Եփրեմին և Մանասեի ցեղի արևմտյան կեսին հատկացված երկիրը
1. Հովսեփի որդիների վիճակն այսպես ելավ. Երիքովի դիմաց Հորդանան գետից, Երիքովի ջրի արևելյան կողմից դեպի անապատը, որը Երիքովից բարձրանում է դեպի լեռնակողմը՝ Բեթել,
2. Բեթելից դուրս է գալիս Լուզ, Արքիատարոթի սահմանից անցնում
3. և արևմտյան կողմից իջնում է Հեփալթիի սահմանը, մինչև վարի Բեթորոնի սահմանը, մինչև Գազեր և հասնում է ծովը։
4. Սա ժառանգություն ստացան Հովսեփի որդիները՝ Մանասեն ու Եփրեմը։
Եփրեմ
5. Ահա Եփրեմի որդիների սահմանն ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգության սահմանն էր արևելյան կողմից Ատարոթ-Ադարը մինչև վերի Բեթորոն։
6. Այս սահմանը հյուսիսային կողմից դուրս է գալիս դեպի Մաքմեթաթ ծովը և այս սահմանը արևելյան կողմից պտույտ է տալիս մինչև Թեանաթ-Սելով, արևելքից անցնում դեպի Հանովե,
7. Հանովեից իջնում Ատարոթ ու Նաարա և Երիքովին դիպչելով՝ դուրս է գալիս Հորդանան գետը։
8. Սահմանն արևմտյան կողմից գնում է դեպի Կանա հեղեղատը և հասնում ծովը։ Այս է Եփրեմի որդիների ցեղի ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
9. Նաև Եփրեմի որդիների համար առանձնացված քաղաքները Մանասեի որդիների ժառանգության մեջ են, բոլոր քաղաքներն իրենց գյուղերով։
10. Նրանք չհալածեցին Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները, մինչև այսօր Եփրեմի որդիների մեջ բնակվելով, դարձան հարկատու ծառաներ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: