Հիշատակության տասներկու քարերը
1. Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց.
2. «Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ,
3. և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։
4. Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։
5. Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին,
6. որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”,
7. նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։
8. Եվ Իսրայելի որդիներն արեցին այնպես, ինչպես Հեսուն պատվիրել էր. նրանք տասներկու քար վերցրին Հորդանան գետի միջից Իսրայելի որդիների ցեղերի թվի համեմատ, ինչպես որ Տերն ասել էր Հեսուին, դրանք իրենց հետ տարան իջևանատեղի և դրեցին այնտեղ։
9. Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել ուխտի տապանակը վերցնող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։
10. Տապանակը վերցնող քահանաները կանգնեցին Հորդանան գետի մեջտեղում, մինչև որ ավարտեց այն բոլոր խոսքերը, որ Տերը Հեսուին պատվիրել էր ասելու ժողովրդին, ինչպես Մովսեսն այդ ամենը պատվիրել էր Հեսուին։ Եվ ժողովուրդը շտապելով անցավ գետը։
11. Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց անցնելը, այն ժամանակ Տիրոջ տապանակը և քահանաներն անցան ժողովրդի առաջ։
12. Ռուբենի որդիները, Գադի որդիները և Մանասեի կես ցեղը սպառազինված անցան Իսրայելի որդիների առաջ, ինչպես նրանց ասել էր Մովսեսը։
13. Քառասուն հազարի չափ զինյալ մարդ Տիրոջ առաջն անցավ՝ պատերազմելու Երիքովի դաշտում։
14. Նույն օրը Տերը բարձրացրեց Հեսուին Իսրայելի աչքին. նրանից վախենում էին, ինչպես որ վախեցել էին Մովսեսից նրա կյանքի բոլոր օրերին։
15. Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.
16. «Պատվիրի՛ր վկայության տապանակը վերցնող քահանաներին, որ դուրս գան Հորդանան գետից»։
17. Եվ Հեսուն հրամայեց քահանաներին ու ասաց. «Դո՛ւրս եկեք Հորդանան գետից»։
18. Երբ Տիրոջ ուխտի տապանակը վերցնող քահանաները դուրս եկան Հորդանան գետի միջից, և նրանց ոտքերի թաթերը կոխեցին ցամաքի վրա, Հորդանանի ջրերը ետ դարձան իրենց տեղը և առաջվա պես նրա բոլոր ափերի վրա գնացին։
19. Առաջին ամսի տասներորդ օրը ժողովուրդը դուրս եկավ Հորդանան գետից և բանակատեղի դրեց Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։
20. Այն տասներկու քարերը, որ վերցրել էին Հորդանան գետից, Հեսուն կանգնեցրեց Գաղգաղայում
21. և ասաց Իսրայելի որդիներին. «Երբ վաղը ձեր որդիները հարցնեն իրենց հայրերին ու ասեն՝
22. “Այս ի՞նչ քարեր են”, դուք ձեր որդիներին կիմացնեք՝ ասելով. “Իսրայելը ցամաքով անցավ այս Հորդանան գետով”,
23. որովհետև ձեր Տեր Աստվածը Հորդանան գետի ջրերը ցամաքեցրեց ձեր առջև, մինչև որ դուք անցաք, ինչպես որ ձեր Տեր Աստվածն արեց նաև Կարմիր ծովում, որը ցամաքեցրեց մեր առջև, մինչև որ մենք անցանք, 24որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան, որ Տիրոջ ձեռքը զորավոր է, և դուք միշտ վախենաք ձեր Տեր Աստծուց»։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: