Դեռ չգրավված երկրները
1. Հեսուն ծերացել էր և օրերն անցկացրել։ Եվ Տերը նրան ասաց. «Դու ծերացել և օրերդ անց ես կացրել, բայց շատ մեծ երկիր է մնացել ժառանգելու։
2. Մնացած երկիրն այս է. փղշտացիների բոլոր սահմանները և ամբողջ Գեսուրը.
3. Եգիպտոսի դիմացի Սիորից սկսած Ակկարոնի սահմանը հյուսիսում, որ քանանացիներինն է համարվում, փղշտացիների հինգ նախարարությունները, այսինքն՝ գազացիներինը, ազոտացիներինը, ասկաղոնացիներինը, գեթացիներինը և ակկարոնացիներինը, նաև ավացիների նախարարությունը։
4. Հարավային կողմից՝ քանանացիների ամբողջ երկիրը և սիդոնացիների Մեարան մինչև Ափեկ, մինչև ամորհացիների սահմանը,
5. գեբաղացիների երկիրը և ամբողջ արևելյան Լիբանանը՝ Հերմոն լեռան ստորոտի Բաաղգադից մինչև Եմաթի մուտքը։
6. Բոլոր լեռնաբնակներին՝ Լիբանանից մինչև Մասրեփոթ-Մայիմ, բոլոր սիդոնացիներին ես քշելու եմ Իսրայելի որդիների առջևից. միայն թե դու այս երկիրը բաժանի՛ր իսրայելացիներին որպես ժառանգություն, ինչպես որ պատվիրեցի քեզ։
Հորդանան գետի արևելյան կողմի երկրի բաժանումը
7. Հիմա այս երկիրն իբրև ժառանգություն բաժանի՛ր ինը ցեղերին և Մանասեի կես ցեղին».
8. Ռուբենի և Գադի ցեղերն արդեն Մանասեի ցեղի մյուս կեսի հետ ստացել են իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, ինչպես որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է նրանց.
9. Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորի մեջ գտնվող քաղաքը և Մեդաբայի ամբողջ դաշտը մինչև Դեբոն,
10. նաև Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը,
11. Գաղաադը, գեսուրացիների ու մաքաթացիների սահմանը, ամբողջ Հերմոն լեռը և ամբողջ Բասանը մինչև Սելքա,
12. Բասանում Օգի ամբողջ թագավորությունը, որը թագավորում էր Աստարովթում և Եդրայիում։ Սա էր մնացել հսկաների մնացորդներից, բայց Մովսեսը հարվածեց ու քշեց նրանց։
13. Բայց Իսրայելի որդիները չհալածեցին գեսուրացիներին ու մաքաթացիներին, և գեսուրացիներն ու մաքաթացիները բնակվում են Իսրայելում մինչև այսօր։
14. Միայն Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստծու զոհաբերություններն են նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր Մովսեսին։
Ռուբենին հատկացված երկիրը
15. Մովսեսը Ռուբենի որդիների ցեղին տվեց ըստ նրանց ազգատոհմերի։
16. Նրանց սահմանը եղավ Առնոնի ձորի եզերքին գտնվող Արոերից և ձորում գտնվող քաղաքը և Մեդաբայի մոտ եղած ամբողջ դաշտավայրը,
17. Եսեբոնն ու նրա բոլոր դաշտային քաղաքները, Դեբոնը, Բամոթ-Բահաղը և Բեթմեելմոնը,
18. Հասսան, Կադեմոթը, Մեփայաթը,
19. Կարիաթեմը, Սեբաման, Սարեթ-Սահառը հովտի լեռան վրա,
20. Բեթ-Փեգորը, Փասգա լեռան ստորոտը, Բեթեսիմոթը,
21. դաշտավայրի բոլոր քաղաքները և Եսեբոնում թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի ամբողջ թագավորությունը։ Մովսեսը հարվածեց սրան, ինչպես նաև Մադիամի իշխաններին՝ Եվիին, Րոկոմին, Սուրին, Ուրին և Ռոբին, որոնք Սեհոնի նախարարներն էին և բնակվում էին այդ երկրում։
22. Իսրայելի որդիների կողմից սպանվածների մեջ էր նաև Բեորի որդի Բաղաամ գուշակը, որին նրանք սրով սպանեցին։
23. Ռուբենի որդիների սահմանն էր Հորդանան գետը և Գեբուլը։ Այս է Ռուբենի որդիների ազգատոհմերի ժառանգությունը. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։
Գադին հատկացված երկիրը
24. Մովսեսը բաժին տվեց նաև Գադի ցեղին՝ ըստ իրենց ազգատոհմերի։
25. Նրանց սահմանը եղավ Հազերը, Գաղաադի բոլոր քաղաքները, Ամմոնի որդիների երկրի կեսը մինչև Արոեր, որը Ռաբբայի դիմացն է,
26. Եսեբոնից մինչև Ռամոթ-Մասփա ու Բոտանիմ, Մանայիմից մինչև Դաբիրի սահմանը,
27. նաև հովտում Բեթարամն ու Բեթնամրան, Սոկքովթն ու Սափոնը՝ Եսեբոնի Սեհոն թագավորի թագավորության մնացորդը. սահմանը Հորդանան գետն է մինչև Քեներեթի ծովեզերքը, Հորդանան գետի այն կողմը՝ դեպի արևելք։
28. Այս է Գադի որդիների ժառանգությունն ըստ իրենց ազգատոհմերի. այս քաղաքներն են և դրանց գյուղերը։
Մանասեի ցեղի արևելյան կեսին հատկացված երկիրը
29. Մովսեսը բաժին տվեց նաև Մանասեի կես ցեղին, որը Մանասեի կես ցեղի ժառանգությունը եղավ ըստ իրենց ազգատոհմերի։
30. Նրանց սահմանն այս եղավ. Մանայիմից՝ Բասանի Օգ թագավորի ամբողջ թագավորությունը՝ ամբողջ Բասանը, Բասանում գտնվող Հայիրի բոլոր գյուղաքաղաքները՝ վաթսուն քաղաք։
31. Գաղաադի կեսը և Աստարովթն ու Եդրային՝ Բասանում Օգի թագավորության քաղաքները, Մանասյան Մաքիրի որդիներինը եղան, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսինը՝ ըստ իրենց տոհմերի։
32. Սրանք են, որ Մովսեսը ժառանգություն տվեց Մովաբի դաշտերում՝ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք։
33. Բայց Մովսեսը Ղևիի ցեղին ժառանգություն չտվեց. Իսրայելի Տեր Աստվածն է նրանց ժառանգությունը, ինչպես որ ասել էր նրանց։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: