Պատասխանատվություն հավատացյալների հանդեպ
1. Ծեր մարդուն խիստ մի՛ հանդիմանիր, այլ հորդորի՛ր ինչպես հոր, երիտասարդներին՝ ինչպես եղբայրների,
2. պառավներին՝ ինչպես մայրերի, դեռատի կանանց՝ ինչպես քույրերի, ամենայն անարատությամբ։
3. Պատվի՛ր այն այրիներին, որոնք իսկապես այրի են։
4. Իսկ եթե մի այրի զավակներ ու թոռներ ունի, նախ թող սովորեն իրենց ընտանիքում բարեպաշտ լինել ու իրենց ծնողներին փոխհատուցում տալ, որովհետև դա է բարին և Աստծու առաջ ընդունելի է։
5. Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, նա հույսն Աստծու վրա է դնում և գիշեր-ցերեկ հարատևում աղոթքի ու խնդրանքի մեջ։
6. Բայց հաճոյասեր այրին ողջ լինելով մեռած է։
7. Այս բաները պատվիրի՛ր, որ անարատ լինեն։
8. Սակայն եթե մեկը յուրայիններին ու մանավանդ ընտանիքին հոգ չի տանում, նա հավատն ուրացած է և անհավատից էլ վատ է։
9. Թող այրի համարվի նա, ով վաթսուն տարեկանից պակաս չէ և մեկ ամուսնու կին է եղել,
10. բարի գործերով է վկայվել, երեխաներ է մեծացրել, հյուրեր ընդունել, սրբերի ոտքերը լվացել, նեղության մեջ գտնվողներին ձեռք մեկնել, ամեն բարի գործերի հետևել։
11. Բայց դեռատի այրիներից հեռո՛ւ մնա, քանի որ երբ նրանց ցանկությունները Քրիստոսի դեմ են դառնում, կամենում են ամուսնանալ
12. և դատաստան են ընդունում, որովհետև դրժել են իրենց առաջին խոստումը։
13. Միաժամանակ էլ ծուլության են վարժվում՝ տնետուն շրջելով, և ոչ միայն ծույլ, այլև շատախոս ու հետաքրքրասեր են լինում, խոսում են այն, ինչ որ պետք չէ։
14. Կամենում եմ, որ դեռատի այրիներն ամուսնանան, զավակներ ծնեն, տանտիրուհի լինեն և հակառակորդին հայհոյելու առիթ չտան,
15. քանի որ ոմանք արդեն խոտորվել են՝ սատանային հետևելով։
16. Եթե մի հավատացյալ այրիներ ունի, թող հոգ տանի նրանց և եկեղեցուն չծանրաբեռնի, որպեսզի իսկական այրիներին հոգ տանի։
Երեցների մասին
17. Այն երեցները, որոնք լավ վերակացու են, թող կրկնակի պատվի արժանանան, մանավանդ նրանք, ովքեր տքնում են քարոզով ու վարդապետությամբ։
18. Որովհետև Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» (Բ Օր. 25.4) և «Մշակն արժանի է իր վարձին» (Մտթ. 10.10, Ղուկ. 10.7)։
19. Երեցի դեմ ամբաստանություն մի՛ ընդունիր, եթե երկու կամ երեք վկաներով չէ։
20. Իսկ մեղանչածներին բոլորի առաջ հանդիմանի՛ր, որպեսզի ուրիշներն էլ վախենան։
21. Պարտավորեցնում եմ քեզ Աստծու, Հիսուս Քրիստոսի և ընտրյալ հրեշտակների առաջ, որ այս բաները պահես առանց կանխակալ կարծիքի՝ աչառությամբ ոչինչ չանելով։
22. Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնել և ուրիշների մեղքերին մասնակից մի՛ եղիր. ինքդ քեզ անարա՛տ պահիր։
23. Այսուհետև միայն ջո՛ւր մի խմիր, այլ մի քիչ գինի՛ գործածիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալուդ պատճառով։
24. Կան մարդիկ, որոնց մեղքերը հայտնի են դատաստանից առաջ, իսկ ոմանց մեղքերն էլ հետո են ի հայտ գալիս։
25. Այդպես էլ բարի գործերն են հայտնի դառնում, իսկ մյուսները, որ հայտնի չեն, ծածուկ մնալ չեն կարող։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: