Երկրի մնացած մասի բաժանումը
1․ Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում. այնտեղ կանգնեցրին ժողովի վրանը, և երկիրը նվաճվեց նրանց առաջ։
2․ Իսրայելի որդիների մեջ մնացել էր յոթ ցեղ, որոնք իրենց ժառանգությունը չէին ստացել։
3․ Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մինչև ե՞րբ եք թույլ լինելու և չեք գնալու, որ ժառանգեք այն երկիրը, որ ձեր հայրերի Տեր Աստվածը տվել է ձեզ։
4․ Ամեն ցեղից երեք մա՛րդ բերեք, և ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան շրջեն այդ երկրում, չափագրեն այն ըստ իրենց ժառանգության և վերադառնան ինձ մոտ։
5․ Այն թող բաժանեն յոթ մասի. Հուդան մնա իր սահմանում՝ հարավային կողմում, իսկ Հովսեփի տունը մնա իր սահմաններում՝ հյուսիսային կողմում։
6․ Դուք երկիրը չափագրե՛ք յոթ բաժիններով և բերե՛ք այստեղ՝ ինձ մոտ։ Ես ձեզ համար այստեղ վիճակ կգցեմ մեր Տեր Աստծու առաջ,
7․ որովհետև ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն. նրանց ժառանգությունը Տիրոջ համար արված քահանայությունն է։ Գադը, Ռուբենն ու Մանասեի կես ցեղը Հորդանան գետի այն կողմում՝ արևելքում, ստացան իրենց ժառանգությունը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվեց նրանց»։
8․ Եվ այդ մարդիկ վեր կացան գնացին։ Հեսուն այդ երկիրը չափագրելու գնացող մարդկանց հրամայեց՝ ասելով. «Գնացե՛ք, շրջե՛ք այդ երկրում, չափագրե՛ք այն և վերադարձե՛ք ինձ մոտ, որպեսզի այստեղ՝ Սելովում, Տիրոջ առաջ ձեզ համար վիճակ գցեմ»։
9․ Այն մարդիկ գնացին, շրջեցին այդ երկրում և այն յոթ բաժին անելով ըստ նրա քաղաքների՝ գրեցին մի գրքի մեջ և եկան Հեսուի մոտ՝ բանակատեղի, Սելով։
10․ Հեսուն Սելովում Տիրոջ առաջ նրանց համար վիճակ գցեց և այնտեղ երկիրը բաժանեց Իսրայելի որդիների միջև՝ ըստ իրենց բաժինների։
Բենիամինին հատկացված երկիրը
11․ Բենիամինի որդիների ցեղի վիճակն ընկավ ըստ իրենց տոհմերի։ Վիճակով նրանց բաժնի սահմանն ընկավ Հուդայի որդիների և Հովսեփի որդիների միջև։
12․ Նրանց սահմանը եղավ հյուսիսային կողմում՝ Հորդանան գետից, և այս սահմանը հյուսիսային կողմից բարձրանում է Երիքովի մոտ, ելնում դեպի լեռն արևմուտքում և վերջում հասնում Բեթավանի անապատը։
13․ Այնտեղից սահմանն անցնում է դեպի Լուզ՝ անցնելով Լուզի հարավային կողմը, այսինքն՝ Բեթելի մոտ. այս սահմանն իջնում է Ատարոթ-Ադար լեռան վրա, որը վարի Բեթորոնի հարավային կողմում է։
14․ Այս սահմանը ձգվում և արևմտյան կողմով պտույտ է տալիս դեպի հարավ այն սարից, որ հարավային կողմից Բեթորոնի դիմացն է, և վերջում հասնում է Կարիաթ-Բաաղ, որը Կարիաթարիմն է՝ Հուդայի որդիների քաղաքը։ Արևմտյան կողմն այս է։
15․ Սահմանի հարավային կողմը, Կարիաթարիմի ծայրից սկսելով, դուրս է գալիս դեպի արևմուտք և գնում դեպի Նափթովայի ջրի աղբյուրը։
16․ Այնուհետև սահմանն իջնում է Ռափայինների հովտի հյուսիսային կողմում գտնվող Ենոմի որդու ձորի դիմացի լեռան լանջը և Հեբուսի մոտից՝ դեպի հարավ, Ենոմի ձորով իջնում Ռոգելի աղբյուրը։
17․ Հյուսիսային կողմից գնում և դուրս է գալիս Ենսամյուս, ապա այնտեղից գնում է դեպի Գալիլոթ, որը գտնվում է Եդովմինի զառիվերի դիմաց, և իջնում մինչև Ռուբենի որդու՝ Բաանի վեմը
18․ և Արաբայի դիմացի կողմից անցնում է հյուսիս ու իջնում Արաբաթ։
19․ Ապա սահմանն անցնում է Բեթագղայի մոտով դեպի հյուսիս և վերջում այս սահմանը հասնում է Աղի ծովի հյուսիսային ծոցը՝ Հորդանան գետի հարավային ծայրում։ Այս է հարավային սահմանը։
20․ Իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանան գետն է։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն իր շուրջանակի սահմաններով՝ ըստ նրանց տոհմերի։
21․ Բենիամինի որդիների ցեղի քաղաքներն ըստ իրենց տոհմերի սրանք են՝ Երիքով, Բեթագղա, Եմեկկասիս,
22․ Բեթարաբա, Սեմարիմ, Բեթել,
23․ Ավիմ, Փարա, Եփրա,
24․ Քեփարամոննա, Հոփնի և Գաբա. տասներկու քաղաք և դրանց գյուղերը։
25․ Գաբավոն, Ռամա, Բերոթ,
26․ Մասփա, Կեփիրա,
27․ Մոսա, Ռեկեմ, Հերփայել, Թարաղա,
28․ Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: