Գիրք` 6. Հեսու

Գլուխ 11

Հեսուն հաղթում է Հաբինին և նրա դաշնակիցներին
   
1. Երբ Հասորի Հաբին թագավորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Հոբաբ թագավորի մոտ, Սամրոնի թագավորի մոտ, Աքսափի թագավորի մոտ
2. և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում,
3. այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։
4. Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով՝ ծովեզերքի ավազի չափ բազմաքանակ ժողովրդով, և խիստ շատ ձիերով ու կառքերով։
5. Այս բոլոր թագավորները, միանալով, գնացին բանակատեղի դրեցին Մառոնի ջրի մոտ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ։
6. Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։
7. Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։
8. Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։
9. Հեսուն նրանց արեց այնպես, ինչպես Տերն ասել էր իրեն. նրանց ձիերին ջղակտոր արեց և նրանց կառքերն այրեց կրակով։
10. Այն ժամանակ Հեսուն ետ դարձավ, գրավեց Հասորը և նրա թագավորին սպանեց սրով, որովհետև Հասորն առաջ այս բոլոր թագավորությունների գլուխն էր։
11. Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին. ոչ մեկը ողջ չմնաց, և Հասորն այրեց կրակով։
12. Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։
13. Բայց իսրայելացիները հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեցին, այլ միայն Հասորը, որ Հեսուն այրեց։
14. Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։
15. Ինչպես Տերը պատվիրել էր իր ծառա Մովսեսին, այնպես Մովսեսը պատվիրեց Հեսուին, Հեսուն էլ այդպես արեց. ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
   
Հեսուի գրաված երկրները
   
16. Այսպես Հեսուն գրավեց այդ ամբողջ երկիրը, լեռնակողմը, ամբողջ հարավային կողմը, ամբողջ Գոսոմի երկիրը, հովիտն ու դաշտը, Իսրայելի լեռն ու նրա հովիտը,
17. Սեիր բարձրացող Քալակ լեռից մինչև Հերմոն լեռան տակ՝ Լիբանանի հովտում եղող Բաաղգադը։ Նա դրանց բոլոր թագավորներին բռնեց, հարվածեց նրանց և սպանեց։
18. Այս բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց։
19. Չկար մի քաղաք, որ Իսրայելի որդիների հետ հաշտություն կնքած լիներ, բացի Գաբավոնում բնակվող խևացիներից։ Նրանք բոլորն էլ գրավեցին պատերազմով,
20. որովհետև Տերն էր, որ կարծրացրեց նրանց սիրտը, որպեսզի պատերազմով դեմ դնեն Իսրայելին, ողորմություն չլինի նրանց համար, և նա կորստյան մատնի ու բնաջնջի նրանց, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
21. Այդ նույն ժամանակ Հեսուն գնաց և ենակիմներին բնաջնջեց լեռներից՝ Քեբրոնից, Դաբիրից, Անաբից, Հուդայի բոլոր լեռներից և Իսրայելի բոլոր լեռներից։ Հեսուն ոչնչացրեց նրանց իրենց քաղաքներով հանդերձ։
22. Իսրայելի որդիների երկրում ենակիմներ չմնացին, այլ մնացին միայն Գազայում, Գեթում և Ասեդոթում։
23. Այսպես Հեսուն գրավեց ամբողջ երկիրը, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Հեսուն որպես ժառանգություն այն տվեց Իսրայելին բաժիններով՝ ըստ նրանց ցեղերի։ Եվ երկիրը պատերազմից հանգստացավ։