Գիրք` 6. Հեսու

Գլուխ 2

Հեսուն լրտեսներ է ուղարկում Երիքով
   
1. Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։
2. Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։
3. Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։
4. Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։
5. Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։
6. Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։
7. Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։
8. Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ,
9. և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել.
10. որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։
11. Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։
12. Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք,
13. որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։
14. Այդ մարդիկ նրան ասացին. «Եթե մեր այս բանը չհայտնեք, այն ժամանակ թող մեր անձերը մեռնեն ձեր փոխարեն, և երբ այս երկիրը Տերը մեզ տա, ողորմություն և հավատարմություն կցուցաբերենք քեզ»։
15. Եվ մի պարանով ցած իջեցրեց նրանց պատուհանից, որովհետև նրա տունը բերդի պարսպի վրա էր, և ինքն էլ բնակվում էր պարսպի վրա։
16. Եվ նրանց ասաց. «Գնացե՛ք լեռը, միգուցե հալածողները հանդիպեն ձեզ. այնտեղ երեք օր թաքնվա՛ծ մնացեք, մինչև որ ձեզ հալածողները ետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։
17. Այդ մարդիկ նրան ասացին. «Մենք անպարտ կլինենք քո այդ երդումից, որ անել տվեցիր մեզ։
18. Երբ մենք մտնենք այս երկիրը, դու կարմիր թելից այս պարանը կկապես այն պատուհանից, որտեղից իջեցրիր մեզ, և քո հորը, մորը, եղբայրներին ու քո հոր ամբողջ ընտանիքը կհավաքես քեզ մոտ՝ այս տանը։
19. Ով որ դուրս գա քո տան դռնից, նրա արյունն իր գլխին, մենք անպարտ կլինենք։ Բայց քեզ հետ այս տանը գտնվող բոլորի արյունը մեր գլխին, եթե մեկի ձեռքը դիպչի նրանց։
20. Իսկ եթե մեր այս բանը հայտնես, այն ժամանակ մենք անպարտ կլինենք քո այն երդումից, որ անել տվեցիր մեզ»։
21. Եվ կինն ասաց. «Ձեր ասածի պես թող լինի»։ Ապա թույլ տվեց նրանց, ու նրանք գնացին, իսկ այդ կարմիր պարանը կապեց պատուհանին։
22. Նրանք գնացին և եկան լեռնակողմն ու այնտեղ նստեցին երեք օր, մինչև որ հալածողները ետ դարձան։ Հալածողները նրանց փնտրեցին ճանապարհի բոլոր կողմերում, բայց չգտան։
23. Այն ժամանակ այդ երկու մարդիկ ետ դարձան, իջան սարից և անցնելով Հորդանան գետը՝ գնացին Նավեի որդի Հեսուի մոտ և պատմեցին նրան այն բոլոր բաները, որ պատահել էին իրենց։
24. Եվ Հեսուին ասացին. «Իրոք, Տերն այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները վախենում են մեզնից»։