Ա․ Լոպուխին
«Այդպիսին էր Տիրոջ փառքի նմանության տեսիլքը. երբ տեսա դա, ես վայր ընկա երեսիս վրա, և Խոսողի ձայնը լսեցի, և Նա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և Ես կխոսեմ քեզ հետ»։ (Սինոդական թարգ․)[1]
Մարգարեության կանչ
«Նմանության տեսիլքը» - Այս խոսքերով մարգարեն ընթերցողին ևս մեկ անգամ նախազգուշացնում է ա՛յն պատկերների ճշմարիտ իմաստի մասին, որոնցով լեցուն է այդ տեսիլքը. դրանք միայն նմանություններ են, Տիրոջ Փառքի տեսանելի նմանությունն են. բուն Տիրոջ փառքը, էլ չասած թե՝ Ինքն Աստված, անտեսանելի և անպատկերելի է: Ի՞նչ է նկատի առնվում «Տիրոջ փառքը» արտահայտության ներքո. միայն գահի վրա Բազմա՞ծը, թե՞ ամբողջ հայտնությունը։ Եզեկիելի մարգարեության 9:3-րդ, 10:4-րդ ու 18-19-րդ և 11:22-րդ համարները խոսում են առաջին տարբերակի օգտին։ Այդ մասին է վկայում նաև սույն նախադասության մեջ կիրառված արտահայտությունների նմանությունն առաջին գլխի 25 և 26-րդ համարների հետ։ «Նմանության տեսիլք» արտահայտությունը շատ մոտ է «տեսքով մի նմանություն» արտահայտությանը, որն օգտագործվում է հենց գահին Բազմածի մասին։ Սակայն 43։2-րդ համարը «Տիրոջ փառք» է անվանում ամբողջ հայտնությունը. և այստեղ ընթերցողը եզրահանգում է ակնկալում տեսիլքի ամբողջ պատկերի վերաբերյալ, և ո՛չ թե դրա միայն վերջին հատվածի. Հին Կտակարանում Աստծո փառքը վերաբերում է Աստծո հայտնության ցանկացած պատկերին կամ դրսևորմանը, օրինակ՝ ամպին: Այնուամենայնիվ, «Տիրոջ փառք» անվանումը, ամբողջ հայտնությանը վերաբերելով հանդերձ, վերաբերում էր նաև գահի վրա Բազմածին։ Այստեղ արդեն Եզեկիել մարգարեն հստակորեն առանձնացնում է Աստծո Փառքը հենց Իրենից՝ Աստծուց. եթե Աստծո կերպարի մեջ մի որևէ բան կարելի է տեսնել՝ թեկուզև անկատար և անբավարար ձևով, պատկերների և նմանությունների միջոցով, ապա դա միայն Աստծո Փառքն է, բայց ոչ երբեք՝ Աստված Ինքը: Թե ինչպես կարող էր Աստծո Փառքը պատկերագրվել որպես Աստծուց առանձին մի բան և բացի Աստծուց երևալ նաև մարդուն, դա մեկնաբանելի է երկրի վրա Աստծո Փառքի փայլատակումի և Նրա առանձնավորական Էության (հիպոստասի) կատարյալ հայտնության համատեքստում:
«Վայր ընկա երեսիս վրա» - սարսափով (Դան․ 7:15, Ես․ 6:5) և ակնածալից երկյուղածությամբ (Ծննդ․ 17:3), ինչպես նաև արտասովոր ցնցման հետևանք եղող հյուծվածությամբ (Դան․ 10:8)։
«Եվ Խոսողի ձայնը լսեցի» - այսինքն՝ լսեց այդ ձայնը՝ չտեսնելով, թե այն որտեղից էր գալիս, և թեպետ ենթադրաբար այդ ձայնը պետք է հնչած լիներ երկնակամարից ու այդ կամարի վրա գտնվող գահից, այնուամենայնիվ մարգարեն վախենում է ենթական կիրառել «ինձ ասաց» կապակցության հետ (եբրայեցերենում «Նա» դերանունն արտահայտված չէ): Հնարավոր է, որ տեսիլքը, առանց ամբողջովին դադարելու (2:9, 3:13), աստիճանաբար սկսել էր մթագնել մարգարեի հայացքի առջև և փոխարինվել նույնքան ուժգին և համատարած հնչող լսողական հիազմայլանքով (էքստազ)։ «Խոսողի ձայնը» արտահայտությունը ցույց է տալիս, որ հետագա հայտնությունը միայն ներքին բնույթ չուներ, ինչպիսի բնույթ որ ունեին, հավանաբար, բոլոր հաջորդող հայտնությունները: Աստծո կողմից մարգարեին հասցեագրված դիմելաձևը՝ «մարդու որդի», Եզեկիելի գրքի առանձնահատկությունն է (կիրառված է 70 անգամ), որը մասամբ էլ հատուկ է Դանիելի մարգարեությանը (Դան․ 8:17)։ Այդ դիմելաձևի գործածությունը պայմանավորված է արամեական ազդեցությամբ։ «Ասորերենում այդ արտահայտությունն այնքան տարածված էր, որ այդ լեզվում, ինչպես երևում է, առհասարակ մարդուն այս անունից բացի այլ անուն չի տրվում, և դեռ նույնիսկ այս անունն է, որ կիրառվում առաջին մարդու վերաբերությամբ, նրա՛, ով փաստացիորեն այդ անունը չուներ։ Այսպես, Ա Կորնթացիս 15։45-րդ համարն ասորերեն է թարգմանված հետևյալ ձևով. «Առաջին մարդու որդին՝ Ադամը» (Rosenmüller, Scholia Jan Vetus Testamentum, p. VI, S. 1, Lipsiae 1808): Մարգարեին հասցեագրված նմանատիպ դիմելաձևը կարող է հուշել այն մասին, որ նա իր թշվառ տեսակի միջից պատահականորեն ընտրված մի անձնավորություն էր (հմմտ․ Ես․ 8:5, Հոբ 25:6 (Սմենդ))։
«Եվ Ես կխոսեմ», - ասել է թե՝ «որպեսզի Ես կարողանամ խոսել․․․»:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Այս տեսիլքը նման էր Տիրոջ փառքին: Երբ այն տեսայ՝ երեսս ի վայր ընկայ եւ լսեցի մի ձայն, որ խօսում էր ինձ հետ ու ասում. «Մարդո՛ւ որդի, ոտքի՛ կանգնիր, խօսելու եմ հետդ»:
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, կանգնի՛ր ոտքերիդ վրա, և ես կխոսեմ քեզ հետ»։
(Գրաբար) Եւ ա՛յս տեսիլ նմանութիւն փառացն Տեառն։ Իբրև տեսի՝ անկա՛յ ‘ի վերայ երեսաց իմոց, և լուայ բարբառ որ խօսէր ընդ իս՝ և ասէր. Որդի՛ մարդոյ՝ կա՛ց ‘ի վերայ ոտից քոց և խօսեցա՛յց ընդ քեզ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: