վերապահված երանությունը, մարգարեն նախկինում բազմիցս խոսել է, և դեռևս իր գրքի առաջին հատվածում (Ես․ 1։19, 3։10, նաև 58։14)։ Իսկ որ այդ շնորհը ոչ թե նյութական այլ հոգևոր բնույթ ունի, հետևում է այն իրողությունից, որ մարգարեն մշտապես էլ այդ շնորհի հետ է կապում «հոգու կյանքը» (2-3-րդ համարներ)։
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Բայց ինչո՞ւ արծաթով ճարպ էք գնում եւ ոչ թէ հաց, ձեր վաստակն ինչո՞ւ կշտանալու համար չէք ծախսում: Լսեցէ՛ք ինձ եւ բարիքնե՛ր ճաշակեցէք, ու բարութեան մէջ ձեր հոգիները վայելք պիտի զգան:
(Արարատ թարգ․) Ինչո՞ւ եք ձեր դրամը ծախսում մի բանի համար, որ հաց չէ, ինչո՞ւ եք ծախսում ձեր վաստակը այն բանի համար, որ չի կշտացնում։ Ուշադրությա՛մբ լսեք ինձ և բարի՛ք ճաշակեք ու ձեր անձը զվարճացրե՛ք պարարտ ուտելիքներով։
(Գրաբար) եւ զճարպ բնաւ ընդէ՞ր իսկ գնէք արծաթոյ` եւ ոչ հացի. եւ զվաստակս ձեր ոչ ի յագուրդ: Լուարուք ինձ` եւ կերիջիք զբարութիւնս. եւ վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: