Ա. Լոպուխին
«Եվ Հոգին ինձ բարձրացրեց, և ես իմ հետևից մի բարձր որոտացող ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում»»։ (Սինոդական թարգ․)[12]
Աստվածային հայտնությունն ավարտվում է և մարգարեն տեղափոխվում է Թել-Ավիվ։ Իսրայելի ժողովրդի մոտ գնալու հրամանը՝ ուղղված մարգարեին, ամիջապես ևեթ «իրականացվում» է, ինչը փաստվում է այն իրողությամբ, որ «հոգին» բարձրացնում է նրան և, ինչպես երևում է 14-րդ և 15-րդ համարներից, փոխադրում է Թել-Ավիվ։ Միևնույն ժամանակ Եզեկիելին հայտնված տեսիլքն անհետանում է նրա աչքի առջևից, սակայն դա տեղի է ունենում հետևյալ կերպ․ մարգարեն ինքն է հեռացվում այդ տեսիլքի առջևից՝ մի ավելի բարձր զորության կողմից, այնպես որ աստվածային այդ տեսիլք-հայտնությունը գտնվում է մարգարեի հետևում («իմ հետևից»)։ Ինչպես որ Եզեկիել մարգարեն ինքն իրենից չէր հնարել այդ տեսիլքը, այդպես էլ նա իր կամքով անկարող էր «պահել» այն։ Մարգարեն ամբողջությամբ գտնվում էր ավելի վաղ հիշատակված «հոգու» իշխանության ներքո (տե՛ս 2-րդ համարը): Հոգով պարուրված, ճանապարհը սկսելուն պատրաստ մարգարեն իր հետևից լսում է «մի բարձր որոտացող ձայն» (բառացի՝ «մեծ երկրաշարժի ձայն»), որն ասում էր (սլավոնական տեքստում՝ «խոսողների», այսինքն՝ «կենդանիների» ձայնը․ եբրայական բնագիրը չունի այդ «հավելումը»)․ «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում»։ Թե ում էր պատկանում այդ ձայնը, չի ասվում։ Հիմնվելով Հայտնության 4:8-րդ և Եսայու մարգարեության 6:6-րդ համարի վրա՝ մեկնիչները կարծում են, որ այդ ձայնը պատկանում էր այն վերոնշյալ չորս կենդանիներին, և որ դա այդ կենդանիների կողմից բարձրացվող գովասանական կամ գոհաբանության երգ էր, որը հնչում էր Եզեկիելի՝ մարգարեական ծառայության կոչվելու կապակցությամբ: Բնօրինակ տեքստն այն տպավորությունն է ստեղծում, որ դա հենց երկրի՛ ձայնն էր, որն ասես ցնցվել, հիացմունքի մեջ էր ընկել իր այդ մի տեղավայրում Աստծո Փառքի այս «կանգառի» առթիվ: Այդ ձայնը տեսիլքի մեջ եղող մի ինչ-որ բան բացատրեց մարգարեին․ Շեխինան («փառքը»), որը երբեմնի քահանան կարող էր պատկերացնում, թե կտեսնի Սրբություն Սրբոցի խավարի մեջ, այժմ նրան (այսինքն՝ մարգարեին) տեսանելի էր տաճարից դուրս։ Ուրեմն, թող որ մարգարեն իմանա, որ տաճարն Աստծո Փառքի բնակության բացառիկ և նույնիսկ գլխավոր վայրը չէր։ Աստծո Փառքն ավելի լիարժեքորեն բացահայտվում է կյանքի և գոյության մեկ այլ խորհրդավոր ոլորտում, որտեղ այն իրենց վրա «կրում» են ավելի արժանավոր էակներ և որտեղ այն օրհնաբանվում է ավելի արժանի կերպով, քան թե երբ «Տերն օրհնաբանվում է Սիոնից» (հմմտ․ Սաղմոս 134:21):
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Եւ Հոգին ինձ բարձրացրեց, ու ետեւիցս մեծ շարժման ձայն լսեցի. ասում էին. «Օրհնեալ է Տիրոջ փառքը՝ իր բնակատեղիում»:
(Արարատ թարգ․) Ապա Հոգին ինձ բարձրացրեց, և իմ հետևից դղրդալից մի մեծ ձայն լսեցի. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքն իր տեղում».
(Գրաբար) Եւ վերացո՛յց զիս Ոգի. և լուայ զկնի իմ ձայն շարժման մեծի՝ որ ասէին. Օրհնեա՛լ են փառք Տեառն ‘ի տեղւոջէ իւրմէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: