Քետացիները խաբում են Հեսուին
1. Հորդանանի այս կողմի բոլոր թագավորները, որոնք ապրում էին լեռան վրա, դաշտում և մեծ ծովի ամբողջ եզերքին մինչև Լիբանանի դիմաց, այսինքն՝ քետացիները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիներն ու հեբուսացիները, երբ լսեցին այս,
2. միասին հավաքվեցին, որ պատերազմեն Հեսուի և իսրայելացիների դեմ։
3. Բայց երբ Գաբավոնի բնակիչները լսեցին, ինչ որ Հեսուն արել էր Երիքովին և Գայիին,
4. իրենք էլ խորամանկություն արեցին և գնացին պաշարներ պատրաստեցին. իրենց էշերի վրա դրեցին հնացած քուրձեր, գինու հին, պատառոտած և կարկատած տիկեր,
5. իրենց ոտքերին հնացած ու կարկատած տրեխներ և իրենց վրա հին շորեր գցեցին։ Նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։
6. Նրանք գնացին Հեսուի մոտ՝ Գաղգաղայում գտնվող բանակատեղին, և նրան ու Իսրայելի մարդկանց ասացին. «Մենք հեռու երկրից ենք գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք»։
7. Այն ժամանակ Իսրայելի մարդիկ ասացին այդ խևացիներին. «Գուցե դուք մեր մեջ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։
8. Բայց նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք գալիս»։
9. Նրանք պատասխանեցին նրան. «Քո ծառաները, շատ հեռու երկրից ենք գալիս քո Տեր Աստծու անվան համար, որովհետև մենք լսեցինք նրա համբավը և այն ամենը, ինչ նա արել է Եգիպտոսում,
10. ու նաև այն ամենը, ինչ նա արեց Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհոն թագավորին և Աստարովթում գտնվող Բասանի Օգ թագավորին։
11. Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե՝ “Ձեզ հետ ճանապարհի համար պաշա՛ր առեք, գնացե՛ք նրանց դիմավորելու և ասացե՛ք նրանց. "Մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք"”։
12. Այն օրը, երբ մենք պաշար վեցրինք մեր տներից և դուրս եկանք ձեզ մոտ գալու համար, մեր այս հացերը տաք էին, իսկ հիմա ահա չորացած և բորբոսնած են։
13. Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։
14. Իսրայելի մարդիկ վերցրին նրանց պաշարից, բայց Տիրոջը չհարցրին։
15. Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտ արեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ այդ մասին երդվեցին նրանց։
16. Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք իրենց հարևաններն են և իրենց մոտ են բնակվում։
17. Իսրայելի որդիները մեկնեցին և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրան, Բերոթը և Կարիաթարիմը։
18. Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։
19. Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին. «Մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք և հիմա չենք կարող դիպչել նրանց։
20. Ահա թե ինչ կանենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց»։
21. Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։
22. Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։
23. Հիմա դուք անիծված եք, և ձեզանից փայտահատ ու ջրկիր ծառա թող չպակասի իմ Աստծու տան համար»։
24. Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։
25. Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։
26. Եվ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես. նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց։
27. Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: