Գիրք` 31. Եսայի

Գլուխ 31

Աստված պաշտպանելու է Երուսաղեմը
   
1․ Վա՜յ նրանց, որոնք օգնության համար իջնում են Եգիպտոս, ապավինում են ձիերի, վստահում են մարտակառքերի, որովհետև շատ են, և ձիավորների, որովհետև խիստ զորավոր են։ Սակայն չեն նայում Իսրայելի Սրբին և չեն փնտրում Տիրոջը։
2․ Նա էլ, սակայն, իմաստուն է, չարիք է բերում և իր խոսքերը հետ չի վերցնում. նա չարերի տան դեմ կկանգնի և անօրենություն գործողներին օգնողների դեմ։
3․ Եգիպտացիները մարդ են և ոչ թե Աստված, նրանց ձիերը մարմին են և ոչ թե հոգի։ Բայց երբ Տերը երկարի իր ձեռքը, և՛ օգնողը կսայթաքի, և՛ օգնություն ստացողը վայր կընկնի, և բոլորը միասին կոչնչանան.
4․ քանզի Տերն այսպես ասաց ինձ. «Ինչպես որ առյուծը կամ կորյունը մռնչում է իր որսի համար, ու նրա դեմ հովիվների բազմություն է կանչվում, և նա չի ահաբեկվում նրանց աղաղակից ու չի խռովվում նրանց աղմուկից, այնպես էլ իջնելու է Զորությունների Տերը՝ պատերազմելու Սիոն լեռան և նրա բլրի համար»։
5․ Թրթռացող թռչնիկների պես Զորությունների Տերը պաշտպանելու է Երուսաղեմը, պաշտպանելու է և փրկելու է, խնայելու է և ազատելու է նրան։
6․ Իսրայելի՛ որդիներ, դարձե՛ք դեպի նա, ում դեմ խորապես ապստամբեցիք,
7․ որովհետև այդ օրն ամեն մարդ պիտի մերժի իր արծաթե կուռքերին, իր ոսկե կուռքերին, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար որպես մեղք։
8․ Եվ Ասորեստանն ընկնելու է սրով, բայց ո՛չ մարդու. մի սուր, որ մարդկային չէ, ուտելու է նրան։ Նա փախչելու է սրի առաջից, և նրա երիտասարդները բռնադատված աշխատողներ են լինելու։
9․ «Նրա վեմը կանհետանա սարսափից, և նրա իշխանավորները կզարհուրեն դրոշակից»,- ասում է Տերը, որի կրակը Սիոնում է, և որի հնոցը՝ Երուսաղեմում։