Գիրք` 6. Հեսու

Գլուխ 3

Իսրայելացիներն անցնում են Հորդանան գետը
   
1. Վաղ առավոտյան Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից ու եկան մինչև Հորդանան գետը և գետն անցնելուց առաջ իջևանեցին այնտեղ։
2. Երեք օր հետո առաջնորդներն անցան բանակատեղիի միջով
3. և պատվիրեցին ժողովրդին՝ ասելով. «Երբ տեսնեք ձեր Տեր Աստծու ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս, դո՛ւք էլ վեր կացեք ձեր տեղերից և գնացե՛ք դրա ետևից։
4. Բայց ձեր և դրա միջև երկու հազար կանգունի չափ հեռավորություն թող լինի. չմոտենաք դրան, որպեսզի գիտենաք ձեր գնալու ճանապարհը, որովհետև նախապես այդ ճանապարհով չեք անցել»։
5. Եվ Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբե՛ք ձեր անձերը, որովհետև վաղը Տերը հրաշքներ է գործելու ձեր մեջ»։
6. Ապա Հեսուն ասաց քահանաներին. «Վերցրե՛ք ուխտի տապանակը և անցե՛ք ժողովրդի առաջ»։ Նրանք վերցրին ուխտի տապանակը և գնացին ժողովրդի առջևից։
7. Տերն ասաց Հեսուին. «Այսօր կսկսեմ քեզ բարձրացնել բոլոր իսրայելացիների աչքին, որպեսզի իմանան, թե ինչպես որ Մովսեսի հետ էի, այնպես էլ քեզ հետ կլինեմ։
8. Հիմա դու ուխտի տապանակը վերցնող քահանաներին պատվիրի՛ր և ասա՛. “Երբ հասնեք Հորդանանի ջրերի եզերքը, կա՛նգ առեք Հորդանանի մեջ”»։
9. Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք ձեր Տեր Աստծու խոսքերը»։
10. Հեսուն ասաց. «Դրանով կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է, և որ նա ձեր առջևից հալածելով հալածելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին։
11. Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։
12. Հիմա դուք Իսրայելի ցեղերից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մի մարդ,
13. և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։
14. Երբ ժողովուրդը Հորդանան գետն անցնելու համար դուրս ելավ իր վրաններից, ուխտի տապանակը վերցնող քահանաները ժողովրդի առջևում էին։
15. Եվ հենց որ տապանակը վերցնողները հասան մինչև Հորդանան, և տապանակը կրող քահանաների ոտքերը խրվեցին գետի եզերքի ջրի մեջ (որովհետև հնձի ամբողջ ժամանակ Հորդանանը դուրս է գալիս իր ափերից),
16. այն ժամանակ վերևից իջնող ջրերը կանգնեցին և քարակույտի նման բարձրացան Սարթանի մոտ գտնվող Ադամ քաղաքից շատ հեռու, իսկ դեպի դաշտի ծովը, այսինքն՝ Աղի ծովն իջնող ջրերն ամբողջովին կտրվեցին, և ժողովուրդն անցավ Երիքովի դիմաց։
17. Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները հաստատ կանգնեցին Հորդանան գետի մեջտեղը՝ ցամաքի վրա, և բոլոր իսրայելացիներն անցան ցամաքով, մինչև որ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը։