Աքարի մեղքը
1. Բայց Իսրայելի որդիները հանցանք գործեցին նզովքի պատճառով, որովհետև Հուդայի ցեղից Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը առավ նզովված բաներից. և Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի որդիների վրա։
2, Հեսուն Երիքովից մարդիկ ուղարկեց Գայի, որը մոտ է Բեթավանին, Բեթելի արևելյան կողմում, և ասաց նրանց. «Բարձրացե՛ք և հետախուզե՛ք այդ երկիրը»։ Այդ մարդիկ բարձրացան և հետախուզեցին Գայիին,
3. վերադարձան Հեսուի մոտ և ասացին նրան. «Ամբողջ ժողովուրդը թող չբարձրանա, միայն երկու կամ երեք հազարի չափ մարդիկ բարձրանան և հարվածեն Գային. ամբողջ ժողովրդին մի՛ հոգնեցրու այնտեղ տանելով, որովհետև նրանք քիչ են»։
4. Եվ ժողովրդից մոտ երեք հազար մարդ բարձրացավ այնտեղ, բայց փախան Գայիի մարդկանց առջևից։
5. Գայիի մարդիկ նրանցից մոտ երեսունվեց մարդու կոտորեցին և նրանց հալածեցին դարպասի առջևից մինչև Սեբարիմ ու զառիվայրի վրա զարկեցին նրանց։ Ժողովրդի սիրտը հալվեց ու ջուր դարձավ։
6. Հեսուն տապանակի առաջ պատռեց իր հագուստները, երեսնիվայր գետին ընկավ ու մնաց մինչև երեկո, ինքը և Իսրայելի ծերերը. և հող ցանեցին իրենց գլխի վրա։
7. Հեսուն ասաց. «Օ՜, Տե՛ր Տեր, ինչո՞ւ այս ժողովրդին անցկացրիր Հորդանանի այս կողմը, որ մեզ մատնես ամորհացիների ձեռքը և կործանես մեզ։ Երանի թե Հորդանանի այն կողմում մնայինք ու գոհ լինեինք։
8. Աղաչում եմ, Տե՛ր, ի՞նչ ասեմ ես, երբ Իսրայելն իր թշնամիների առաջ իր թիկունքն է դարձրել։
9. Որովհետև քանանացիներն ու երկրի բոլոր բնակիչները, այդ լսելով, կպաշարեն մեզ և մեր անունը ամբողջովին կջնջեն երկրի երեսից։ Այն ժամանակ ի՞նչ պիտի անես քո մեծ անվան համար»։
10. Եվ Տերը Հեսուին ասաց. «Վե՛ր կաց, ինչո՞ւ ես այդպես ընկել երեսիդ վրա։
11. Իսրայելը մեղք գործեց. նրանք դրժեցին իմ ուխտը, որ ես պատվիրեցի նրանց։ Նրանք վերցրել են նզովվածից, գողացել են, սուտ խոսել ու նաև դրել են իրենց կարասիների մեջ։
12. Ուստի Իսրայելի որդիները չեն կարող կանգնել իրենց թշնամիների առաջ. նրանք թիկունք կդարձնեն իրենց թշնամիների առաջ, որովհետև նզովք են դարձել. այլևս ձեր մեջ չեմ լինի, եթե դուք նզովվածը ձեր միջից չվերացնեք։
13. Վե՛ր կաց, սրբագործի՛ր ժողովրդին և ասա՛. “Սրբագործվե՛ք վաղվա համար, որովհետև Իսրայելի Տեր Աստվածն այսպես է ասում. "Ո՛վ Իսրայել, ձեր մեջ նզովք կա. դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջ, մինչև որ նզովքը չվերացնեք ձեր միջից"։
14. Առավոտյան մոտեցե՛ք ձեր ցեղերով, և ո՛ր ցեղին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր ազգատոհմերով, և ո՛ր ազգատոհմին որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տներով, և ո՛ր տունը որ Տերը ցույց տա, նա մոտենա իր տղամարդկանցով։
15. Ով որ նզովվածով բռնվի, նա կրակով պիտի այրվի, ինքը և իր ամբողջ ունեցածը, որովհետև նա դրժել է Տիրոջ ուխտը և անզգամություն է գործել Իսրայելի մեջ”»։
16. Եվ Հեսուն վաղ առավոտյան վեր կացավ, Իսրայելին մոտեցրեց իր ցեղերով, և Հուդայի ցեղը ցույց տրվեց։
17. Նա մոտեցրեց Հուդայի ազգատոհմերը, և ցույց տրվեց Զարայի ազգատոհմը։ Մոտեցրեց Զարայի տոհմն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զաբդին։
18. Մոտեցրեց նրա տունն իր տղամարդկանցով, և ցույց տրվեց Զարայի որդի Զաբդիի որդի Քարմիի որդի Աքարը՝ Հուդայի ցեղից։
19. Հեսուն Աքարին ասաց. «Որդյա՛կ իմ, հիմա փա՛ռք տուր Իսրայելի Տեր Աստծուն, խոստովանի՛ր նրան և հայտնի՛ր ինձ քո արածը, մի՛ ծածկիր ինձանից»։
20. Աքարը պատասխանեց Հեսուին՝ ասելով. «Հիրավի, ես մեղք գործեցի Իսրայելի Տեր Աստծու դեմ և այս բաներն արեցի.
21. ավարի մեջ տեսա Սենեարի մի գեղեցիկ վերարկու, երկու հարյուր սիկղ արծաթ և հիսուն սիկղ ծանրությամբ մի ձուլակտոր ոսկի. ցանկանալով՝ վերցրի դրանք. և ահա դրանք թաքցված են հողի տակ իմ վրանում, իսկ արծաթը դրա տակ է»։
22. Հեսուն պատգամաբերներ ուղարկեց, որոնք վազեցին դեպի վրանը, և ահա այդ ամենը պահված էր վրանի մեջ, իսկ արծաթը դրա տակ էր։
23. Նրանք հանեցին դրանք վրանի միջից, բերեցին Հեսուի և Իսրայելի բոլոր որդիների մոտ և դրեցին Տիրոջ առաջ։
24. Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերցրին Զարայի որդի Աքարին, այդ արծաթը, վերարկուն, ձուլակտոր ոսկին, Աքարի որդիներին, դուստրերին, նրա արջառները, էշերը, ոչխարները, վրանը և այն ամենը, ինչ նա ուներ, և դրանք դուրս հանեցին Աքորի ձորը։
25. Հեսուն ասաց. «Ինչո՞ւ դու մեզ փորձանքի մեջ գցեցիր. Տերն այսօր փորձանքի մեջ կգցի քեզ»։ Եվ բոլոր իսրայելացիները քարկոծեցին նրան. քարկոծելուց հետո ամբողջը կրակով այրեցին։
26. Եվ նրա վրա մի մեծ քարակույտ դիզեցին, որ կա մինչև այսօր։ Տերը դադարեց իր սաստիկ բարկությունից։ Այդ պատճառով այն տեղի անունը Աքորի ձոր կոչվեց մինչև այսօր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: